HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորվեգիայից Հայաստան՝ 75 օրում․ հեծանվորդ զույգի ճամփորդությունը

75 օր հեծանիվով ճամփորդելուց հետո նորվեգացիներ 64-ամյա Լայֆն ու 51-ամյա Հայիդին Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տանն են։ Զույգը ճամփորդությունը սկսել է 2022 թ․-ի սեպտեմբերի 1-ին Նորվեգիայի հյուսիսում գտնվող Համերֆեսթ քաղաքից և Հայաստան է հասել նոյեմբերի 14-ին։

Լայֆն ու Հայիդին Սկանդինավիայից այստեղ հասնելու համար 12 երկրի սահման են հատել, երթուղին անձամբ են մշակել՝ հաշվի առնելով տեղանքը, ճանապարհների մատչելիությունն ու անվտանգությունը։

«Ես էլ չէի պատկերացնում, որ այս ճանապարհորդությունն այսքան երկար կարող է տևել, ինձ թվում էր՝ կհասնեինք Թուրքիա, կթեքվեինք աջ ու արդեն Հայաստանում կլինեինք, այնինչ Թուրքիայից Հայաստան դեռ կես ճանապարհ էլ ունեինք»,-պատմում է Լայֆը։

Լայֆ Կագգեն (Leif Kagge) թոշակառու է, աշխատել է Աֆրիկայից, Աֆղանստանից և այլ երկրներից Նորվեգիա տեղափոխված փախստականների հետ։ Այս ճամփորդության մասին նա երկար է մտածել, իսկ Հայաստանը պատահական չի ընտրել։

«Հայաստան գալու իմ ամենամեծ մոտիվացիան եղել է Ֆրիտյոֆ Նանսենը։ Երկար ժամանակ ուսումնասիրել եմ Նանսենի գործունեությունը, նա մեծ մարդասեր էր, շատ երկրներում է աշխատել ու օգնել մարդկանց, այդ թվում՝ հայերին Եղեռնի ժամանակ։ Պարզեցի, որ Հայաստանում Նանսենի թանգարան կա, դա ես չգիտեի, ինչպես երևի ցանկացած այլ նորվեգացի, այդ պահից սկսած՝ իմ երազանքն այստեղ գալն էր»,- պատմում է հեծանվորդը։

Լայֆն ասում է, որ երբ Նորվեգիայում ընդունվել է Նանսենի ակադեմիա, պատմել է, որ նպատակ ունի հեծանիվով ակադեմիայից Նանսենի թանգարան ճամփորդություն կազմակերպել։ Ակադեմիան ավարտելուց հետո ամռանը պատրաստվել են, իսկ սեպտեմբերի 1-ին ճանապարհ ընկել դեպի Հայաստան։

«Ամենալավ զգացողությունն այն է, երբ տանդ դիմացից նստում ես հեծանիվդ ու մի քանի ժամ, օր կամ ամիս հետո հասնում ես նշանակետիդ»,-ասում է Հայիդի Կվամենը (Heidi Kvammen)։

Հայիդին ուսուցչուհի է, դասավանդում է նորվեգերեն և նորվեգական գրականություն, ամեն օր դպրոց հեծանիվով է գնում։ Այս ճամփորդության համար նա աշխատանքից մեկ տարով արձակուրդ է վերցրել։ 

«Միասին ես ու Լայֆը հեծանիվով շատ տեղեր ենք գնացել՝ Իտալիա, Շվեդիա, Դանիա, իսկ Լայֆը՝ նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկա, եվրոպական բազմաթիվ այլ երկրներ»,-պատմում է Հայիդին։

Ճանապարհորդության ընթացքում ի սկզբանե նախատեսված է եղել գիշերել վրանում, հետո մի անգամ, երբ գիշերվա կեսին վայրի կենդանիների բարձր ձայներից արթնացել են, որոշել են, որ պետք է հյուրատներում գիշերեն։

«Կարծեմ Լեհաստանում էինք, սարսափելի ձայներից արթնացանք, տպավորություն էր, թե մեր վրանի կողքին 20 արջ է մռնչում, հետո իմացանք, որ վարազներ էին, հաջորդ գիշեր դրանցից մեկը ժանիքով մեր վրանն էր ճանկռում։ Դա մեր վերջին վրանային գիշերն էր, դրանից հետո հյուրանոցներում կամ հյուրատներում ենք մնացել»,-պատմում է Հայիդին։

Հայաստան հասնելուց հետո Լայֆն ու Հայիդին այցելել են Նանսենի ինստիտուտ և Նանսենի անվան դպրոց։ «Ինձ համար դա շատ էմոցիոնալ ու կարևոր պահ էր։ 17 տարեկան մի աշակերտ ինձ ասաց, որ Հայաստանը երբեք չի մոռանա, թե ինչ է արել Նանսենը հայերի համար, դա շատ տպավորիչ էր, ու երբ գնամ Նորվեգիա, անպայման բոլորին պատմելու եմ»,-ասում է Լայֆը։

Մոտ 5000 կիլոմետր անցնելուց և Երևան հասնելուց հետո, երբ վերջապես զույգը պիտի այցելեր Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան, պարզվում է, որ այն փակ է։ Ասել են, որ ինչ-որ տեղից թանգարան ջուր է լցվել ու այս պահին նորոգման աշխատանքներ են կատարվում։

«Շատ տխուր էր, որ չկարողացանք ներսից տեսնել թանգարանը։ Դեկտեմբերի 10-ին Նանսենի՝ խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու 100-ամյակն էր, բայց դա էլ ոչ ոք չնշեց, նշանակում է տուն գնալու ժամանակն է արդեն»,-կատակում է Լայֆը։

Այս ճանապարհորդության համար զույգը երկար ժամանակ գումար է տնտեսել։ Լայֆը պատմում է, որ գումար խնայելու իր հիմնական միջոցը եղել է երկար ժամանակ ուտելիք չգնելը, մեքենա չունենալը, որը ծախսեր կպահանջեր։

 «Բավականին հաճախ ես ուտելիք գտնում եմ աղբամանից։ Նորվեգիան հարուստ երկիր է, և ես շատ եմ ամաչում, թե որքան շատ սնունդ է այն վատնում, երբ աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ ուտելիք չունեն։ Օրինակ, մեզ մոտ կարտոֆիլի պահպանման ժամկետը խանութներում մի քանի շաբաթ է, դրանից հետո չնայած այն պիտանի է, լցնում են աղբը, իսկ ես հանում եմ, քանի որ նորմալ վիճակում է։ Նույն սկզբունքով, երբ կաթ եմ գնում, աշխատում եմ վերցնել այն, որի ժամկետը շուտով լրանալու է, այդպես փորձում եմ նվազեցնել սննդի վատնումը»,-ասում է Լայֆը։ 

Չնայած ճամփորդությունը բավականին երկար է տևել, բայց զույգն ասում է, որ ամեն ինչ շատ լավ է ընթացել, ոչ մի տհաճ միջադեպ չի եղել, ոչ ոք իրենց չի թալանել, չի սպառնացել, հեծանիվների հետ կապված որևէ լուրջ խնդիր չի առաջացել։ 

«Հեծանիվով այսպիսի ճանապարհորդություն սկսելուց առաջ կարևոր է ամեն ինչ ճիշտ պլանավորել, քանի որ շատ սահմանափակ բան կարող ես վերցնել, պետք է ընթացքում նորոգես իրերդ, գոնե մի քիչ հեծանիվներից գլուխ հանես։ Այս անգամ մեզ հետ վերցրել էինք սրճեփ, կաթսա, մի քանի հագուստ, վրան ու հեծանիվի պահեստային անվադողեր։ Սրանցից բացի, ավելի կարևոր է ունենալ մեծ ու բաց սիրտ, լինել հետաքրքրասեր ու մարդասեր»,-ասում է Հայիդին։

75 օրերի ընթացքում հեծանվորդների առօրյան հիմնականում բաղկացած է եղել 6 ժամ հեծանիվ վարելուց, քնից և ուտելուց․ «Նախատեսում էինք, որ ընթերցանության ժամանակ էլ կունենայինք, բայց հիմնականում շատ հոգնած էինք լինում, փոխարենն այստեղ շատ ենք կարդում»,-ասում է Հայիդին։

Դեպի Հայաստան ճանապարհին, բացի երթուղու հարմարավետությունից, Լայֆն ու Հայիդին առանձնակի ուշադրություն են դարձրել նաև անվտանգությանը, քանի որ երբեմն անհրաժեշտություն կար խուսափելու որոշ հատվածներից։

«Մենք եկել ենք աշխարհի ամենախաղաղ անկյուններից մեկից ու այստեղ հասնելով՝ հասկացանք, թե ինչքան շատ կոնֆլիկտներ կան տարածաշրջանում։ Մենք, իհարկե, լսել էինք պատերազմի, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի, Եղեռնի մասին, բայց աշխարհի մյուս ծայրում դու դրանք այնքան էլ լավ չես հասկանում, իսկ այստեղ դու զգում ես դա։ Մի քանի օր առաջ հրավիրված էի հայերից մեկի տուն, նրանց տղան տանը չէր, ասացին՝ գնացել է ընկերոջ հուղարկավորությանը՝ սահմանին է զոհվել, դա պարզապես սարսափելի է»,-պատմում է Լայֆը։

Հայիդին հիշում է, որ երբ գնացել են Նանսենի անվան դպրոց, առաջին բանը, որն իրեն խիստ զարմացրել է, աշակերտների մարտական պատրաստություն անցնելն է եղել․ «Ես ուղղակի ապշած էի, որ երեխաները դպրոցում նման բաներ են սովորում, միաժամանակ շատ տխուր է, որ նրանք ստիպված են դա անել։ Դպրոցի պատին զոհված շրջանավարտների լուսանկարներն էին ամրացված։ Շատերի հետ ենք ծանոթացել այստեղ, գրեթե բոլորը զոհված կամ վիրավորված ծանոթներ ու հարազատներ ունեն, դա իսկապես շատ տխուր է»,-ասում է Հայիդին։

Ճանապարհորդները Հայաստանում արդեն հասցրել են ընկերներ գտնել․ Անտոնը ռուս է, եկել է Հայաստան Ծաղկաձորում դահուկավազքի նոր ուղի սարքելու համար, նույն հանգստյան տանն են ապրում, միասին ճաշում, թեյում ու երբեմն էլ օրվա ընթացքում մոտակա անտառներ արշավի գնում։

Լայֆն ասում է, որ իր բոլոր ճամփորդությունները միշտ որևէ նպատակ ունեն, ցանկացած երկիր այցելությունը հստակ ինչ-որ առիթով է, իսկ հեծանիվ վարելը, նոր ծանոթությունները, նոր տեղեր բացահայտելն ուղղակի հաճելի բոնուսներ են, որոնք հիմնական նպատակից պակաս կարևոր չեն։ 

«Ես ինձ համար կանոն ունեմ, որն, իհարկե, 100 տոկոս չէ, բայց եթե ես լինում եմ որևէ երկրում և լավ ժամանակ անցկացնում, ապա այցելելու համար նոր տեղեր եմ փնտրում, եթե, իհարկե, Հայաստանում առաջիկայում դահուկավազքի մրցում չկազմակերպվի։ Բացի այդ, մենք խուսափում ենք թռչել ինքնաթիռով, քանի որ այն աղտոտում է բնությունը, իսկ Հայաստան գալու համար ամեն անգամ չես կարող 75 օր հեծանիվ վարել»,-ասում է Լայֆը։

Հարցին, թե Հայաստանում ամենաշատը ինչն է իրենց զարմացրել, Լայֆը պատասխանում է, որ մի անգամ տեսել է, թե մարդիկ ինչպես են մորթված կենդանու ամբոջական մարմինը մեքենայի բեռնախցիկում դրած վաճառում։ «Նորվեգիայում երբեք նման բան չես տեսնի, դա սովորաբար արվում է հատուկ տեղերում, հատուկ պայմաններով, այնքան զարմացա, որ նկարեցի, տղայիս ուղարկեցի»,-ասում է Լայֆը։ 

Նորվեգացի ճանապարհորդները կարծում են, որ Հայաստանում կմնան ևս մեկ ամիս ու գարնանը, երբ ճանապարհները սառած չեն լինի, իսկ եղանակը բարենպաստ կլինի, կվերադառնան տուն՝ Նորվեգիա, նորից անցնելով բոլոր 12 երկրներով։

Մեկնաբանություններ (1)

Anna Sarkisyan
I admire people like Leif and Heidi. I live in Los Angeles, and my physical condition doesn't let me to travel to Armenian, but now I decided - being inspired by these couple - that I will do everything possible to return to my fatherland and to visit Nansen museum. Love and Peace to you all!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter