HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիկոս Խրիստոդուլիդիսն ընտրվել է Կիպրոսի նախագահ

Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը կայացել էր կիրակի օրը՝ փետրվարի 12-ին։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ նա ստացել է ձայների գրեթե 52 %-ը։ Խրիստոդուլիդիսի մրցակից, ՄԱԿ-ում Կիպրոսի նախկին մշտական ներկայացուցիչ Անդրեաս Մավրոյանիսը հավաքել է ձայների 48 %-ը և ընդունել իր պարտությունը։

Պահպանողական գործիչ Խրիստոդուլիդիսն ընտրությունների առաջին փուլում ստացել էր ձայների 32 %-ը, իսկ Մավրոյանիսը, որին աջակցում էին ձախ ուժերը, հավաքել էր 29,6%` առաջ անցնելով «Ժողովրդավարական հավաք» (DISY) իշխող կուսակցության առաջնորդ Ավերոֆ Նեոֆիտուից։ Իր թեկնածուի պարտությունից հետո իշխող կուսակցությունը չէր կողմնորոշվում, թե ում թեկնածությանն աջակցի, ինչի հետևանքով երկրորդ փուլի արդյունքները դարձել էին անկանխատեսելի։

Կիպրոսի նախագահն ընտրվում է համընդհանուր քվեարկությամբ՝ 5 տարի ժամկետով։ Նա ձևավորում ու գլխավորում է երկրի կառավարությունը։ Գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից։ Տեղական օրենսդրության համաձայն՝ նա չի կարող նախագահի պաշտոնին հավակնել երրորդ անգամ։

1974 թվականից Թուրքիան բռնակցել է Կիպրոս կղզու հյուսիսային հատվածը՝ ստեղծելով Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը։ Միջազգային հանրությունը չի ճանաչում այդ բռնազավթումը։ Իր հերթին, Անկարան չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը։ ՄԱԿ-ի միջնորդական ջանքներն այս ուղղությամբ արդյունք չեն տվել։ 

Կիպրոսում նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեին միայն մոտ 560 000 կիպրոսցի հույները։ Թուրքական բռնազավթված հատվածի բնակիչները չէին կարող քվեարկել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Խրիստոդուլիդիսին՝ նշելով, որ հայ-կիպրական հարաբերությունները զարգանում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Լուսանկարը՝ EPA-EFE/KATIA CHRISTODOULOU

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter