HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեկնարկում է Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովը

Մյունխենում փետրվարի 17-ին մեկնարկում է անվտանգության 59-րդ համաժողովը, որի գլխավոր թեման կլինի Ուկրաինայում առկա պատերազմական իրավիճակը։ 59-րդ համաժողովին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից հարյուրավոր քաղաքական գործիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, գործարար, գիտական ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Մասնակիցների շարքում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Ավելի քան 20 տարվա մեջ առաջին անգամ Ռուսաստանից որևէ անձ չի հրավիրվել մասնակցելու համաժողովին։

Ովքեր են մասնակցելու

Մյունխենի անվտանգության համաժողովին կմասնակցեն պետությունների ու կառավարությունների 45 ղեկավարներ ու մոտ 90 նախարար։ ԱՄՆ-ն կներկայացնեն այդ երկրի փոխնախագահ Քամալա Հարիսն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նաև կոնգրեսականների խումբ։ Գերմանական պատվիրակությունը կգլխավորի կանցլեր Օլաֆ Շոլցը, կազմում կլինեն նաև էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեքը, արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ու պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Համաժողովի մասնակիցների թվում են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի արտաքին գործերի կոմիտեի, Քաղբյուրոյի անդամ Վան Ին, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, Իրաքի վարչապետ Մուհամեդ աս Սուդանին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և այլն։

Սպասվում է, որ Եվրամիությունը կներկայացնեն Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Ուկրաինան էլ կներկայացնեն արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ու մոտ 20 ուկրաինացի պատգամավորներ։

Միջազգային կազմակերպություններից կմասնակցեն Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիևան, ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհան Գեբրեյեսուսը, Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլն ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչները հայտարարել են, որ ՌԴ որևէ պաշտոնատար անձ չի հրավիրվել մասնակցելու համաժողովին։ Ի սկզբանե, Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենը պնդում էր, որ համաժողովին կմասնակցեն ռուսական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Համաժողովին չեն հրավիրել նաև Իրանի ղեկավարությանը։

Համաժողովի օրակարգը

Համաժողովը կմեկնարկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձով։ Այնուհետ առաջին օրը ելույթ կունենան Օլաֆ Շոլցն ու Էմանուել Մակրոնը։ Գերմանիայի կանցլերի գրաֆիկը բավականին հագեցած է։ Փետրվարի 17-ին նա երկկողմ հանդիպումներ կունենա Վան Իի և Քամալա Հարիսի հետ, իսկ երեկոյան եռակողմ բանակցություններ են նախատեսված Էմանուել Մակրոնի ու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։ Բացի այդ, Մակրոնի ու Դուդայի հետ Շոլցը կհանդիպի նաև «Վայմարյան եռանկյունու» ձևաչափով։ Մյունխենյան համաժողովի շրջանակներում սպասվում է նաև Մեծ յոթնյակի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Համաժողովի ընթացքում առանցքային հանդիպումներից մեկը կարող է դառնալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպումը, որի մասին, սակայն դեռևս որևէ հայտարարություն չկա։ Դեռ նախօրեին «Հետք»-ին Կառավարությունից հայտնել էին, որ այս պահի դրությամբ նման տեղեկատվություն չկա։ Ամեն դեպքում, երկու երկրների ղեկավարները Մյունխենում են և հանդիպման հնարավորությունը բացառված չէ։

Նախատեսվում է, որ երկկողմ հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին առկա դրությունն ու արցախյան հակամարտությունը։ Փաշինյանն արդեն իսկ հասցրել է ոչ ֆորմալ հանդիպում ունենալ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:

Համաժողովի գլխավոր թեման կլինի Ուկրաինայում առկա իրավիճակն ու Արևմուտքի կողմից հատկացվող օգնությունը։ Գերմանիայի պաշտպանության նախարար Պիստորիուսն այս շաբաթ հայտարարել էր, որ տարբեր ձևաչափերով համաժողովի շրջանակներում կքննարկվի Կիևին տանկերի մատակարարման հարցը։

Համաժողովը տեղի կունենա մինչև փետրվարի 19-ը։ Հիմնական միջոցառումներն անց են կացվում Մյուխենի կենտրոնում գտնվող Bayerischer Hof բարձրակարգ հյուրանոցում։ Անվտանգությունն ուժեղացնելու նպատակով քաղաքում այդ օրերին աշխատում է մոտ 4,8 հազար ոստիկան ոչ միայն Բավարիայից, այլև Գերմանիայի մյուս հատվածներից։ Հյուրանոցից 5 կիլոմետր տրամագծով կստեղծվի ոչ թռիչքային գոտի, որը ներառում է Մյունխենի գրեթե ողջ տարածքը։

Մյունխենի համաժողովը ստեղծվել է 1962 թվականին գերմանացի հրապարակախոս Էվալդ ֆոն Կլեյստի կողմից՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում։ 1999 թվականից դրան սկսեցին մասնակցել նաև Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքական ու ռազմական գործիչները և գործարար անձինք։ Համաժողովի շրջանակներում ավանդաբար տեղի են ունենում քաղաքական գործիչների ոչ ֆորմալ և անձնական հանդիպումներ, որոնք քննարկում են անվտանգության քաղաքականության ոլորտում նոր նախաձեռնությունները։

Լուսանկարը՝ Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքէջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter