
Փաշինյանը պարզաբանում է, թե ինչու ԵՄ դիտորդները եկան Հայաստան, իսկ ՀԱՊԿ-ինը՝ ոչ
Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պարզաբանում խնդրեց Եվրամիության քաղաքական դիտորդական խմբի և ՀԱՊԿ-ի առաքելության վերաբերյալ:
Ըստ պատգամավորի՝ հունվարի 23-ին Եվրոպական միությունը որոշեց Հայաստան ուղարկել քաղաքացիական դիտորդական առաքելություն: Մամուլում որոշ դեպքերում շահարկվել է, որ Հայաստանն ընդունել է ԵՄ առաքելությունը, իսկ ՀԱՊԿ-ինը՝ ոչ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թեմայի վերաբերյալ թյուրըմբռնում կա, այդ թվում՝ փորձագետների շրջանում: Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ի պարագայում հստակ խնդիր է ձևակերպվել:
Վարչապետի խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ունի շատ մանրամասն նկարագրած փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգ, որն ընդունվել է 2010թ․-ին, որտեղ գրված են հստակ գործողություններ: Բայց, միևնույն ժամանակ, կա հստակ ըմբռնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու վերաբերյալ:
«Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում: Այսինքն՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է Հայաստանի Հանրապետությունը: Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Մյուս կողմից, ըստ վարչապետի, Եվրոպական Միության քաղաքական առաքելությունը հնարավոր է դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ հստակ գծագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը: Հետևաբար, նրանք գալիս են այդ տարածքը «մոնիտորինգ անելու»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀԱՊԿ-ի համար պարզ չէ, թե իրենք ինչ են դիտելու: Հարցն առաջացել է այն իրավիճակից, երբ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքները:
«Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, Հանրապետության տարածքը, ո՞նց է դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է Հայաստանի Հանրապետության տարածքը, թե՞ օկուպացված չէ»,-հավելեց վարչապետը:
Մեկնաբանել