HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգսյանների ընտանիքն Ակնաղբյուրում թողել է ամեն ինչ ու Երեւանում ապրում է անորոշության մեջ

Հադրութի Ակնաղբյուր գյուղի դպրոցի հարեւանությամբ 52-ամյա Էրիկ Սարգսյանի երկհարկանի տունն էր՝ 8 սենյակով եւ բոլոր հարմարություններով։ Տունը 2013 թ. պետությունն էր նվիրել որպես բազմազավակ ընտանիք։ Տնամերձ հողատարածքը մշակում էին, բերքից գոհ էին։ Պտղատու ծառերը շատ էին։ Էրիկը տարեկան 1 տոննա արքայանարինջ էր վաճառում։ 2020 թ.  բերքը չհասցրեց հավաքել։ Որոշել էր նոյեմբերին հավաքել, բայց պատերազմը խառնեց ծրագրերը: Պատմում է, որ 2020-ի աշնանն առատ բերք էր սպասվում։ Ամռանը ծիրանի այնքան բերք կար, որ ծառերը ճկվել էին։ Հիշում է իրենց թոնրատան մոտ գտնվող բալենիները, որոնք այնքան բերք էին տվել, որ կարմիր գլուխների տեսք էին ստացել։ Թոնրատանը Էրիկի կինը՝ Նունեն, լավաշ էր թխում 5 զավակների համար։ Էրիկի օրն էլ սկսվում էր անասուններին դաշտ տանելով, ապա մինչեւ երեկո հող մշակելով։ Հիմա այս ամենը հիշողություններ են։

Էրիկ Սարգսյանն իր հարազատ գյուղը հիշում է դրանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ իր ընտանիքի կողմից վարձակալված՝ Երեւանի նախկին «Պրահա» հյուրանոցի մի փոքր սենյակում, որ հիմա բնակարան է: Էրիկը 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո էլ չի կարողանում հաշտվել կատարվածի հետ։ Երբ գիշերը պառկում է, մտքերով հասնում է գյուղ, սկսում առօրյա գործը, հիշում կովին ու հորթին, որոնց գյուղից հեռանալուց բաց էր թողել ու մտածում էր, որ կգնան ապահով տեղ ու կենդանի մնացած կլինեն։

2020-ի սեպտեմբերի 27-ին՝ կիրակի օրը, Էրիկը պատրաստվում էր գոմից հանել անասուններին ու դաշտ տանել, երբ օդում սպիտակ բաներ տեսավ։ Առաջին հայացքից դժվար էր հասկանալ, թե ինչ են դրանք, հետո ձայներից հասկացել էին, որ ԱԹՍ-ներ են։ Ավելի ուշ մեր ՀՕՊ-ը խոցեց դրոններից մեկը, որի պայթյունի ձայնը լսեցին։ Այդ օրն Էրիկն այլեւս գործ չէր արել, անասուններն էլ մնացել էին գոմում։

Էրիկի երկու որդիներն արդեն ռազմաճակատում էին։ Տիգրանը պայմանագրային զինծառայող էր Արալեռում, իսկ Կարենը՝ երկու ամսվա ժամկետային զինծառայող Ջրականում։ Կինը՝ Նունեն, փոքր դստեր՝ Զարինեի հետ, բուժման համար Երեւանում էր դեռ 2017-ից։ 3,5 տարեկանում Զարինեն սկսել էր չքայլել, անգամ չէր կարողանում կանգնել, Երեւանում 40 օր բուժում էին նշանակել, ասել, որ ողնաշարային խնդիր է։ Հետո բուժումները շարունակել էին Արցախում։ Նունեն դստերը մերսման էր տանում Հադրութ, բայց դա էլ երկար չտեւեց։ 2017-ին նկատել էին, որ երեխայի սիրտը վատ է, Նունեն նորից Երեւան էր բերել ու այդպես էլ մնացել այստեղ։

13-ամյա Զարինեի մոտ բժիշկները խրոնիկ երիկամային անբավարարություն են ախտորոշել։ Զարինեն պարբերաբար «Արաբկիր» հիվանդանոց է գնում՝ դիալեզի։ Հիվանդության միակ լուծումը երիկամի փոխպատվաստումն է, ինչն արժե մոտ 5 միլիոն դրամ: Դրա կեսը՝ 2,5 միլիոնը, պետությունը վճարելու է, մյուս կեսն ընտանիքիը պիտի վճարի, նաեւ պետք է դոնոր գտնել։

-Ես ինքս կկանգնեմ դոնոր,- ասում է Էրիկը։

-Հա, դե ուրիշ չենք կարա, թվեր են,- շարունակում է Նունեն։

-Համ էլ չենք հետաքրքրվել,- ասում է Զարինեն ու ժպտում։

2017-ից մինչ օրս նրանք ապրում են նախկին հյուրանոցի փոքր սենյակում, որտեղ հիմա մնում են 5 հոգով։ Սենյակում գրեթե տեղ չկա շարժվելու։ Մահճակալը, որ ավելի շատ բացված բազմոցի է նման, գրավել է սենյակի հիմնական տարածքը։ Դժվար է պատկերացնել, թե այդքան մարդ ոնց է տեղավորվում փոքր խուց հիշեցնող սենյակում։

-Բա դուք պատերազմի օրերին պիտի տեսնեիք՝ 11 հոգով էս մի սենյակում էինք,- արձագանքում է Նունեն ու նայում կրստեր դստերը. Զարինեն ավելացնում է, որ քույրն էր՝ Տաթեւը՝ 4 երեխաների հետ, քեռու ընտանիքը, կրտսեր եղբայրը՝ Զորիկը։

Արցախից գալուց հետո երեխաներից Զորիկը մի տարի ուշացումով դպրոց գնաց։ Հիմա պետք է բանակում լիներ, բայց 12-րդ դասարանում է սովորում։

-Մենք ամեն ինչ ունեինք, հիմա ոչինչ չունենք,- ասում է Էրիկը։

2020 թ. հոկտեմբերի 14-ին նա թողել է ամեն ինչ ու դուրս եկել տնից։ Պատմում է, որ հոկտեմբերի 7-ին թշնամին արդեն Հադրութի բարձունքներում էր, իսկ 9-ին՝ քաղաքի ներսում։ Ակնաղբյուրում, որը Հադրութից ուղիղ գծով 5 կմ է հեռու, երեխաներին ու կանանց ավելի շուտ էին տարհանել, գյուղում քիչ մարդ էր մնացել։

Բացի երեխաների ծննդականներից ու անձնագրերից՝ ոչինչ չեն վերցրել տնից։ Էրիկը պատմում է, որ իրենց ասել էին, թե երկու օրից հետ են գալու։

«Չենք պատկերացրել, որ դուրս ենք գալու ու էլ հետ չենք գնալու։ Միշտ մտածում էինք, որ 92-ի պես էր լինելու կամ քառօրյայի: Մտածում էինք՝ դրանք վախկոտ են, ո՞վ էր մտածում, թե էդքան թիկունք ունեն»,- ասում է Նունեն։

Հոկտեմբերի 14-ին Էրիկը եղբայրների հետ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում հուղարկավորել է պատերազմում զոհված եղբորը՝ Խաչատուրին: Ինքն էլ ռազմաճակատ գնալու համար դիմել էր որպես կամավոր։ Բայց երբ իմացել էին, որ երկու որդիներն արդեն ճակատում են, հարցրել էին՝ «էդ մի տնից քանի՞ հոգով պիտի գնաք»։ Էրիկն անդրդվելի էր…

Ավագ որդին՝ նախկին պայմանագրային զինծառայող Տիգրանը, հայացքը պատուհանին՝ լսում է զրույցը։ Պատերազմից հետո նա գրեթե չի խոսում իր տեսածի մասին։

Պարտադիր ժամկետային զինծառայությունն անցնելուց հետո Տիգրանը պայմանագրային զինծառայող է դարձել 2019 թ․։ Պատերազմը սկսվելուց 3 օր առաջ, ասում է, արդեն գիտեին, որ կռիվ է լինելու։ Նախապատրաստվում էին, բայց այդ ժամանակ չգիտեին, որ կռիվը շաբաթներ է տեւելու եւ ապրիլյան քառօրյայի պես չի լինելու։

Տիգրանն Արալեռի զորամասի դիվիզիոնի ավագն էր։ Լռում է՝ հարցերն անպատասխան թողնելով։ Նոյեմբերի 9-ի հրադադարի լուրը լսել է Մարտունու Սպիտակաշեն գյուղում։

-Պատերազմի ընթացքից զգո՞ւմ էիք պարտությունը,- հարցնում եմ նրան։

-Չէինք պարտվում, է, պարտվել էին տալիս, նահանջ էին տալիս: Քո համար ո՞նց ա, որ զեկուցես, ասես՝ ցելը չի հերիքում, գնանք խփենք, ասում են՝ չէ, հետ ենք գնում:

-Բայց ուժերը հերիքո՞ւմ էին առաջ գնալուն,- նորից հարցնում եմ։

-Հա, ամեն ինչ ունեինք, չթողեցին,- պատասխանում է Տիգրանը։

-Իսկ ի՞նչ եք մտածում էդ ամեն ինչի մասին։

-Հըլը որ ոչ մի բան չեմ ուզում մտածել, որ մտածում եմ, գժվում եմ։

Տիգրանի 52 զինակցից 2-ը զոհվել է, 10-ը՝ վիրավորվել:

Դեկտեմբերի 12-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումից մեկ օր առաջ Տիգրանը Երեւան էր եկել։ Երկու ամիս առաջ զինծառայությունից ազատվելու դիմում է գրել։ Պատճառներից մեկը ողնաշարի ճողվածքն է։ Ասում է՝ պատերազմի ժամանակ խնդիրը խորացավ, ողնաշարի վիճակն ավելի վատացավ։

Նոյեմբերին երկօրյա ուղեգիր էին տվել՝ Երեւանի Մուրացանի զինվորական հոսպիտալում բուժզննում անցնելու համար, բայց չէր հասցրել գալ։ Ասում է՝ ուղեգիրը տվել էին երեկոյան, իսկ հաջորդ օրը կիրակի էր, չէր կարող գալ։ Ստեփանակերտում բուժզննում էր անցել, դեղեր էին նշանակել, բայց հիմա դրանք չի խմում։ «Ցավը մեղմ ա ասված, սաղ օրը պառկած եմ եղել։ Դեղն էլ չէր օգնում։ Երկու ամիս դեղ էի օգտագործում, չէր օգնում»,- ասում է 24-ամյա երիտասարդը:

Իսկ հիմա բժշկի գնալու եւ հետազոտվելու համար գումար է պետք, որն ընտանիքը չունի։

Ընտանիքից այժմ աշխատում է միայն Էրիկը։ Շինարարությունում է աշխատում օրավարձով, բայց վաստակածով հազիվ զավակներին դեղ է գնում, մյուս կողմից էլ տան վարձն է։ Արդեն երկու ամիս է՝ տանտերը բարձրացրել է վարձավճարը՝ 60 հազարից դարձնելով 80 հազար դրամ, հիմա էլ ասել է, թե պետք է ազատեն առաջիկա ամիսներին, քանի որ պատրաստվում է վերանորոգել սենյակ-բնակարանը։ Սարգսյանները չգիտեն՝ ինչ անել։

Երեխաներից Տաթեւն ու Կարենն այժմ Արցախում են։ Տաթեւը 5 երեխա ունի, ընտանիքով բնակվում է Կարմիր Շուկայում։ Շրջափակման այս օրերին էլ չեն բողոքում, ասում են՝ հարմարվել են։ Կարենը պայմանագրային զինծառայող է դարձել, ասում է՝ Արցախից դուրս ոչ մի տեղ չի ցանկանում ապրել։ Էրիկը հիշում է, որ պատերազմի օրերին Ջրականում ծառայող Կարենից 10 օր լուր չունեին, որդին շրջափակման մեջ էր, բայց ինքն այդ ընթացքում այնպես էր անում, որ կինը գլխի չընկնի, հանգստացնում էր, ասում, որ որդին լավ է, խոսել է հետը։

Նունեի երազանքները հիմա հյուսվում են զավակների առողջության մասին մտքերով։ Երբ 13-ամյա Զարինեից հարցրի, թե ինչ երազանք ունի, չպատասխանեց, փոխարենը մայրն արձագանքեց՝ առողջություն։

Բայց աղջիկն ուզում է դիպուկահար դառնալ։ Տիգրանն ասում է՝ ոչինչ, քրոջը կրակել կսովորեցնի։

Նախկին հյուրանոցի երկար միջանցքում մութ է, հետո երբ հասնում ես աստիճանահարթակին, կեսօրվա լույսի փունջն ընկնում է անցնող-գնացողի վրա։ Ակնաղբյուրցի այս ընտանիքի սենյակից դուրս ենք գալիս ծանրացած՝ դարս-դարս եղած նրանց խնդիրների մասին խոսելով ու օգնության ուղիների մասին մտածելով։ Հարազատ գյուղից ու տնից նույնիսկ մի ձեռք հագուստ չվերցրած ընտանիքը մեր ամբողջ զրույցի ընթացքում այդպես էլ չակնարկեց օգնության կարիք ունենալու մասին։ Ու դա ավելի շատ է ծանրացնում հույզերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter