HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանն իրանական անօդաչուներով հարվածել է Կիևի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի ու Նիկոլաևի վրա

Ռուսաստանի զինված ուժերը փետրվարի 11-ի գիշերը իրանական արտադրության Shahed անօդաչուներով հարձակվել են Ուկրաինայի Կիևի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի ու Նիկոլաևի մարզերի վրա։ Այդ մասին հայտնում են մարզերի տեղական իշխանությունները։

Կիևի մարզային զինվորական վարչակազմից տեղացիներին նախազգուշացրել էին հարձակման մասին և կոչ արել բնակիչներին ուղևորվել թաքստոցներ։ «Դրոններով հարձակման սպառնալիք։ Բնակիչներին կոչ ենք անում գտնվել անվտանգ վայրերում մինչև օդային տագնապի ազդանշանի ավարտը»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Ուկրաինական հատվածի տելեգրամյան ալիքները ևս հայտնել էին Կիևի մարզում ՀՕՊ-ի աշխատանքի և խոցված երկու անօդաչուների մասին։

Դնեպրոպետրովսկի մարզի մարզային խորհրդի ղեկավար Նիկոլակ Լուկաշուկը հայտնել է, որ գիշերային հարձակումների հետևանքով մարզում փլուզումներ կան, դրանց մասշտաբները ճշտվում են։

Մասնավորապես, ռուսական ուժերը հարձակվել են էներգետիկ երկու օբյեկտների վրա, որոնցից մեկը, Լուկաշուկի տվյալներով, ավելի վաղ ևս հարձակման էր ենթարկվել։ Հարվածների վայրում հրդեհներ էին սկսվել, որոնք ավելի ուշ մարվել են։ Հարվածի տակ է հայտնվել նաև Նիկոպոլի շրջանը, որտեղ անօդաչուի հարվածի հետևանքով էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտում հրդեհ էր առաջացել։ Լուկաշուկը հայտարարել է, որ կրակն արդեն մարվել է։

«Հարավ» օպերատիվ հրամանատարության տվյալներով՝ ՀՕՊ ուժերը խոցել են Shahed-ները Օդեսայի մարզի սահմանագծին և Նիկոլաևի մարզի վրա։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Նիկոլաևի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը հաստատել է, որ երեք անօդաչու խոցվել է ուկրաինական ՀՕՊ-ի կողմից։

Օդեսայի մարզում ուկրաինական ՀՕՊ միջոցները խոցել են իրանական չորս անօդաչու։ Օդեսայի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն հայտարարել է, որ անօդաչուները փորձում էին խոցել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։

Ավելի վաղ, Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն իր ամենօրյա տեղեկագրում հայտնել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը փետրվարի 10-ին ևս մեկ զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի տարածքն ու կրիտակական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ արձակել ավելի քան 100 հրթիռ։ ISW-ն նշել էր, որ հարվածների մասշտաբների ու արդյունավետության վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունները չափազանցված են, և «ՌԴ բանակը շարունակում է մսխել այդպիսի հարվածների համար նախատեսված բարձր ճշգրտության զենքի սահմանափակ պաշարները»։

Լուսանկարը՝ AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter