HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

«Էդ ի՞նչ են անում, որ օգնականի կարիք էլ ունեն»․ Երևան քաղաքի վարչական շրջաններում նոր հաստիքներ կավելանան

Այսօր՝ փետրվարի 14-ին, տեղի ունեցավ Երևանի քաղաքի ավագանու այս տարվա առաջին  նիստը։ Օրակարգում ներկայացված 24 նախագծերից 11-ը չզեկուցվող էին։ Ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի առաջարկով՝ ևս 4 նախագիծ, որոնք վերաբերում էին հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն, ընդգրկվեցին չզեկուցվողների ցանկում։ Ավագանու անդամ Անի Խաչատրյանի կարծիքով՝ բոլոր այն հարցերը, որոնք ձեռնտու չեն բարձրաձայնման, հարմար վերնագրերով խցկվում են չզեկուցվողների մեջ։ Նրա առաջարկով՝ 8-րդ հարցը ավելացավ զեկուցվողների մեջ։

Զեկուցվող նախագծերից առաջինը  Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին էր: Նախագծի հեղինակներն են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը և քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ 

Ըստ առաջարկվող նախագծի՝ պետք է տեղի ունենա հաստիքների օպտիմալացում, կավելանան նոր պաշտոններ, ինչը հնարավորություն կտա իրականացնել ավելի արդյունավետ կառավարում: Սրան զուգահեռ որոշ հաստիքներ էլ կրճատվել են՝ պայմանավորված դրանց այլևս ոչ անհրաժեշտ լինելով։ Զեկուցող Լևոն Հովհաննիսյանի խոսքով՝ տարբեր վարչական շրջաններում եկամուտ հավաքագրող մոտ 90 տեսուչներ արդեն կրճատվել են։

Առաջարկվող նախագծով պետք է ավելանան նաև վարչական շրջանի ղեկավարի օգնականի և քաղաքապետի տեղակալի երկու օգնականի նոր հաստիքներ։ Ավագանու ընդդիմադիր անդամները այս ավելացումները համարում են անտեղի և ոչ նպատակային, քանի որ արդեն իսկ բավարար աշխատակիցներ կան։

«Եթե այս առաջարկը արվեր նախկինների օրոք, ապա վստահաբար բոլորդ ասելու էիք, որ այդ հաստիքները բացվեն էլ իրենց ընկերների կամ սիրուհիների համար։ Իսկ ի՞նչ եք հիմա անում դուք, բացում եք օգնականի օգնականի օգնական հաստիք, իսկ միգուցե եթե աշխատանքային ժամին միջանցքներից ներս բերեք ձեր օգնականներին ու աշխատեցնեք, հնարավոր է երկրորդ կամ երրորդ օգնականի կարիք չլինի»,-արձագանքեց Թեհմինա Վարդանյանը։

Ավագանու անդամ Մարկոս Հարությունյանը Լևոն Հովհաննիսյանի այն պնդումը, որ վարչական շրջանի ղեկավարի օգնականի հաստիքը նույն տրամաբանությամբ է ինչ քաղաքապետի օգնականներինը, համոզիչ չհամարեց։

«Քաղաքի ամբողջ կառավարումը կախված է քաղաքապետից, իսկ վարչական շրջանի ղեկավարից ոչ մի բան էլ կախված չի, երբ ինչ հարցով բնակիչները դիմում են, միանգամից մատնացույց են անում քաղաքապետին։ Տպավորություն է, որ առջևում ընտրություններ են, դրա համար էլ բացել եք էս հաստիքները»,-ասաց ավագանու«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը։

Քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ասում է, որ միշտ էլ վարչական շրջանում մեկը եղել է, ով պաշտոնապես այլ հաստիքով է գրանցված եղել, բայց դասական իմաստով կատարել է օգնականի գործառույթ, ու հիմա իրենք փորձում են ամեն ինչ իր տեղը գցել։

«Այս նախագծի վրա մի քանի ամիս աշխատել ենք, բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել վարչական շրջանների ղեկավարների հետ, լսել իրենց կարծիքները, վերլուծել, համեմատություններ արել և հետո միայն կազմել այս նախագիծը»,-ասաց փոխքաղաքապետը

Ավագանու անդամ Միքայել Մանրիկյանի կարծիքով էլ որոշ վարչական շրջաններ անգամ այդ մեկ տեղակալի կարիքը չունեն, ուստի օգնական ունենալը տրամաբանական չէ․ «Ես կարծում եմ, որ հաստիքներ ավելացնելու փոխարեն ընդհակառակը՝ պիտի գնանք խոշորացման։ Օրինակ, Նուբարաշեն վարչական շրջանը կարելի է միացնել Էրբունուն, այ դա օպտիմալացում կլինի»,-նշեց ավագանու անդամը։

Անի Խաչատրյանը այդպես էլ չգտավ վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները բնութագրելու համար ավելի հարմար բառ քան ժեկի պետը։

«Հիմա դուք բերել եք ժեկի պետից ավելի քիչ լիազորություններ ունեցող պաշտոնյայի համար ուզում եք մի հատ էլ օգնական նշանակեք, ինչի՞ համար։ Լիազորություններն ավելացնեիք, հաստիքներն էլ ավելացնեիք։ Ամեն ինչ բերել կենտրոնացրել են քաղաքապետարանում դեռ Տարոն Մարգարյանի ժամանակվանից, դուք էլ շատ հարմար էդ կոստյումը հագել, նստել եք։ Բավական չի փոխքաղաքապետեր ավելացրիք, հիմա էլ օգնականներ եք բերում, էդ գործողներն ի՞նչ են ախր անում, որ մի հատ էլ չեն հերիքում»,-նշեց «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը։

«Բարգավաճ Հայաստանից» ավագանու անդամ Արմեն Ներսիսյանի կարծիքով էլ օգնականների փոխարեն կարելի է տարբեր բաժիններում աշխատակիցների քանակն ավելացնել, որտեղ աշխատանքը շատ է, իսկ մարդիկ՝ քիչ։ 

«Բաժիններ կան, որ մինչև գիշերվա ժամը մեկը սենյակի լույսերը վառած են, դա նրանից ա, որ աշխատողներ չկան, մարդիկ հավելյալ են աշխատում առանց ավել վճարի, ավելի լավ կլինի, որ հենց էդ խնդրի վրա ուշադրություն դարձնեք»,-նշեց ավագանու անդամը։

Ներկայացված նախագիծը ստացել է դրական եզրակացություն։ Այն 43 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ ձայնով ընդունվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter