HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Հրանտ Մաթևոսյան, Վիլյամ Սարոյան․ Հանդիպում Ծմակուտում

«140 տարի առաջ Իմ Օհանես պապը եկել, հիմնադրել է մեր Ահնիձոր գյուղը: Զորայր Խալափյանն ասաց՝ չե՞ս կարծում, որ Ահնիձորը հնչյունափոխված Օհանաձորն է: Գուցե իրոք այդպես է: Ես ուզում եմ կրկնել իմ պապի փորձը գրականության մեջ՝ հիմնել իմ գյուղը, և վստահ եմ, որ հաջողելու եմ: Երբ ես եկա, Ահնիձորը կար, Ծմակուտը չկար: Ծմակուտը իրական Ահնիձորի և այդ Ահնիձորի իմ սիրո միությունն է։ Ծմակուտը լինելության մեջ է, քանի ես կամ, Ծմակուտը փոփոխվելու, մեծանալու, բազմամարդ է դառնալու: Ծմակուտը իմ սերն է, իմ վերաբերմունքը, իմ տագնապը մարդու համար: Ծմակուտը ես եմ․․․»։

Պատմում է Մաթևոսյանն իր իրական և հորինված գյուղի մասին։

Վիլյամ Սարոյանը չորս անգամ է եղել Հայաստանում: 1978թ․-ի այցի ժամանակ Սարոյանը ծանոթանում է Հրանտ Մաթևոսյանի հետ, որը աշխարհահռչակ ամերիկահայ գրողին տանում է իր «Ծմակուտ», իր ծննդավայր՝ Լոռու մարզի Ահնիձոր գյուղ։

Մաթևոսյանը գրել է խորհրդավոր այցի, իր հոր՝ Իգնատի գյուղական սովորական օրվա մեջ Սարոյանի հետ հանդիպման մասին։

«Վիլյամ Սարոյանի հետ հասանք մեր տուն: Ներքևի ճամփով մեր տուն հասնելն ու վերևի ճամփով հորս գալը մեկ եղավ: Էդքան մարդկանց մեջ հերս տեսավ Սարոյանին ու զարմացած ասաց՝ էս Սարոյա՞նն ա: Ձիու վրա գրկել էր ալյուրի պարկը: Պարկը մի կողմ թռավ, հերս մի կողմ, իսկ հաջորդ վայրկյանին իրար գրկի էին: Քիչ հետո ցնցվում էին երկուսի ուսերն էլ, թիկունքներում սրտի հուզմունքն էր: Բաժանվեցին մի քիչ հետո, հայրս նայեց Սարոյանին ու ասաց՝ բարով ես եկել, իմ տղին, էս ժողովրդին բարով ես բերել: Երկուսի աչքերից էլ առատ արցունք էր հոսել, թրջել երես ու ծոց: Երկուսն էլ հասակակիցներ: Երկուսն էլ ութ թիվ (հեղ․1908թ․): Հիմա ինձ ասա՝ ինչու՞ լաց եղան․․․

Սարոյանը մտածում է՝ բա Հրանտի հոր նման մի էսպիսի խաղաղ, աշխարհից կտրված տուն չլինի, ինձ համար ապրեմ: Նամակ էր գրել, չէ՞, կուզեմ մի խրճիթ, ապարանք չեմ ուզեր, որ ամեն առտու իջնեմ ձորը, մարդկանց տեսնեմ ճամփուս, զրուցեմ, իմանամ, արմատներուս հետ ավելի ծանոթանամ ու գրեմ… Էսքան իմաստուն, ամեն ինչով հայ մարդը խոր տարիքում էլի իր միջի հայն էր որոնում, իսկ գրելու համար աշխարհից հեռու մի տեղ էր հարկավոր(…)»:

Ահնիձորում Սարոյանին ուղեկցում էր նաև Մաթևոսյանի մտերիմ ընկեր, նկարիչ Հենրիկ Սիրավյանը, ով այդ հանդիպումից երկու տարի հետո՝ 1980թ․-ին, գրողների գյուղում հանդիպումը պատմեց կտավի վրա։

Հաղորդումներից մեկի ժամանակ Վիլյամ Սարոյանը այսպես է ներկայացրել Մաթևոսյանին․

«Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է»:

Այսօր՝ փետրվարի 12-ին, Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է։

Օգտագործված լուսանկարը՝ Գագիկ Սիրավյանի ֆոտոարխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter