
Մյունխենում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին տեղեկատվություն առայժմ չկա
«Այս պահի դրությամբ որևէ տեղեկատվություն չկա Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման վերաբերյալ»,- «Հետքին» հայտնեց ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Այսօր ՀՀ կառավարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին կմեկնի Մյուխեն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա նաև արտերկրի գործընկերների հետ:
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ համաժողովին կմասնակցի երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ միասին։ Ադրբեջանական կողմը ևս որևէ տեղեկատվություն չի փոխանցել Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման վերաբերյալ։
Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները Մյունխենում վերջին անգամ հանդիպել էին 2020 թվականի փետրվարին՝ 44-օրյա պատերազմից առաջ։ Սկզբում հանդիպումը երկկողմ էր եղել, իսկ այնուհետ նրանք մասնակցել էին ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ պանելային բաց քննարկմանը։
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել