HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՊՆ-ն ներկայացրել է 6 ամիս ժամկետով կանանց կամավոր զինծառայություն անցնելու նախագիծը

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել կամավոր հիմունքներով իգական սեռի ներկայացուցիչների ժամկետային զինծառայություն անցնելուն վերաբերող նախագծերի փաթեթը, որը կարգավորելու է զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

Ըստ ներկայացված նախագծի՝ կանանց կամավոր ժամկետային զինծառայությունը լինելու է 6 ամիս։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիները (18-27 տարեկան) պետք է այդ տարվա մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնեն իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար:

Համապատասխան տարվա մարտի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո դիմում ներկայացվելու դեպքում իգական սեռի քաղաքացիները ներգրավում են դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին հաջորդող հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին:

Կամավոր հիմունքներով ժամկետային զինծառայություն անցնելու ցանկություն հայտնած կանայք պարտադիր ուղարկվելու են ուսումնական զորամասեր` ռազմահաշվառական մասնագիտություն ստանալու համար, կամ իրենց դիմումի համաձայն՝ կարող են մասնակցել սպայական կամ սերժանտական դասընթացների:

Ի տարբերություն տղամարդկանց, կանանց դեպքում ծառայության վայրերի ընտրությունը չի լինելու վիճակահանությամբ։ Ծառայության ժամկետը լրանալուց հետո իգական սեռի քաղաքացիների համար կհաշվարկվի պատվովճար, որի չափը կսահմանի ՀՀ կառավարությունը։

Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Լուսանկարը՝ արխվային / © ՊՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter