HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Սիլ պլազայի» գործն այլ դատավոր կքննի․ Անի Հարությունյանը ինքնաբացարկ հայտնեց

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին և նրա ընտանիքին պատկանող «Սիլ Պլազա»-ն պետությանը վերադարձնելու գործով դատախազության հայցադիմումն այլ դատավոր կքննի։

Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն այսօր բավարարեց «Գռզո պլազա» ՍՊԸ-ի միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնեց։ «Գռզո պլազա» ՍՊԸ-ի ներկայացուցիչը երեկ դատավորին բացարկի միջնորդություն էր ներկայացրել։ ՍՊԸ-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ դատավոր Անի Հարությունյանը չի կարող անկաշկանդ քննել այս գործը, քանի որ հայցվոր կողմ դատախազությունը ամիսներ առաջ քրեական հետապնդում էր հարուցել նրա նկատմամբ։ Թեթև այդ հետապնդումը կապ չուներ դատավորի գործունեության հետ, սակայն «Գռզո Պլազայի» ներկայացուցիչը հայտնել էր, որ այս գործով կայացվելիք դատական ակտը կարող է օբյեկտիվ չլինել։

«Ներկայացված փաստարկը առ այն, որ քրեական հետապնդում է հարուցված գլխավոր դատախազության կողմից իմ հանդեպ, կարծում եմ, որ անմիջականորեն կանխակալ վերաբերմունքի մասին չի կարող վկայել։ Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանը բազմիցս արտահայտել է այն դիրքորոշումը, որ կարևոր է հանրության վստահությունը դատարանների հանդեպ։ Քանի որ կա կասկած կանխակալության վերաբերյալ, գտնում եմ, որ ավելի ճիշտ կլինի հայտնեմ ինքնաբացարկ` զուտ դատարանների հանդեպ վստահությունը ապահովելու և վերականգնելու համար»,- ինքնաբացարկի որոշումն այսպես մեկնաբանեց դատավոր Անի Հարությունյանը։ Սա նշանակում է, որ գործը սահմանված կարգով կմակագրվի մեկ այլ դատավորի։

Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է «Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փողոց 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչել և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչել»։ Ավելի պարզ ասած, դատախազությունը պահանջում է դատարանից Սուքիասյաններին զրկել «Սիպ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։

Իրավական այս գործընթացը տեղի ունեցավ «Հետք»-ի՝ «$ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով»» վերտառությամբ հետաքննության հրապարակումից հետո։ Գլխավոր դատախազությունում մեր հոդվածն ուսումնասիրվեց, ապա քրեական գործ հարուցվեց, որից հետո դատախազությունը դիմեց վարչական դատարան։

Հրապարակմամբ պարզել էինք, որ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հոր հիմնադրած «Աստղիկ 1» կոոպերատիվը Երևանի կենտրոնում գտնվող Արամի փողոց 3 և 5 հասցեների անշարժ գույքը սեփականաշնորհել էր, որպեսզի վերակառուցեր և օգտագործեր որպես հայ նկարիչների նկարների վաճառատուն։ 1995-97 թթ.-ին շենքը 5655 ԱՄՆ դոլարով ձեռք բերելուց հետո Սուքիասյաններն այն վերակառուցել են, սակայն նկարների վաճառատան փոխարեն շենքն օգտագործում են այլ նպատակով։ Այսօր «Սիլ պլազայում» տեղակայված են Սուքիասյանների բիզնեսները։ «Սիլ պլազայի» սեփականաշնորհման որոշումները կայացրել է Հայաստանի ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանը, որն այդ ժամանակ Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահն էր (Երևանի քաղաքապետը)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter