HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը գնահատում է որպես տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման փորձ

ՌԴ-ն Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության մեջ տեսնում է բացառապես աշխարհաքաղաքական աստառ, որը հեռու է Անդրկովկասում կարգավորման շահերից, և դիտարկում որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում էր փետրվարի 20-ից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության մեկնարկին։

«Ցավոք, առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք Եվրամիության և ընդհանրապես Արևմուտքի ձգտումը՝ ամեն կերպ ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում։ Այդ փորձերի մեջ տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական աստառ, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է միայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և նրա՝ որպես անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը թուլացնելու համար։ Անտեսվում են Բաքվի կողմից այդ նախաձեռնության վերաբերյալ հրապարակային բացասական գնահատականները»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։

Զախարովան պնդում է, որ «տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորման գործընթացում Եվրամիության մասնակցության փորձը միանշանակ չէ»։ «Դժվար թե Բրյուսելում կարողանան գլուխ գովել այս ոլորտում իրենց հաջողություններով։ Վերցնենք թեկուզ սերբական Կոսովո երկրամասում Եվրամիության միջնորդական ջանքերն ու առաքելությունը»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ «դա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության վերաբերյալ ԵՄ որոշման գնահատման ժամանակ»։

Ռուս պաշտոնյան նշում է, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմնական տեսանելի գործոնը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածություններն են։ «Դրանց համակողմանի իրականացման, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, երկու երկրների հասարակությունների, փորձագետների, կրոնական շրջանակների, խորհրդարանականների միջև շփումների հաստատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մշակման շուրջ բանակցությունների միջոցով ընկած է տարածաշրջանում իրավիճակի առողջացման ամենաուղիղ ճանապարհը։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում ևս աջակցել դրան»,- եզրակացնում է Զախարովան։

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 20-ից Հայաստանում իր առաքելությունն է մեկնարկել ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելությունը, որը տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանին։ Առաքելությունը կգործի երկու տարի ժամկետով և ենթադրում է մշտական պարեկության իրականացում և տեղում իրավիճակի վերաբերյալ Բրյուսելի համար զեկույցների պատրաստում։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանում ԵՄ դիրքերի ամրապնդմանը։

Լուսանկարը՝ Frank Baulo/Wikimedia Commons

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter