HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմից ու հրդեհից տուժած ընտանիքը վարկերի պատճառով չի կարողանում տուն ձեռք բերել

Սմբատը վերցնում է ջրով շիշն ու մոտենում դարպասին։ Բացելուց հետո մոտենում է շանը, ջուրը լցնում ամանի մեջ, հետո, նայելով կիսատ մնացած կերին, հարցնում է, թե ինչու չի կերել։ Կարծես, շունը պետք է պատասխանի։ Քիչ անց շունն սկսում է ուտել։ Ձյունը խոշոր փաթիլներով ծածկում է սառած գետինը։

Սմբատի կինն ու քույրը՝ Տաթեւն ու Արուսյակը, մոտենում են հրդեհված տանը։ Ուրվական դարձած տանը մլավոց է լսվում, Արուսյակը ուրախանում է՝ կանչելով կատվին։ Ավերակներից դուրս է գալիս մի մեծ մոխրագույն կատու, Արուսյակը փոքր-ինչ հիասթափված ասում է, որ դա իր կատուն չէ։

Ու զարմանում ես քրոջ ու եղբոր հոգատարության վրա, որ նախ պատերազմում, ապա օրեր առաջ տեղի ունեցած հրդեհից կորցնելով գրեթե ամեն ինչ, շրջապատի նկատմամբ մնում են ջերմ ու հոգատար։

Աբովյան քաղաքի կենտրոնից հեռու՝ մի կտրված վայրում, 36-ամյա Սմբատ Հայրապետյանի մայրական պապի երկաթե տնակն էր՝ ներսում փայտյա պատերով, որտեղ ժամանակավորապես ապրում էր 11 հոգի. Սմբատն ու կինը՝ 4 երեխաների հետ, Արուսյակն իր 2 երեխաների հետ, նրանց մայրն ու տատը։ Տնակը քարե կցակառույց ուներ, իսկ բակում՝ անմիջապես տնակի կողքին, բաղնիքն էր, որը ձմռանը տաքացնում էին փայտի վառարանով։

Արուսյակը պատմում է, որ փետրվարի 6-ի երեկոյան, երբ աշխատանքից տուն էին գալիս, երեխաներին լողացնելու համար տնեցիներին խնդրել էին նախապես վառել բաղնիքի վառարանը, մինչեւ իրենք տուն կհասնեին։ Դրա նախորդ օրը Սմբատն աշխատավարձ էր ստացել ու տան համար մեկ ամսվա առեւտուր էր արել՝ հավ, նպարեղեն։ Նա աշխատում է բանկերից մեկում որպես անվտանգության աշխատակից։ Տնակի ներսում Սմբատի մայրը՝ Լենա Հայրապետյանը, զբաղված էր երեխաների դասերով, երբ սկեսուրը (Սմբատի տատը) ծխի հոտ էր առել։ Տիկին Լենան բացել էր դուռն ու, դրսում ծուխ տեսնելով, մտածել էր, թե հոսանքի ապահովիչից է, ապա երեխաներին տուն էր տարել, որ հոսանքի լարերից հեռու մնան։

Երբ Սմբատը, Տաթեւն ու Արուսյակն աշխատանքից տուն էին եկել, տեսել էին, որ բաղնիքն այրվում է։ «Մենք երեքով ներս մտանք տուն, թե՝ ինչի՞ եք սուսուփուս նստել, պաժառ ա»,- հիշում է Արուսյակը։ Տնեցիներն արագ դուրս են եկել։ Տատը ծխից ուշաթափվել էր, հազիվ էին կարողացել բակ հանել։ Բաղնիքին կրակն անցել է տնակին, ու վերջինս այրվել է շատ արագ։ «Թե պատերազմից որոշ բան կարողացանք բերել, պաժառից՝ ոչինչ»,- ասում է տիկին Լենան։

Հրշեջ երկու մեքենա էր ժամանել, բայց մինչեւ կրակը հանգցնեին, տունն ամբողջությամբ այրվել էր։

Տնակից «փրկվել» են միայն պահածոները, որոնք առանձին տեղ էին՝ կից նկուղում։ Բակում Սմբատի ու Արուսյակի պապի գրքերն են թափված՝ վառված, կիսավառված։ Արուսյակն ասում է, որ պապը շատ էր սիրում գրականություն։ Իսկ տնակում գտնվող եւ Սմբատի աշխատավարձով գնված նոր սեղանն ու աթոռները, բազմոցը, նվեր ստացած հեռուստացույցը, նախորդ օրվա ամբողջ առեւտուրը վառվել են։

Տաթեւն ու Արուսյակը շրջում են վառված տան սենյակներով։ Սմբատը գետնից վերցնում է նախօրեին մոր համար գնած դեղի սրվակը, որի շիշը կրակից սեւացել է։

Հրդեհից հետո Սմբատն ու հարազատները տեղափոխվել են քեռու՝ տիկին Լենայի եղբոր տուն: Նրանց ընտանիքի տեղափոխման ու տեղահանման պատմությունը սկսվում է 1995 թ.-ից։

Լենա Հայրապետյանի ամուսինը՝ Հարություն Հայրապետյանը, Արցախյան առաջին պատերազմի կամավորներից էր, Մոնթեի զինվորներից։ Տիկին Լենան թոռանը խնդրում է բերել եղբոր լուսանկարների ալբոմը, քանի որ իրենք հրդեհից կորցրել են ընտանեկան ամբողջ արխիվը։ Ցույց է տալիս ամուսնու լուսանկարը՝ արված պատերազմի օրերին։

Ընտանիքի հոր որոշմամբ էին դեռ 1995-ին տեղափոխվել Արցախի Քաշաթաղի շրջանի Քարուտ գյուղ։ Հարությունն ասել էր, որ հողերն ազատագրված հողերը պետք է վերաբնակեցնել։ Ամուսիններն իրենց 3 երեխաների հետ (Սմբատի ու երկու քույրերի) Քարուտ էին գնացել։  

«Էնտեղ մեզ համար ավելի հետաքրքիր էր, ազատ։ Երեխա էինք, ծանրաբեռնվածությունը, դժվարությունները չէինք զգում։ Մինչեւ 2010 թ․ ո՛չ հոսանք ենք ունեցել, ո՛չ հեռախոսի կապ։ Մոմով ենք լուսավորել։ 2001-ին հայրս դվիժոկ էր դրել։ Գիշերը երկու ժամով էր լինում լույսը։ 9 տարի դվիժոկով էինք լուսավորում տունը, բայց կյանքն ավելի ուրախ էր, հանգիստ։ Ամենակարեւորը՝ գիտեինք մեր տունն էր։ Անասուն էլ ունեինք։ Շատ ստեղծեց հայրս, բայց շատ կորուստներ ունեցանք՝ գելերն էին խփում անասուններին, խոտից էին ուռում, սատկում,- պատմում է Սմբատն ու ավելացնում,- մինչեւ սովորեցինք, արդեն ուշ էր»։

Սմբատի պարտադիր ժամկետային զինծառայությունն անցել է Արցախի ԱԱԾ զորքերում։ Զորացրվելուց հետո ռազմագիտության ուսուցիչ է աշխատել է Քաշաթաղի Շալուա եւ Մովսեսաշեն գյուղերի դպրոցներում։ 2019 թ․ դարձել է պայմանագրային զինծառայող ու ընտանիքով տեղափոխվել Բերձոր։

Ասում է՝ դեռ 2020-ի հունիսին զինվորականներն արդեն գիտեին, որ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծելու։ Բայց, ավելացնում է, չգիտեին, որ այն լայնամասշտաբ է լինելու ու երկար է տեւելու։ Մտածում էին, որ 2016 թ․ ապրիյան քառօրյայի պես կլինի։ Սեպտեմբերի 27-ից սկսած Սմբատը՝ որպես հետախույզ, մասնակցել է պատերազմին, գործել է Վարանդայի (Ֆիզուլի) ու Հադրութի ուղղություններում։

Իսկ ընտանիքը հավաքվել էր Բերձորում. այդտեղ Սմբատի ընտանիքը, մայրը, տատը, Արուսյակն ու նրա երկու երեխաները։ Սեպտեմբերի 29-ին Սմբատը տնեցիներին խնդրել էր Աբովյան տեղափոխվել, քանի որ, ինչպես ինքն է ասում, տեսել էր, թե պատերազմն ինչ ընթացք է ստանում՝ Բերձորի գլխին ԱԹՍ-ներ էին պտտվում, բայց հակաօդային պաշտպանությունը հասցնում էր խոցել դրանք։

Հոկտեմբերի 8-ին Սմբատենց ջոկատը գնացել էր Հադրութի ուղղությամբ, որտեղ ադրբեջանցիներն առաջխաղացում էին ունեցել։ Հոկտեմբերի 10-ին ջոկատը նահանջել էր, երկու վիրավոր ունեին եւ մեկ զոհ՝ Մնացական Հարությունյանը։

Մենք երկար չենք խոսում մարտական գործողություններից։ Երեխաներն անցուդարձ են անում։ Իսկ սեղանի շուրջ նստած Սմբատի մայրը, կինն ու քույրն ուշադիր լսում են նրան։

2020 թ. դեկտեմբերի վերջին նա զինծառայությունից ազատման դիմում է գրել։ Ասում է՝ քանի որ իրենց ստորաբաժանումը Բերձորից Ստեփանակերտ տեղափոխվեց, իսկ Ստեփանակերտում վարձով տուն չկարողացան գտնել, ընտանիքն էլ Աբովյանում էր, այդ հեռավորության վրա նպատակահարմար չէր ընտանիքից կտրված ապրելը։

Կինը՝ Տաթեւ Մկրտչյանն, ասում է, որ Բերձորին հարմարվել էին։ Ինքն աշխատում էր խանութում, երեխաները դպրոց ու մանկապարտեզ էին հաճախում։

«Գրեթե բան չենք կարողացել վերցնել տնից։ Մեքենաները թանկ էին վերցնում։ Հազիվ մի «Գազել» գտանք, որ 100 հազարով համաձայնվեց, էնքան որ տեղաշոր ու պահածոներ ենք բերել։ Մեկ էլ էրեխեքի շորերն ու գրքերն էինք վերցրել, երբ Աբովյան եկանք»,- պատմում է Տաթեւը։

Իսկ Մովսեսաշենում ապրող Արուսյակը չկարողացավ շատ իրեր վերցնել տնից։ Տիկին Լենան ասում է, որ հազիվ կարողացել են լվացքի մեքենան հանել, բայց դա էլ վառվել է փետրվարի 6-ի հրդեհի ժամանակ։

«Ամուսնուս շիրիմը մնաց Քարուտում, չկարողացանք արտաշիրիմում անել»,- ասում է տիկին Լենան ու լռում։ Նա եւ սկեսուրը 25 տարի ապրել են Քարուտում, որտեղ, ինչպես Սմբատն է ասում, վերջին տարիներին միայն մայրն ու տատն էին մնացել։ Տիկին Լենան նկատում է՝ եթե թողնեին, կշարունակեր ապրել Քարուտում, որտեղ անգամ խանութ չկար, բայց իրենք հարմարվել էին այդ կյանքին։

Պատերազմից մեկ տարի անց Սմբատը կնոջ ու 4 երեխաների հետ տեղափոխվել էր Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղ, որտեղ ժամանակավոր տուն էին տվել նրանց։ Գյուղի դպրոցում նորից ռազմագիտության ուսուցիչ էր աշխատում, իսկ կինը՝ օպերատոր դպրոցում։ Սակայն 2022 թ. հունիսի 27-ին նրանց կարգադրել են լքել տունը, քանի որ ադրբեջանցիներն այն պետք է քանդեին՝ Գորիս-Ստեփանակերտ նոր ճանապարհը կառուցելու համար։ Դրա համար Մեծ Շենում պետք է 5 տուն քանդվեր։

Հունիսի 28-ին Սմբատն ընտանիքով վերադարձել է Աբովյան, որտեղ բնակվում էին մայրական պապից մնացած տնակում։ Սմբատը, կինն ու քույրն Աբովյանում աշխատանքի էին անցել։ Կանայք խանութներում էին աշխատում, իսկ Սմբատը բանկի անվտանգության աշխատակից էր։ Մեկ տարվա ընթացքում հասցրել էին տան համար սեղան, աթոռներ, բազմոց, մահճակալներ գնել, սակայն հրդեհն ամեն ինչ կուլ տվեց։

Հիմա բոլորով Սմբատի քեռու տանն են ապրում, որը նրա մայրական պապի տունն է:

Տուն գնելու համար վարկերը խոչընդոտ են

Պատերազմի հետեւանքով տարհանված ընտանիքներին պետությունը 10 միլիոն դրամի չափով օգնություն է տրամադրում։ Սմբատը ցույց է տալիս վկայականը։ Հիմա նրանց ձեռքին 3 վկայական կա՝ 30 միլիոն դրամի չափով (մեկը՝ Սմբատի ընտանիքին, մյուսը՝ Արուսյակին, երրորդը՝ մորն ու տատին), բայց չեն կարող օգտագործել գումարը, քանի որ բանկերում վարկեր ունեն։

«Հիմա բանկերի հետ խնդիր ունենք։ Մինչեւ պատերազմը վարկեր ենք ունեցել, տույժ-տուգանքներ»,- ասում է Սմբատը։ Վարկ վերցրել էին Սմբատի ուսման վարձը վճարելու համար. նա ավարտել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը, ապա վարկով մեքենա էր գնել, որ Բերձորից սնունդ տանի Քարուտում ապրող մորն ու տատին։ Հիմա Սմբատի տնեցիներին մոտ 1,5 միլիոն դրամ է անհրաժեշտ, որ մարեն բոլոր վարկերը, իսկ տուն գնելու վկայականն օգտագործելու համար 1 միլիոն դրամ կանխավճար պետք է ունենան, որը եւս չունեն։ Վկայականների օգտագործման ժամկետը մինչեւ այս տարվա հոկտեմբերն է։

-Ի՞նչ եք մտածում, ի՞նչ կլինի,- հարցնում եմ Սմբատին։

-Պիտի որ լավ լինի, բարի մարդիկ կգտնվեն,- պատասխանում է նա, ու մտածում եմ, թե այդքան դժվարությունների միջով անցած մարդուն որտեղի՞ց այդքան լավատեսություն ու ուժ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter