HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտնականն առաջարկում է անձնագրավորել շենքերն ու մշակել սցենարներ հավանական երկրաշարժից առաջ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը 1939 թ․ Երզնկայի երկրաշարժից հետո տեղի ունեցած երկրորդ ամենահզոր երկրաշարժն է տարածաշրջանում։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասում է ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Ջոն Կարապետյանը։ 1939-ին Երզնկայում գրանցվել էր 8 մագնիտուդով երկրաշարժ, իսկ այս տարվա փետրվարի 6-ի լույս գիշերը Թուրքիայի հարավային հատվածում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ, նախ տեղի ունեցած 7,8 մագնիտուդոտվ երկրաշարժ, որին ավելի ուշ՝ նույն օրվա ցերեկը հաջորդեց 7,7 մագնիտուդով երկրորդ երկաշարժը։ Սրանցից բացի՝ տեղի ունեցան նաեւ բազմաթիվ հետցնցումներ։

Որոշ երկրաֆիզիկոսների ու սեյսմոլոգների այն կարծիքը, որ Թուրքիայում փետրվարի 6-ին, տեղի ունեցած երկրաշարժերի նման հզորությունը պայմանավորված էր Թուրքիայի հարավում տարածաշրջանի 4 հիմնական խզվածքների միացմամբ, Ջոն Կարապետյանը վաղ է համարում։ Ասում է՝ երկրաշարժերի առաջացման մեխանիզմները բարդ են՝ սալերի տեղաշարժ, խորքային բեկվածքներ են լինում, երբեմն էլ երկրաշարժերի էպիկենտրոնն ու խորքային բեկվածքները չեն համընկնում, ու այս պարագայում վաղ է եզրահանգումներ անել, քանի որ պետք է իրականացվեն ուսումնասիրություններ սեյսմիկության, տեկտոնիկայի եւ խորքային բեկվածքների տեսանկյունից։

Կարապետյանը նշում է, որ իրենց ինստիտուտը դեռ 2008 թվականից կատարում է ընթացիկ սեյսմիկ մշտադիտարկումներ, տարածաժամանակային ուսումնասիրություններ։ Սրանց հիման վրա գիտնականները որոշակի եզրակացություններ են անում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ կանխատեսման կտրվածքով։ «Հետքի» հետ զրույցում Նազարովի ինստիտուտի տնօրենը նկատում է, որ իրենք միջնաժամկետ կանխատեսման տեսանկյունից հայտարարել էին, որ 2020-2025 թթ․ տարածաշրջանում սպասվում է 5-5,5 մագնիտուդով երկրաշարժերի հավանականություն։ Այս կանխատեսումը 2019 թ․ ներկայացվել էր ԳԱԱ տարեկան հաշվետվությունում, դրան զուգահեռ՝ մի շարք գիտաժողովներում։

«Դրանից դուրս գալով՝ սկսեցինք ավելի մանրամասն ուսումնասիրել տվյալ տարածքը, կարողացանք արձանագրել սեյսմիկության անոմալ դրսեւորումների գրեթե բոլոր տարատեսակները հետազոտվող տարածքի համար: Դա արձանագրեցինք 2021-2022 թթ.»,– ասում է մեր զրուցակիցը։

Ջ․ Կարապետյանը նկատում է, որ իրենց հետազոտություններն ընդգրկում են Հայաստանն ու հարակից տարածքները, որոնք ընդհանուր հայտնի են որպես Տավրոկովկաս։ Այս տարածաշրջանում են գտնվում նաեւ վերջին երկրաշարժերի էպիկենտրոնները։

«Մենք ամբողջ տարածքի համար առանձնացրեցինք անոմալ դրսեւորման տարատեսակները։ Օգտագործելով վերջին 10 տարվա տվյալները՝ ժամանակակից մաթեմատիկական մեթոդներով սկսեցինք առանձնացնել երկրաշարժերի համախմբվածություններ (կլաստերներ) առանձին տեղերում, որոնց հիման վրա գնահատեցինք հավանական օջախային գոտիները, որտեղ տեղի են ունենալու ուժեղ երկրաշարժեր»,- ներկայացնում է «Հետքի» զրուցակիցն ու հավելում, որ տվյալների բազան, որից օգտվել են, բավական ընդգրկուն է՝ վերջին 10 տարվա ընթացքում ավելի քան 3 մագնիտուդով երկրաշարժերի քանակն անցել է 7 հազարից։ Դրանց տվյալների վերլուծության արդյունքում էլ առանձնացվել են ուժեղ երկրաշարժերի հավանական տիրույթները, որոնք համընկել են Իրանում եւ Թուրքիայում տեղի ունեցած վերջին ուժեղ երկրաշարժերի տարածքներին։

«Մարդիկ կարծում են, որ երկրաշարժը հեռու է, վտանգ չի ներկայացնում, բայց երկրաշարժերի ուսումնասիրությունը պետք է դիտարկենք եւ՛ լոկալ, եւ՛ ռեգիոնալ իմաստով, որպեսզի կարողանանք ցույց տալ, թե արդյոք դրանց միջեւ փոխկապակցվածություն կա։ Եթե 2021-2022 թթ. քարտեզները նայեք, ապա կտեսնեք, որ մեր ցույց տված ուղղությունը՝ համախմբվածությունը, համընկնում է Թուրքիայի երկրաշարժի հետցնցումային դաշտի ուղղությանը»,- նշում է գիտնականը։

Կանխատեսումներ Հայաստանի համար

Ջոն Կարապետյանն ասում է, որ երկրաշարժերի համախմբվածություններ կան ոչ միայն Թուրքիայում, այլեւ Հայաստանի հյուսիսում, Ջավախքում, Իրանում, Ադրբեջանում։ «Կանխատեսումներ անելը դեռ վաղ է, բայց մեր ուսումնասիրությունների արդյունքներով ցույց ենք տալիս հնարավոր օջախային գոտիներ, նշում ենք զգոն լինելը,- ասում է մեր զրուցակիցն ու հավելում,- եթե կա երկրաշարժերի փոխկապակցվածություն, այսինքն՝ երկրաշարժերի լարվածադեֆորմացիոն վիճակը տեղափոխվում, տեղաբաշխվում է Իրանից դեպի Թուրքիա, Թուրքիայից՝ դեպի հյուսիս, սա ցույց է տալիս, որ պիտի միշտ զգոն լինենք, ունենանք համապատասխան սցենարներ»։

Ըստ գիտնականի՝ պետք է սցենար ունենանք, թե, օրինակ, 5, 6 կամ 7 մագնիտուդով երկրաշարժի դեպքում ինչ հետեւանքներ են լինելու։ Այս առումով Կարապետյանը կարեւորում է շենքերի անձնագրավորումը, որպեսզի պարզ լինի, թե ինչպիսին է առկա շենքային ֆոնդի վիճակը։ Որպեսզի ամեն շենք ունենա իր անձնագիրը, որը ենթադրում է շենքի վնասվածության աստիճանը, փաստացի տեխնիկական վիճակը, ապա պետք է գործիքային դիտարկումներ արվեն, շենքին պիտի «ախտորոշում» տրվի ակնադիտական, գործիքային մեթոդներով, փորձարկումներով, ինչից հետո կլինի համապատասխան եզրակացությունը։ Անձնագրավորման բազա ունենալուց հետո դրա հիման վրա պետք է մշակվեն սցենարներ, թե որ շենքն է ենթակա քանդման, որը՝ ամրացման։ Ջոն Կարապետյանը նկատում է՝ նոր շենքերի պարագայում պետք է խիստ վերահսկողություն լինի թե՛ շինարարության ընթացքի, թե՛ տվյալ տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների հանդեպ։ Նրա խոսքով՝ դրանցից շատ բան է կախված։

«Առաջին հերթին մենք պետք է վստահ լինենք, որ շենքը սեյսմակայուն է, որպեսզի մարդկանց մոտ չառաջանա խուճապ։ Խուճապն առաջանում է այն ժամանակ, երբ մարդը վստահ չէ, որ շենքը սեյսմակայուն է»,- ասում է գիտնականն ու բերում Չինաստանի եւ Ճապոնիայի օրինակները դրական իմաստով։

Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենն ասում է, որ հետցնցումային պրոցեսը տարիներ է տեւում։ Նրա խոսքով՝ լիցքաթափման պրոցեսին զուգահեռ լարվածության տեղաբաշխում է լինելու։ «Ենթադրություններ կան, որ երկրաշարժը հեռու է, սկսում է լիցքաթափվել։ Իմ կարծիքով՝ պետք է դիտարկել ոչ թե այդ տարբերակը, այլ այն, որ տեղի է ունենում լարվածությունների տեղաբաշխում։ Դրա համար էլ պետք է հաշվի առնել բոլոր սցենարները»,- ասում է Ջոն Կարապետյանն ու հավելում, որ Թուրքիայում հարավում հետցնցումների պրոցեսը շարունակվելու է, իսկ թե ինչ զարգացումներ կլինեն արդեն Հայաստանում եւ հարակից տարածքներում, ապա ուսումնասիրությունների կարիք կա, եւ հիմա իրենք դրանով են զբաղված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter