HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Ամերիկյան կինոյի սպիտակ ագռավը». Ջիմ Ջարմուշը 70 տարեկան է

«Ինձ քիչ են հետաքրքրում ֆիլմերում իրենց նպատակների վրա սևեռված հերոսները, ամերիկյան երազանքի մարմնավորումները ինձ չեն գրավում. ես նկարում եմ ֆիլմեր ոչ կարևոր համարվող բաների մասին, դրանք մեր կյանքի մեծ մասն են»։

Ջիմ Ջարմուշին անվանում են «ամերիկյան կինոյի սպիտակ ագռավ» ոչ 15 տարեկանից նրա սպիտակած մազերի, այլ հոլիվուդյան հոսանքին հակառակ գնալու համար։

Դպրոցն ավարտելուց հետո 1971թ․-ին Ջարմուշը Օհայո նահանգից տեղափոխվում է Չիկագո, ընդունվում համալսարանի լրագրության բաժին, մեկ տարի հետո փոխում է բաժինը, սկսում ուսումնասիրել անգլիական գրականություն։ Ուսանողական ծրագրով Ջարմուշը մի քանի ամսով Փարիզ է տեղափոխվում, ինչը դառնում է ճակատագրական ապագա ռեժիսորի համար։ 

Փարիզում ուսանելու շրջանում նա հաճախում է համալսարանական ֆիլմադարան, որտեղ սկսում է անցկացնել օրվա մեծ մասը․ ֆրանսիական, ճապոնական, իրանական ռեժիսորների ֆիլմերը Ջարմուշի համար բացում են նոր հորիզոններ։

«Սկզբում ես ցանկանում էի դառնալ գրող։ Ես ուսումնասիրում էի գրականություն: Իսկ Փարիզից վերադառնալուց հետո, երբ ես դիտեցի այդքան ֆիլմեր, իմ գրական փորձերը դարձան կինեմատոգրաֆիական և տեսողական»,-ասում է Ջիմ Ջարմուշը։

1975թ․-ին  Ջարմուշն ընդունվում է Նյու-Յորքի համալսարանի կինոդպրոց (New York University’s school of film)։ Առաջին քայլերը կինոյում նա արել է Նիկոլաս Ռեյի և Վիմ Վենդերսի մոտ՝ որպես ռեժիսորի օգնական։

1980թ-ին 27 տարեկանում Ջարմուշը նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Անժամկետ արձակուրդը»: Այս ֆիլմում արդեն  երևում է ռեժիսորի ձեռագիրը. լրիվ այլ տեսանկյունից, առանց հրապույրների Ամերիկան՝ ռեժիսորի սիրելի՝ աութսայդեր հերոսներով, որոնք ոչինչ կարծես չեն ուզում կյանքից, ֆիլմ, որտեղ տեսնում ենք միայն ճանապարհ, առանց վերջնակետի։

Ջարմուշի ֆիլմերը նման են գրական տեքստերի ընթերցանությանը, թե՛ ռիթմի, թե’ կառուցվածքի առումով։ Առհասարակ, իր բոլոր ֆիլմերում  կան ուղակի կամ քողարկված հղումներ գրականությանը՝ ինչպես օրինակ, «Անժամկետ արձակուրդը» ֆիլմում՝ ֆրանսիացի բանաստեղծ Լոտրեամոնին, «Մեռյալը» ֆիլմում (1995)՝ անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Բլեյքին, կամ «Պատերսոն»-ում(2016թ․)՝ ամերիկացի բանաստեղծ Ուիլյամ Կառլոս Ուիլյամի պոեզիային։

Ջարմուշի ֆիլմերի առանձնահատկություններից է նաև մուլտիկուլտուրալիզմը՝ օրինակ, «Շուն-ուրվական․ Սամուրայի ճանապարհը» (1999թ․) ֆիլմում Ջարմուշը ամերիկյան սևամորթների մշակույթը, փողոցային պոեզիան՝ ռեփը համադրում է ճապոնական թանկաների, «Հագակուրե» գրքի, Սամուրայի ճանապարհի հետ:

Բացի գրականությունից, պոեզիայից ռեժիսորի տարերքներից է երաժշտությունը. ֆիլմերից շատերում հնչում են հենց իր գրած գործերը։ Ջարմուշը գրում է երաժշտություն և ունի երաժշտական խումբ, երաժշտությամբ տարվել է երիտասարդ տարիքից։ Այս հարցում մեծ դեր է ունեցել նյույորքյան հայտնի՝ CBGB երաժշտական ակումբը, որտեղ հավաքվում էին ժամանակի հայտնի անդերգրաունդ արտիստները և գրողները. Ջարմուշն էլ իր տարբեր խմբերով այնտեղ ելույթներ էր ունեցել։

«Այդ ժամանակ Նյու-Յորքում ամենքն իր խումբն ուներ։ Համարվում էր, որ պետք չէ տաղանդավոր երաժիշտ լինել, որպեսզի ունենաս սեփական խումբ. հոգին, գաղափարներն ավելի կարևոր էին համարվում, քան լավ երգելու, նվագելու կարողությունը։ Դա մեծ ազդեցություն թողեց ինձ վրա»,-ասել է Ջիմ Ջարմուշը։

Ջարմուշի երաժշտական ճաշակի սպեկտրը չափազանց լայն է և խայտաբղետ. Գուստավ Մահլերից մինչև Բիլի Այլիշ։

Ջարմուշի երաժիշտ ընկերները  հայտնվում են նաև իր ֆիլմերում՝ որպես դերասան, ինչպես օրինակ, Թոմ Ուեյթսը և Իգի Փոփը «Սուրճ և ծխախոտ» (1993թ) ֆիլմում։ Վերջինս արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակի՝ կարճամետրաժ ֆիլմի անվանակարգում։

«Կինոյում ես ինքնակոչ դիլետանտ եմ»․-հարցազրույցներից մեկում ասել է անկախ ամերիկյան կինոյի կուլտ համարվող Ջիմ Ջարմուշը, ով մինչ օրս շարունակում է իր փորձարարությունները երաժշտության, գրականության մեջ և կինոյում։ 

Ջարմուշի 70-ամյակի առիթով՝ 2023թ. փետրվարի 3-26-ը «Ինոեկինո» ընկերությունը՝ «Երևան Կինոակումբի» հետ համատեղ կազմակերպում է Ջիմ Ջարմուշի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը Երևանում՝ նվիրված ամերիկյան անկախ կինոյի 70-ամյա հոբելյանին։ Հանդիսատեսը կկարողանա դիտել ռեժիսորի չորս դասական ֆիլմերը՝ «Սուրճ և ծխախոտ», «Մեռյալ», «Գիշեր երկրի վրա» և «Օրենքից դուրս», որոնք Ջարմուշի ժառանգության կարևորագույն մասն են կազմում։

Բոլոր ցուցադրությունները կանցկացվեն Կինոյի տանը։ Ֆիլմերը ցուցադրվում են բնագրի լեզվով՝ ռուսերեն և հայերեն ենթագրերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter