HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունը Հայաստանի փոխարեն կանցկացվի Ղրղզստանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունը 2023 թվականին Հայաստանի փոխարեն, որտեղ ի սկզբանե նախատեսված էր, կանցկացվի Ղրղզստանում։ Այդ մասին երեքշաբթի օրը՝ փետրվարի 14-ին, կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Ղրղզական Հանրապետության տարածքում նախատեսվում է խաղաղապահ ուժերի հետ միասին ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժության անցկացումը, որի ընթացքում կմշակվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրները, խաղաղապահ գործողության անցկացումը»,- ասել է Սիդորովը։

Ավելի վաղ, Երևանը որոշել էր հրաժարվել իր տարածքում 2023 թվականին ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից, սակայն չէր նշել, թե արդյոք կմասնակցի կազմակերպության զորավարժություններին, որոնք կայանալու են այլ պետությունների տարածքներում։ Այս տարվա սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարը գրավոր ընթացակարգով տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված Երևանը նպատակահարմար չի համարում Հայաստանի տարածքում այդ կազմակերպության զորավարժությունների անցկացումը։ Ըստ Փաշինյանի՝ խոսքը վերաբերում էր ողջ 2023 թվականին։ Ընդ որում, Հայաստանում արդեն իսկ պլանավորված էր անցկացնել «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունը։

Ավելի ուշ, ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել էր, որ Երևանից չի ստացել Հայաստանի տարածքում «Անխախտ եղբայրություն - 2023» զորավարժությունների չեղարկման պաշտոնական ծանուցումը։ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը ըմբռնումով է մոտենում Հայաստանի Հանրապետությունում այսօր առկա իրավիճակին, որը կարող է թույլ չտալ ընթացիկ տարում լիարժեք անցկացնել ՀԱՊԿ պլանավորված խաղաղապահ զորավարժությունները»։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը քննադատել էր ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը՝ պնդելով, որ Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։ «ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների ըմբռնում: <...>Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով»,- ասված էր հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ РИА Новости / Павел Бедняков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter