HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սամվել Լաբլաջյանը չի ցանկանում օրինականացնել իր ձկնաբուծարանը․ Մասիսի համայնքապետի որոշումները բողոքարկվել են

Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը 2022թ․ դեկտեմբերի 14-ին խոշոր ձկնաբույծ Սամվել Լաբլաջյանին տուգանել է վարելահողերի վրա ձկնաբուծարան կառուցելու համար։ Մասիս համայնքի Հայանիստ գյուղում գտնվող ձկնաբուծարանը Ս․ Լաբլաջյանը կառուցել է 2008թ․-ին, և մինչ օրս այն ինքնակամ կառույց է համարվում։ Ձկնաբուծարանն օրինականացնելու և Անշարժ գույքի կադաստրում գրանցելու համար նա պետք է փոխի հողի նշանակությունը։ Անհատ ձեռներեց Սամվել Լաբլաջյանը, որի ձկնաբուծարանը Արարատի մարզում մեծերի ցանկում է, չի պատրաստվում օրինականացնել այն: «Թվեր են ասում, որ տնտեսությունդ թողած՝ միայն դրա համար պիտի վճարենք ․․․»,- ասել էր նա 2020թ․-ին, երբ այցելել էինք ձկնաբուծարան։

Դեռևս 2020թ․-ին մեր հրապարակած «Ձկնաբույծներն արժեզրկել են երկրի ամենաթանկ կապիտալը՝ հողը» հոդվածում հաշվարկել էինք, որ Ս. Լաբլաջյանը ձկնաբուծարանի զբաղեցրած 1 քմ հողը գյուղատնտեսական նշանակությունից արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության փոխելու համար պետք է վճարի 1500 դրամ: Քանի որ ձկնաբուծարանի զբաղեցրած տարածքի ստույգ չափը հայտնի չէր (1․1 հեկտարն է գրանցված Կադաստրում), մոտավոր տվյալներով հաշվարկել էինք, որ այն 5 հեկտար տարածք է զբաղեցնում, որի համար Հայանիստ համայնքի բյուջե պետք է վճարի 75 մլն դրամ: Վերջին երկու տարիներին հողերի կադաստրային արժեքը զգալի բարձրացել է և օրինականացնելու համար, հնարավոր է, նա այդ գումարի քառապատիկը, գուցեև ավելին վճարի։ 

Գործարարը մեզ հետ զրույցում անհարկի ծախս էր համարում համայնքային բյուջե վճարելիք գումարը՝ կառույցն օրինականացնելու եւ հարկային պարտավորությունները կատարելու առումով։ Հույս ուներ, որ նոր կառավարությունն անվարձահատույց կփոխի հողի նշանակությունը և իրենց կազատի այդ պարտավորությունից։ Նա, կարծեք թե, հույսը չի կորցրել և Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի 2022թ․ դեկտեմբերի 14-ի երեք որոշումները բողոքարկել է դատարան։

Մասիս համայնքի ղեկավարը որոշումներից մեկով՝ թիվ 6040-Ա որոշումով, Սամվել Լաբլաջյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառել գյուղատնտեսական նշանակության թվով 16 հողակտորները՝ վարելահողեր, ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար։ Նշանակվել է վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հազար վեց հարյուրապատիկի չափով՝ 1 600 000 դրամ։

Թիվ 6041-Ա որոշումով վարչական տույժ է կիրառվել նրա կնոջ՝ Սոնա Նիկոլյանի նկատմամբ, Հայանիստ գյուղում գտնվող 14 հողակտորները նպատակային նշանակությամբ չօգտագործելու համար։ Նշանակվել է վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի  հազար չորս հարյուրապատիկի չափով՝ 1 400 000 դրամ: 

Նույն օրը կայացրած թիվ 6042-Ա որոշումով Մասիս համայնքի ղեկավարը Սամվել Լաբլաջյանին պարտավորեցրել է 15-օրյա ժամկետում քանդել Հայանիստ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցած ինքնակամ շինությունները՝ պարիսպները և տարածքը բերել նախկին տեսքի։ Որոշման 3-րդ կետով համայնքի ղեկավարի պահանջը նշված ժամկետում չկատարելու դեպքում շինությունների քանդման հետ կապված աշխատանքների իրականացումը վերապահվել է համայնքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնին։

Սամվել Լաբլաջյանը վերջին հինգ տարիներին ինքնակամ շինություններ է կառուցել նաև Հայանիստ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող դաշտամիջյան ճանապարհի, գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամասերի և ջրային նպատակային նշանակության հողամասերի վրա։ Ամիսներ առաջ «Հետք»-ը պարզել էր, որ դրանից բացի, նա իր ձկնաբուծական տնտեսությունն ընդլայնել է Հայանիստի բնակիչների սեփական հողատարածքներում և դրանք ամբողջությամբ ընդգրկել է մի ցանկապատի մեջ՝ ձկնաբուծարանի զբաղեցրած տարածքը հասցնելով 13 հեկտարի։ Այնուհետև դիմել է դատարան՝ հողերը տիրազուրկ ճանաչելու պահանջով։

Ս․ Լաբլաջյանը չի մասնակցել Մասիս համայնքի ղեկավարի՝ իր նկատմամբ հարուցված վարչական վարույթի քննությանը և առ ժամանակ հետո համայնքի ղեկավարի որոշումների դեմ հայցեր է ներկայացրել վարչական դատարան։ 2023թ․ հունվարի 23-ին վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով պահանջել է վերացնել Մասիս համայնքի ղեկավարի ընդունած 6042-Ա որոշման 2-րդ և 3-րդ կետերը։ Հիշեցնենք, որ որոշման այդ կետերով համայնքի ղեկավարը պարտավորեցրել է քանդել համայնքային հողում կառուցված պարիսպը։ Վարչական դատարանը որոշել է հայցը քննել գրավոր ընթացակարգով և վճիռը հրապարակել 2023թ․ մայիսի 29-ին։

Փետրվարի 2-ին Ս․ Լաբլաջյանն ու նրա կինը նոր հայց են ներկայացրել վարչական դատարան՝ Մասիս համայնքի ղեկավարի թիվ 6040-Ա և թիվ 6041-Ա որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով։ Խոսքը տուգանքների մասին է՝ հողերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար։ Այսինքն, նրանք չեն պատրաստվում կամովին փոխել հողի նշանակությունը և օրինականացնել ինքնակամ ձկնաբուծարանը։

Ընդգծենք, որ ձկնաբուծարանը չօրինականացնելով՝ Ս․ Լաբլաջյանը 2008թ․-ից համայնքային բյուջե չի վճարել ոչ միայն հողը փաստացի արտադրական նշանակությամբ օգտագործելու արժեքը, այլև հողի հարկը հաշվարկվել է վարելահողի արժեքով՝ արտադրականի փոխարեն, որն անհամեմատ բարձր է։ Միաժամանակ, նա չի վճարում փաստացի տիրապետած մի քանի հեկտար հողերի հարկը, որոնք իրականում այլ սեփականատերերի են պատկանում կամ համայնքային սեփականություն են։ Ինքնակամ շինությունների համար էլ գույքահարկ չի վճարում, քանի որ դրանք պետական գրանցում չեն ստացել և չեն գնահատվել։ 

Սակայն այս բոլորը խոչընդոտ չէ ձկնաբուծական տնտեսության համար, քանի որ օրինականացրած չլինելը պատճառ չէ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը ջուրթույլտվություն տրամադրի նրա ձկնաբուծարանին։ Մինչդեռ, ձկնաբուծարան կառուցելու համար նա պետք է սկսեր այդտեղից՝ հողի նշանակությունը գյուղատնտեսականից փոխեր արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, որից հետո ջրօգտագործման թույլտվություն ստանար։

Արարատի մարզի Հայանիստ համայնքն ունի շուրջ 350 հա գյուղատնտեսության համար պիտանի հողատարածք, որը չի ոռոգվում ստորերկրյա ջրերի մակարդակի իջնելու հետեւանքով: Ձկնաբուծարանների սպառած ջրի քանակն ուսումնասիրող կազմակերպություններին համայնքապետը հավաստիացրել էր, թե գյուղացիական տնտեսությունները ջրի առկայության դեպքում պատրաստ են մշակել հողերը եւ բարձր բերք ապահովել: Գյուղատնտեսական հողերի ոռոգման հարցը կարգավորելու նպատակով 2016թ․-ին Հայանիստում ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրն առաջարկում էր Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսություններից արտահոսող ջրերն օգտագործել ոռոգման նպատակով։ 

Ձկնաբուծական տնտեսություններում ջրի շրջանառու համակարգեր կիրառելու նպատակով ԳԱՏՕ-ն պիլոտային ծրագրի իրականացման վայր ընտրեց Հայանիստ համայնքը, որտեղ ոռոգման համար օգտագործվելու էին Ս․ Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծական տնտեսության հետադարձ ջրերը: Ս․ Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանի տարեկան ջրօգտագործումը կազմում  էր 17 մլն 516 հազ. մ3 կամ 555 լ/վ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter