Մոլդովայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել է իր հրաժարականի մասին։ Այդ մասին, Новая газета-ի փոխանցմամբ, նա նշել է ճեպազրույցի ժամանակ։ Մոլդովական Publika TV հեռուստաընկերությունը հայտնում է, որ ավտոմատաբար դա նշանակում է ողջ կառավարության հրաժարական։
«Մեկ ու կես տարի կառավարությունում աշխատելուց հետո եկել է ժամանակը հայտարարելու իմ հրաժարականի մասին։ Մենք եկել ենք իշխանության ճգնաժամային կառավարությունում և անցկացրել զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և Եվրամիությանն ինտեգրման քաղաքականություն։ Մենք անմիջապես բախվեցինք էներգետիկ շանտաժի հետ, և նրանք մտածում էին, որ մենք կհանձնվենք, որ կգործենք այնպես, ինչպես նախորդ կառավարությունները, որոնք դավաճանում էին ազգային շահերը, բայց դա այդպես չեղավ։ Մենք կառավարում էինք անդադար ճգնաժամի ռեժիմում»,- ասել է Գավրիլիցան։
Moldova's PM has quit. "If the government enjoyed the same confidence at home as it did abroad, with our partners, we would have been able to govern for longer," Natalia Gavrilița said in a press briefing pic.twitter.com/b1lieOs43A
— Paula Erizanu (@paulaerizanu) February 10, 2023
Նատալյա Գավրիլիցան վարչապետի պաշտոնն զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից։ 2019 թվականին Մայա Սանդուի կառավարությունում նա զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը։ Սանդուն ներկայումս Մոլդովայի նախագահն է։
Խոսելով էներգետիկ շանտաժի մասին՝ Գավրիլիցան ի նկատի ուներ «Գազպրոմ»-ի սպառնալիքները, որը պնդում էր, որ կդադարեցնի գազի մատակարարումները՝ չվճարման պատճառով։ Այդ իրավիճակով պայմանավորված 2021 և 2022 թվականներին մոլդովական կառավարությունը մի քանի անգամ արտակարգ դրություն էր հայտարարել։
Նախագահ Մայա Սանդուն շնորհակալություն է հայտնել վարչապետ Գավրիլիցային կատարած աշխատանքի համար։ «Չնայած աննախադեպ մարտահրավերներին, երկիրը պատասխանատվությամբ է կառավարվել, մեծ ուշադրությամբ և անձնուրաց աշխատանքով։ Մենք ունենք կայունություն, խաղաղություն ու զարգացում այնտեղ, որտեղ ուրիշները ցանկանում էին պատերազմ ու սնանկացում տեսնել»,- գրել է Սանդուն։
Մոլդովական օրենսդրության համաձայն՝ կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը պետք է ստորագրի պետության ղեկավարը, իսկ նախարարների կաբինետը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի երդմնակալության արարողությունը։
Նույն օրը Մայա Սանդուն հրամանագիր է ստորագրել վարչապետի պաշտոնում Մոլդովայի անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Դորին Ռեչանի թեկնածության ներկայացման վերաբերյալ։ Խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկումներից հետո նա հայտարարել է, որ իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը, որը խորհրդարանում ունի մեծամասնություն (63 պատգամավոր), կաջակցի Ռեչանի թեկնածությանը։
Լուսանկարը՝ AP Photo / Manuel Balce Ceneta
Մեկնաբանել