HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Սերժ Սարգսյանի դրամական միջոցների և գույքի բռնագանձման պահանջ է ներկայացվել

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ փետրվարի 17-ին, շարունակվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա 2 դուստրերի՝ Անուշ Մինասյանի և Սաթենիկ Սարգսյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Նիստը նախագահում էր դատավոր Աշխեն Ղարսլյանը, դատախազության ներկայացուցիչներն էին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանը, նույն վարչության տնտեսագետ Արթուր Կարապետյանը։ Պատասխանող կողմից դահլիճում էին Սերժ Սարգսյանի և Սաթենիկ Սարգսյանի ներկայացուցիչ փաստաբան Ամրամ Մակինյանը, Անուշ Մինասյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանը։

Մինչ նիստը կսկսվեր, պատասխանող կողմի առարկության և հայցվոր կողմի դեմ չլինելու պայմաններում դատարանը որոշեց արգելել լրատվամիջոցներին լուսանկարահանում ու տեսանկարահանում իրականացնելը, այդ թվում՝ դատարանին և հայցվոր կողմին։

Պատասխանող կողմի ներկայացուցիչներն առարկեցին նաև նիստին դատախազության տնտեսագետի ներկայությունը։ Ըստ փաստաբանի՝ այս գործով իրավասու մարմինը ոչ թե Գլխավոր դատախազությունն է, այլ՝ դատախազության կոնկրետ ստորաբաժանումը։ Ուստի, միայն տվյալ վարչության աշխատակից հանդիսացող անձինք իրավունք ունեն հայց ներկայացնել և կատարել դատավարական գործողություններ՝ նիստերին մասնակցել, հարցերի պատասխանել։ Փաստաբանը հայտնեց, որ Արթուր Կարապետյանը դատախազության աշխատակից է, բայց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության աշխատող չէ, այսինքն՝ իրավասու մարմնի կազմի անդամ չէ, ուստի չի կարող հայց ներկայացնել և մասնակցել նիստին։

Գրիգորյանի պնդմամբ, եթե նույնիսկ Գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը լիազորեն տնտեսագետին հայց ներկայացնել, ապա դա անհնար է․ «Կարծում եմ՝ նույնիսկ Գլխավոր դատախազը և Գլխավոր դատախազի տեղակալը հայց ներկայացնելու իրավասություն չունեն, այն կարող է ներկայացվել միայն իրավասու մարմնի կողմից, օրինակ՝ վարչության պետ, պետի տեղակալ, այդ վարչության աշխատակից ավագ դատախազ կամ դատախազ»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ թեև Գլխավոր դատախազը և նրա տեղակալը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայց ներկայացնելու իրավունք չունեն, հայցից հրաժարվելու իրավունք ունեն։ Ըստ Գրիգորյանի՝ տնտեսագետի ներկայությամբ խախտվում է նաև իրավահավասարության սկզբունքը, քանի որ դատավարության մի կողմին թույլատրվում է ունենալ տնտեսագետ, մյուսին՝ ոչ։

Դատախազ Տիգրան Ենոքյանն ամբողջությամբ առարկեց պատասխանողի ներկայացուցչի դիրքորոշմանը։ Վերջինիս խոսքով՝ իրավասու մարմինը կարող է հայցադիմումը ներկայացնել առաջին ատյանի դատարան։ «Հետագայում հայցադիմումի պաշտպանության համար օրենսդիրը որևէ կարգավորում չի սահմանել, որ պետք է պարտադիր հայցադիմումը ստորագրած դատախազը մասնակցի դատական նիստերին։ Այսինքն՝ գործում են քաղաքացիական դատավարության ընդհանուր նորմերը»,- նշեց նա` հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը դատարանում կարող են ներկայացնել Գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, ինչպես նաև՝ նրանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, վարչական շրջանի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են։ «Պարոն Կարապետյանն աշխատանքային հարաբերությունների մեջ է հենց համապատասխան պատասխանատու ստորաբաժանման հետ»,- ասաց դատախազը՝ նշելով, որ տնտեսագետի պարտականությունների մասին գրված են նրա աշխատանքային պայմանագրում։

Դատարանը ճանաչեց տնտեսագետի ներկայությունը այս և հաջորդող դատական նիստերին։

Այնուհետև դատախազ Տիգրան Ենոքյանը միջնորդություն ներկայացրեց հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ հայցի հիմքի փոփոխությունը վերաբերում է «Արարատ բանկում» Սերժ Սարգսյանին և Ռիտա Սարգսյանին պատկանող ավանդային հաշիվները և ներդրված ավանդներից կուտակված տոկոսային հաշիվները հստակեցնելուն, մասնավորապես՝ հստակեցվել են կոնկրետ հաշիվները՝ ըստ պայմանագրի համարների։ 

  • Դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել 2018թ․ փետրվարի 9-ին «Արարատ բանկ» ընկերությունում ներդրված 107 մլն 998 հազար 657 դրամ ավանդը, իսկ անհնարինության դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ։
  • 2022թ․ ապրիլի 11-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը համապատասխան ավանդային հաշվին առկա գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսները։
  • 2018թ․ փետրվարի 9-ին նույն բանկում ներդրված ավանդի կուտակած 44 միլիոն 280 հազար 352 դրամի չափով տոկոսները։
  • 2022թ․ ապրիլի 11-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Արարատ բանկ» ընկերության հաշվին առկա 44 միլիոն 280 հազար 352 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։
  • Ռիտա Սարգսյանի ժառանգ Սաթենիկ Սարգսյանից, օրենքի իմաստով, որպես Սերժ Սարգսյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Ռիտա Սարգյանի անվամբ 2018 թվականի փետրվարի 12-ին «Արարատբանկ» ընկերությունում ներդրված օրենքի իմաստով՝ Սերժ Սարգսյանին պատկանող և Սաթենիկ Սարգսյանին ժառանգությամբ փոխանցված 95 մլն դրամի ավանդը, իսկ անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ։ Սաթենիկ Սարգսյանի՝ բարեխիղճ ձեռքբերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։ 
  • 2021թ․ մայիսի 12-ից մինչեւ վճռի փաստացի կատարման օրը «Արարատբանկ» ընկերությունում նշված ավանդային հաշվին առկա 95 մլն դրամ գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները, անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ, իսկ բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։ 
  • Ռիտա Սարգսյանի անվամբ 2018թ․ փետրարի 12-ին «Արարատբանկ» ընկերությունում ներդրված, օրենքի իմաստով՝ Սերժ Սարգսյանին պատկանող և ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված ավանդի նկատմամբ կուտակված 30 մլն 435 հազար 975 դրամի չափով տոկոսները, անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ։
  • 2021թ․ մայիսի 12-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Արարատբանկ» ընկերության համապատասխան հաշվում առկա 30 մլն 435 հազար 975 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ, անհնարինության դեպքում՝ բռնագանձել համարժեք դրամական միջոցներ Սաթենիկ Սարգսյանից, իսկ բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։ 
  • Սաթենիկ Սարգսյանից, որպես օրենքի իմաստով Սերժ Սարգսյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Երևանի Տերյան փողոց, 66 շենքի 64-րդ բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ Սերժ Սարգսյանից բռնագանձել գույքի շուկայական արժեքը՝ 260 մլն 900 հազար դրամ։
  • Երևանի Տերյան փողոց, 66 շենքի 39 հասցեի ավտոկանգառը, անհնարինության դեպքում՝ Սերժ Սարգսյանից բռնագանձել նշված գույքի շուկայական արժեքը՝ 10 մլն 660 հազար դրամ։
  • Երևանի Տերյան փողոց, 66 շենքի թիվ 39-րդ ավտոկայանատեղին (խմբ․ 2 ավտոկայանատեղիներն էլ ունեն 39-րդ համարը), իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել շուկայական արժեքը՝ 10 մլն 660 հազար դրամ։
  • Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 165 մլն 854 հազար 249 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ՝ բռնագանձումը տարածելով նաև համատեղ կյանքի ընթացքում Ռիտա Սարգսյանի անվամբ առևտրային բանկերում առկա, ինչպես նաև ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված դրամական միջոցների վրա։
  • 186 մլն 584 հազար 328 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006-2021թթ․ ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ բռնագանձումը կրկին տարածելով համատեղ կյանքի ընթացքում Ռիտա Սարգսյանի անվամբ առևտրային բանկերում առկա, ինչպես նաև ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված դրամական միջոցների վրա։

Դատարանը հարց ուղղեց դատախազին, թե Անուշ Մինասյանի մասով հայցապահանջից հրաժարվու՞մ է։ Դատախազը դրական պատասխան տվեց։

Պատասխանող կողմի ներկայացուցիչներն առարկեցին դատախազության ներկայացրած միջնորդության դեմ։ «Սկզբնապես ներկայացված հայցի առարկայի և միջնորդության մեջ ներկայացված նոր հայցի առարկայի համադրումից ակնհայտ է, որ իրավասու մարմնի կողմից փորձ է արվում փոփոխել հայցի առարկան՝ պահանջների չափն ավելացնելու միջոցով»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ եթե սկզբնական հայցադիմումով իրավասու մարմինը պահանջում էր բռնագանձել գույքի միայն այն մասը, որն իր կատարած ուսումնասիրության արդյունքում որակվել է որպես ապօրինի ծագում ունեցող, ապա հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու միջնորդությամբ՝ իրավասու մարմինը դատարանից խնդրում է բռնագանձել գույքն ամբողջությամբ։ Նա նշեց նաև, որ միջնորդությամբ ներկայացված հայցի առարկայում իրավասու մարմինը լրացուցիչ պահանջներ է ներկայացրել՝ պահանջելով բռնագանձել ավանդային և այլ հաշիվներում առկա գումարների վրա հաշվեգրվող տոկոսները՝ սկսած որոշակի ամսաթվերից մինչև վճռի կատարման պահը։

Գրիգորյանը կարծում է՝ նշված երկու ավելացումներն էլ անթույլատրելի են։ Նրա խոսքով՝ իրավասու մարմինը չի կարող հայցապահանջ ներկայացնել այնպիսի գույքի նկատմամբ, որի ապօրինի ծագումն առնվազն մատնանշված չի եղել եզրակացության մեջ։

Փաստաբանի խոսքով՝ կան նաև փաստաթղթեր՝ նախնական ամփոփագիր, վերջնական եզրակացություն, ուսումնասիրություն սկսելու մասին որոշում, որոնց առկայությունը պարտադիր է հայց հարուցվելու համար։ «Եթե փաստաթղթերից որևէ մեկը հայց հարուցելու պահին առկա չլինի և հայցադիմումին կցված չլինի, դա ոչ թե հայցի նյութաիրավական իմաստով մերժման հիմք է, այլ՝ դատավարական իմաստով վարույթ չընդունելու հիմք»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հարուցված հայցի պահանջը չպետք է ունենա ավելի մեծ ծավալ, քան եզրակացության մեջ նշված ապօրինի ծագում ունեցող գույքի շրջանակն է։ Բացի այդ՝ Գրիգորյանը նշեց, որ միջնորդությունը դատարանի կողմից բավարարվելու դեպքում, կարող է փոխվել իրավունքը կամ շահը, որի պաշտպանության նպատակով հայցը հարուցվել է։

Դատախազ Տիգրան Ենոքյանի պնդմամբ՝ պատասխանող կողմի ներկայացուցչի առարկություններն անհիմն են։ «Ապացուցման պարտականությունը բաշխելուց հետո պատասխանող կողմը կարող է ներկայացնել այնպիսի տվյալներ, որոնք էական ազդեցություն կունենան բռնագանձման ենթակա գույքի՝ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող մասը որոշելու տեսանկյունից»,- ասաց Ենոքյանը։

Նրա խոսքով՝ կախված իրավիճակից և ներկայացված ապացույցների բնույթից՝ գույքը ձեռք բերելու համար անձի մոտ առկա միջոցները կարող են ինչպես նվազել, այնպես էլ ավելանալ, այդ պարագայում հայցվոր կողմը ապացուցման պարտականությունը բաշխելու որոշումից հետո չի կարողանա հայցի հիմքը կամ առարկան փոխել։

«Օրինակ՝ բռնագանձման ենթակա գույքի օրինական եկամուտներով չհիմնավորվող մասն ավելանալու պարագայում ստացվելու է մի իրավիճակ, որ դատարանը հաստատված է համարելու գույքի ապօրինի մասը, սակայն զրկվելու է հայցի առարկայով նշվածից գերազանցող մասը բռնագանձելու հնարավորությունից»,- ասաց դատախազը։

Ենոքյանը անհիմն որակեց նաև պատասխանողի ներկայացուցչի այն պնդումը, որ ուսումնասիրության արդյունքների վերջնական ամփոփումից և համապատասխան եզրակացության կազմումից հետո իրավասու մարմինը չի կարող հայցադիմումից ծավալով տարբերվող ավելի մեծ պահանջ ներկայացնել և փոփոխել հայցի առարկան։

«Մինչև դատարանի կողմից ապացուցման պարտականությունը բաշխելու որոշում կայացնելը, կարելի է հայցի առարկայի և հիմքի կամ նրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ գրավոր միջնորդություն ներկայացնել դատարան, որից չի բխում, որ փոփոխությունը պետք է համահունչ լինի եզրակացությանը և ուղղված լինի գույքի ապօրինի մասը միայն նվազեցնելուն»,- ասաց դատախազը։

Իսկ շահի փոփոխման մասով դատախազն ասաց, որ հայցի առարկայի միջնորդությամբ ներկայացված փոփոխությունները գտնվում են նույն պաշտպանվող իրավունքի և հետապնդող գույքային շահի տիրույթում, քանի որ ապօրինի ծագում ունեցող է համարվում այն գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։

Դատախազին արձագանքելով՝ Սերժ Սարգսյանի և Սաթենիկ Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով նախատեսված ուսումնասիրությունն առարկայազուրկ է։ «Ինձ համար անհասկանալի է, եթե իրավասու մարմինն ընդունել է տվյալ գույքի, օրինակ, 68%-ի օրինական լինելը, ինչքանո՞վ է տրամաբանական ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել էն դեպքում, երբ դատախազությունն ասում է, որ այս գույքն օրինական է»,- ասաց նա։

Մակինյանի խոսքով՝ սա միակ դեպքը չէ, երբ դատախազությունը սկզբնական հայցապահանջում ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող գույքի կոնկրետ մասի բռնագանձման պահանջ, ապա փոխում պահանջը՝ դարձնելով ամբողջական գույքին վերաբերող։ «Ես Ազգային անվտանգության ծառայություն հաղորդում եմ ներկայացրել այդ մասին, որ քննվի այս հարցը, պարզվի՝ ինչ է կատարվում»,- ասաց Մակինյանը։

Դատարանը հայտնեց, որ հայցի առարկայի միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի և կուղարկի կողմերին՝ օրենքով սահմանված կարգով։

Գործով հաջորդ նիստը նշանակվեց մարտի 17-ին՝ ժամը՝ 15։00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter