HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

158 մլն դրամ՝ Սիրիայում և Թուրքայում ​երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնության համար

Կառավարությունը պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը 157 մլն 816 հազ. դրամ կհատկացնի երկրաշարժից տուժած երկրներին սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։ Որոշումն ընդունվեց Կառավարության փետրվարի 16-ի նիստում:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2023թ. փետրվարի 6-ից Թուրքիայում և Սիրիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքով առաջացած ավերածություններով և այդ երկրների խնդրանքով՝ տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու։

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ օգնությունն ամբողջությամբ տրամադրվել է։ Երկու անգամ օդային ճանապարհով բեռներ են ուղարկվել Սիրիա, իսկ Թուրքիա՝ երկու անգամ ցամաքային ճանապարհով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ փրկարարները Սիրիայից վերադարձել են, այսօր էլ Թուրքիայից են վերադառնալու ցամաքային ճանապարհով։

Փաշինյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց մանրամասներ ներկայացնել Թուրքիա իր այցելության մասին։

Միրզոյանն ասաց, որ այցի և քննարկումների հիմնական թեման տեղի ունեցած երկրաշարժն էր, հումանիտար օգնությունը, որն, ըստ նախարարի, դրական արձագանքի է արժանացել։

«Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր, ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ։ Կա որոշում՝ արագացնել երկխոսության և սահմանների վերջնական բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը։

Համատեղ աշխատանքներ կիրականացնենք Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ»,- նշեց նախարարը։

Ըստ նրա՝ մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատեն ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների համար և երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատման գործընթացը։

Վարչապետն էլ հայտնեց՝ ըստ էության, Հայաստանի գործողություններն առաջին հերթին և մեծ մասամբ հումանիտար շարժառիթ ունեն, նա անընդունելի համարեց Կառավարության հասցեին հնչող քննադատությունները։

«Սա կարող է նոր ելակետ դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար»,- ասաց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ Անիի կամրջի էսքիզային նախագիծը պատրաստ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter