HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

70 անձ փոխհատուցում կստանա 44-օրյա պատերազմի ժամանակ ոչնչացված կամ վնասված մեքենաների համար

Պաշտպանության նախարարությունը մտադիր է փոխհատուցում տրամադրել 70 ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնց պատկանող տրանսպորտային միջոցները ոչնչացվել կամ վնասվել են 2020թ․ արցախյան պատերազմի ժամանակ։ Կառավարության այս որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվել են տրանսպորտային միջոցներ, որոնց ռազմական գործողությունների ժամանակ վնաս է հասցվել։ Վարչապետի 2021թ․ նոյեմբերի 9-ի որոշմամբ՝ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, և ֆիզիկական ու իրավաբանական անձանցից ստացված դիմումների քննարկման և «Ակսոն» ապրանքահումքային բորսա ՍՊԸ-ի գնահատման արդյունքներով՝ դրական եզրակացություն է կայացվել 70 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ ընդհանուր 185 միլիոն 967 հազար դրամի չափով։

Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, նշված 70 տրանսպորտային միջոցներից 25-ն ընդհանրապես ոչնչացված են և առկա չեն, իսկ 45-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան։

Վերը նշված գումարը Պաշտպանության նախարարությանը կհատկացվի ՀՀ կառավարության 2023 թվականի պահուստային ֆոնդից: 

Հավելենք, որ այս որոշման նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter