HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Ուտիք նահանգի զինագործների սուրը որպես խորհրդանիշ. «Ազատազէն»-ի տարեկան համագումարը

«Այս թուրը «Ազատազէնի» խորհրդանիշն է, այն պատրաստել են 19-րդ դարի սկզբին՝ Ուտիք նահանգի Գարդմանա գավառի Բանանց գյուղի զինագործները։ Մենք՝ հայերս, Ազատազէնի գաղափարները կրում էինք նույնիսկ այն ժամանակ, երբ չգիտեինք ազատազեն բառը ու հիմա էլ ուզում ենք, որ այս թուրը մեր գաղափարների մարմնավորումը լինի»,-այսպես սկսեց իր ելույթը «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ-ի նախագահ Իշխան Գևորգյանը։

Փետրվարի 12-ին Երեւանում տեղի ունեցավ «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպության տարեկան համագումարը։

Համագումարի նպատակն էր ամփոփել 2022 թվականը եւ խոսել գալիք նպատակների ու պլանների մասին, ինչպես նաեւ՝ ընտրել կազմակերպության խորհրդի նոր կազմ։

«Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2020թ.-ի արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ պատերազմին մասնակցած ընկերներից կազմված խմբով, որոոնց մեծ մասը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են։ 

«44-օրյա պատերազմից վերադառնալուց հետո, մոտ 2-3 ամիս դեռ չէինք զորացրվել։ ՀՀ օրենքով այդ ժամանակ կարող էինք միանգամից ակոսափող զենք գնել, օգտվեցինք այդ օրենքից և մեր գումարտակից մոտ 60 հոգի զենք ունեցավ, որը դարձավ մեր ապագա կազմակերպության հիմքը։ Հետո արդեն հրաձգարանի որոնման փուլն  էր, չկար մեծ ՝ 100մ ավելի հեռավորության հրաձգարան, մեր հաջորդ քայլը մեծ հրաձգարանի համար տարածք գտնելն էր»,- համագումարի ժամանակ պատմեց կազմակերպության տնօրեն Հրանտ Մանասյանը։

Կազմակերպությանը հաջողվել է Ջրվեժի մոտակայքում իր չափերով և պայմաններով եզակի հրաձգարան ստեղծել։ Կրակային պարապմունքներին և  մրցույթներին զուգահեռ այնտեղ շարունակվում են բարեկարգման աշխատանքները։

«Ազատազէն» կազմակերպության անդամների ընկալմամբ՝ ազատության հիմքը զինված լինելն է, ազատ մարդը զենքով մարդն է։ Մարզված, զինված, մարտական գործողություններին պատրաստ քաղաքացիներն են ազատազէնները։ Կազմակերպության նպատակն է՝ համախմբել մարդկանց զենքի մշակույթի եւ զինագործության զարգացման շուրջ։ Կազմակերպության գործունեությունն ուղղված է Հայաստանում զենք ձեռք բերելու, կրելու և կիրառելու օրենսդրական բարելավմանը։ «Ազատազէնը» փորձառու հրահանգիչների հետ կազմակերպում է ուսումնամարզական հավաքներ, կրակային պատրաստության դասընթացներ ռազմասպորտային մրցույթներ։

Համագումարի ընթացքում տնօրեն Հրանտ Մանասյանը ներկայացրեց կազմակերպության 2022 թվականի ձեռքբերումները։

«2022-ին հասցրել ենք զենքի կիրառման և հրաձգության մինիմալ գիտելիքներ փոխանցել հիսուն հազար մարդու, մասնակցություն ունենալ զենքի օրենքի փոփոխության գործընթացին, ստեղծել ենք դուստր ընկերություն, որը լիցենզավորվել է եւ գործում է որպես զենքի խանութ, աշխատանքներ ենք սկսել Գյումրիում եւ Գորիսում հրաձգարաններ բացելու ուղղությամբ։ Գալիք տարիների պլանները էլ ավելի մեծ են, բայց մեր համայնքն էլ գնալով մեծանում է ու վստահաբար կարող ենք ասել, որ բոլորիս ներգրավվածության շնորհիվ հասնելու ենք բոլոր նպատակներին», -հայտարարեց Հրանտ Մանասյանը։

Համագումարի երկրորդ մասում տեղի ունեցավ կազմակերպության նոր խորհրդի և տնօրենի ընտրությունները՝ մեկ տարի ժամկետով։

Խորհրդի անդամներ ընտրվեցին Սպարտակ Կյուրեղյանը, Իշխան Գեւորգյանը, Հրանտ Մանասյանը, Գեղամ Չանդիրյանը, Դավիթ Նահատակյանը, Աննա Հովհաննիսյանը, Արթուր Ավդալյանը, Տարոն Բաղդասարյանը, Անի Ղազարյանը, Անի Ալավերդյանը, Անդրանիկ Հակոբյանը, Սաթենիկ Մնացականյանը, Թովմաս Խաչատրյանը, իսկ վերստուգողներ՝ Արմեն Աթալյանը, Զավեն Գյուլխանդանյանը, Տիգրան Մխիթարյանը։ Խորհրդի նախագահ ընտրվեց Իշխան Գեւորգյանը, իսկ կազմակերպության տնօրեն՝ Նաղաշ Բաղդասարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter