HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Մարդ կար՝ արնաքամ էր լինում». Խուռհատի գործով վկան պատմեց նահանջի մանրամասները

2020 թ. հոկտեմբերի 10-ին թշնամին հարձակվում է Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա, որտեղ տեղակայված էր Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակը։ Գումարտակի անձնակազմի մեծամասնությունը 2 ամսվա ծառայողներ էին։ Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, միայնակ թողնելով անձնակազմին, իջնում է սարից և հեռանում՝ պատճառաբանելով, թե վիրավոր է։

Իշխան Վահանյանը մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։ 

Մնալով առանց գումարտակի հրամանատարի՝ անձնակազմը, կորուստներ տալով, նահանջում է։ Մի մասը, չիմանալով, որ Հադրութ քաղաքը գրավված է, գնում է հենց այդ ուղղությամբ և զոհվում։ 

Փետրվարի 16-ին կայացած հերթական դատական նիստին վկա Մոնթե Պողոսյանը պատմեց, որ երբ իրենց հրամայել են բարձրանալ Խուռհատ սար, ասել են, թե ապահով տեղ են տանում։

Մոնթեն պատմում է, որ իրենք հոկտեմբերի 9-ին են բարձրացել սար, ինքը տեղակայվել է սարի գագաթին, հաջորդ օրն առավոտյան Մոնթեն վիրավորվել է, իր խոսքով՝ ճակատային մասում, և այլ վիրավորների հետ իջել սարից։ 

Այնուհետև ներքևում գտնվող «Ուրալ»-ի թափքին նստած գնացել են, ճանապարհին կրակոցներ են սկսվել մեքենայի ուղղությամբ։

«Խուճապահար իջել մտել ենք կողքը գյուղ կար, գյուղում ենք մնացել, վիրավորներից մարդ կար, արդեն արնաքամ էր լինում»,- ասաց նա։

Այդտեղ հանդիպել են մի կամավորականի, ով իր մեքենայով նրանց տարել է Խնձորեսկի հոսպիտալ։ 

Դատախազ Գևորգ Ավետիսյանը նշեց, որ քրեական գործում առկա տեղեկությունների համաձայն՝ Խուռհատից նահանջելիս իրենց հետ նահանջել է նաև Վահանյանը։

-Մեզ հետ սպա չի եղել,- պատասխանեց վկան։

-Այլ տեղեկություններով՝ երբ կրակել են, իջել եք մեքենայից, սպասել շտապօգնության մեքենայի, այդ թվում՝ Վահանյանը, հետո գացել հոսպիտալ։

-Տենց բան չի եղել,- ասաց Մոնթեն։

Ըստ վկայի՝ հոսպիտալում գտնվելու առաջին օրը նա հանդիպել է Իշխան Վահանյանին։ Նշում է, որ Վահանյանը «ոտքի վրա էր, ոնց որ մի քիչ կաղում էր», սակայն վկան Վահանյանին չի հարցրել՝ ինչպես է հայտնվել Խնձորեսկի հոսպիտալում, Վահանյանը նույնպես նրանից չի հարցրել։

Արդեն երկրորդ օրը վկան Վահանյանին ասել է, որ իր գումարտակից է, Վահանյանը տեղափոխվել է և պառկել Մոնթեի կողքի մահճակալին։

Վկա Մոնթե Պողոսյանն ամբողջ դատական նիստի ընթացքում չէր նշում, որ զրուցել է Վահանյանի հետ։ Միայն դատախազի, դատավորի և տուժողի իրավահաջորդների ներկայացուցչի հարցերից հետո պարզվեց, որ Վահանյանն ու վկան հոսպիտալում իրար կողք են պառկած եղել։ Սակայն, վկան այդպես էլ չէր նշում, թե ինչից են խոսել՝ պատասխանելով կամ «չեմ կարա հիշեմ», կամ «խառը»։

-Դու քո գումարտակի հրամանատարի հետ, երկու իրար կողք մահճակալին հոսպիտալում պատերազմական իրավիճակի մեջ գտնվես ու չխոսե՞ս, դա ո՞նց է հնարավոր,- վկային հարցրեց դատավարո Ջոն Հայրապետյանը։

-Մյուս օրն ինքը իմ կողքը պառկած էր, բայց չեմ հարցրել, խոսացել ենք, ճաշարան էլ ենք գնացել, բայց կոնկրետ հարցեր չեմ տվել,- ասաց Մոնթեն։

-Ինչի՞ց եք խոսել։

-Չեմ կարա հիշեմ։

Ըստ վկայի՝ այն սենյակում, որտեղ պառկած էին, մոտ հարյուր մահճակալ կլիներ, դրանցից մեկի վրա հավանաբար պառկած էր Վահանյանը։

-Բա ինչի՞ բերեցեն Ձեր կողքը,- Մոնթեին հարցրեց դատավորը։

-Չեմ կարա ասեմ։

-Բերեցին, թե՞ ինքն եկավ։

-Ինքը եկել պառկել ա, բայց չգիտեմ խի։

-Չհարցրի՞ր՝ պայոն մայոր ի՞նչ ա պատահել։

-Դե ասում էր, որ բեկորային վնասվածք ա ստացել, ես էլ մտածում էի, որ վիրավոր եկել ա, իջել ա, էդքան հարցեր չեմ տվել։

-Ո՞նց էր լինում, որ իրար հետ էիք գնում ճաշարան,- հարցրեց դատավորը։

-Ժամանակ կար՝ ես գնում էի մենակ, տենում էի ճաշարանում էր, ասում էր՝ արի, նստենք։

-Ինչի՞ց էիք խոսում։

-Չեմ կարա հիշեմ, դե խառը։

-Մեքենաների՞ց էիք խոսում, հեռախոսների՞ց։

-Չեմ կարա հիշեմ… Մի երկու օր ենք իրար կողք պառկել, հետո ինքը արդեն ուրիշ կոյկի ա գնացել,

-Իմաստը ո՞րն էր՝ էն մի կոյկից գա Ձեր կողքը, Ձեր կողքից գնա ուրիշ կոյկա։

-Էնտեղ Քոչարյան ազգանունով աֆիցեռ կար, մեր գումարտակից,- ասաց վկան։

«Մոնթե, երբ քեզ կանչում էինք դատարան հարցաքաննվելու, դու անընդհատ խուսափում էիր դատարան գալուց, իմ աշխատակազմին անընդհատ գրում էիր, որ դու երկրի համար շատ բան ես արել, ինչի են հիմա քեզ հետապնդում, անընդհատ փորձում էիր իմ օգնականներին մոլորության մեջ մտցնեիր, խուսափեիր դատարան գալուց, մինչև որ ոստիկանները եկան ձեր տան հասցեով, և դու ստիպված էսօր եկել ես դատարան։ Այսինքն՝ իմ մոտ ենթադրություն է ստեղծվում, որ դու շփվող անձնավորություն ես, որովհետև աշխատակազմից զանգում են քեզ, հետո սկսում ես կարճ հաղորդագրություններ գրել։ Հիմա պատերազմի ամենաթեժ ժամանակ գտնվել ես մի հոսպիտալում, եղել են երկու զինվոր քո գումարտակից, գումարտակի հրամանտարը, ուրիշ սպա, ոչնչից չեք խոսե՞լ, ի՞նչ ա պատահել Խուռհատ սարում, Ձեր ասածին դժվար է հավատել… Ո՞նց կարող է ստացվել, որ ոչ մի բանից չխոսեք, նամանավանդ դու, ըստ բնույթի, իմ եզրահանգմամբ, շփվող անձնավորություն ես, ասել ես՝ ես ձեր երկրի համար էսպիսի բաներ եմ արել, ինձ հետաքրքիր է՝ էդ ի՞նչ էիր արել, ի՞նչ խոսեցիք… Դատարանը Ձեզ առաջարկում է, որ հոսպիտալի դրվագի հետ կապված փորձեք ձեր հիշողությունը լարել և հիշեք՝ ում հետ ի՞նչ եք խոսել, առավելապես՝ Վահանյանի հետ»,- նշեց դատավոր Ջոն Հայրապետյանը։

Վկան նշեց հոսպիտալում գտնվող զինծառայակիցների հետ Վահանյանի մասին ընդհանրապես չեն խոսել։

-Ի՞նչ թեմայով եք խոսել։

-Դե հարցնում էինք՝ ով ոնց է վիրավորվել։

-Ո՞նց էին վերաբերվում Վահանյանին։

-Կոնկրետ իրանք չէին շփվում։

Մոնթեն գնդացրորդի օգնական է եղել, Խուռհատում գնդացիր եղել է, սակայն վկան դժվարացավ պատասխանել կրակել են, թե ոչ։ Իր խոսքով՝ ինքը գնդացրորդից մոտ 10 մետր հեռավորության վրա է եղել։ 

-Վերալիցքավորման համար Դուք չպե՞տք է օգնեիք, իր հետ դիրքավորվե՞իր,- հարցրեց դատավորը։

-Որ բարձրացել ենք, ասել են՝ էստեղ դիրքավորվեք, էդտեղ եմ դիրքավորվել եմ,- նշեց վկան։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 2-ին՝ ժամը 13.00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter