HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՊ-ական պատգամավորներին հրավիրում են ՊՆ նախկին շենքի տարածք

«Ուզում եմ հոդվածիդ մեջ գրես, որ ՔՊ-ական պատգամավորներին հրավիրում ենք ՊՆ նախկին շենքի տարածք, որովհետև չի բացառվում, որ 120 ընտանիքներում լինեն մարդիկ, որոնք ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տվել են ՔՊ-ին։ Թող գան, տեսնեն ինչ վիճակ է»,- ասում է շենքի բնակիչ Սարգիսը։ 

Փետրվարի 16-ից սկսած ՊՆ նախկին շենքի բնակիչները փողոցում են։ 

Մի քանի օր առաջ նրանց թույլ են տվել շենքի դիմաց վրան տեղադրել, որը բավարար չէ բոլորին տեղավորելու համար։ Հիմա 10 հոգու համար նախատեսված վրանում մոտ 25 հոգի է ապրում, հիմնականում կանայք, երեխաներն ու տարեցներն են, մնացածը գիշերում են դրսում։ 

Շենքի դարպասների դիմացից անդադար սև խիտ ծուխ է դուրս գալիս՝ այստեղ բնակիչները հիմնականում վառում են հին անվադողեր, պլաստիկ՝ ինչ պատահի։ Վառելիքի համար նախատեսված փայտը մնացել է շենքում։ Տաքանալու համար ստիպված շնչում են վնասակար ծուխը։ 

Այստեղ ապրող Աննան պատմում է, որ կրակը դարձել է իրենց պայքարի սիմվոլը և չի հանգչի, մինչև հարցին ընդունելի լուծում տրվի։  

Աննայի խոսքով, դրսում մնալու օրվանից սկսած՝ իրենց իրավիճակը գնալով վատացել է։

«Ոստիկանների ուղեկցությամբ գնացել, մտել ենք շենքի տարածք, սենյակներ, որ մեր վեշերը բերենք, բայց պարզվում ա, որ որոշ բաներ չկան ուղղակի, ոստիկանները շատերի գույքը կամ վնասել են, կամ ջարդել»,-պատմում է Աննան։ 

Բնակիչներից շատերը չեն ցանկանում դուրս բերել իրենց գույքը, քանի որ տանելու տեղ չունեն, իսկ փողոցում կարող է գույքը փչանալ կամ վնասվել։

Չնայած սրան, բնակիչներից գրեթե բոլորը միաբերան ասում են, որ ոստիկանության դեմ ոչինչ չունեն։ «Դե հասկանում ենք, իրանք էլ մեր պես աշխատավոր մարդիկ են, իրենց ղեկավարների հրամաններն են կատարում, եթե չանեն՝ գործից կհանեն իրանց։ Մեր խնդիրը իրանց հետ չի, այլ՝ քաղաքական որոշում կայացնողների»,- պատմում է բնակիչներից մեկը։

Հարցին, թե ինչպես են հոգում իրենց կարիքները, ինչպես են հաց պատրաստում, Աննան ասում է՝ մի կերպ։

«Մենք սաղս շատ շնորհակալ ենք մեր կողքի գազալցակայանի տնօրինությանը, որ գոնե մարդկային վերաբերմունք են ցույց տալիս ու թողնում են, որ իրենց բաղնիքից օգտվենք, լվացվենք»,- պատմում է Աննան։

Մի քանի օր առաջ շաքարային դիաբետ ունեցող մի տարեց կնոջ ինքնազգացողությունը վատացել էր, քանի որ ինսուլինի կարիք ուներ։ Նրան հանդիպել էինք փետրվարի 16-ի երեկոյան՝ կրակի մոտ նստած։ Բնակիչների խոսքով՝ շտաբօգնություն էին կանչել, որ ինսուլին տրամադրեին կնոջը, բայց շտաբօգնությունից ասել էին, որ ինսուլին չկա։ Հիվանդ կնոջը որոշ ժամանակով ուղարկել են Էջմիծին՝ բարեկամի տուն։

Հիմա շենքի տարածքում ոստիկանության մեքենաների կողքին շուրջօրյա հերթապահություն է անում նաև շտաբօգնության մեկ բրիգադ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից բնակիչներին առաջարկել են ժամանակավոր կացարան տրամադրել։ Աննայի խոսքով՝ մի քանի ընտանիք գնացել է Սոցապի տրամադրած կացարաններ, հիմնականում քրոնիկ հիվանդություններ ու փոքր երեխա ունեցողները։ 

«Մի քանի հոգի էլ գնաց, հետ եկավ, պարզվել ա, որ էդ հասցեներում արդեն մարդ ա եղել, ինչ-որ սխալմունք ա եղել, տենց թողել հետ են եկել»,- ասում է նա։ 

Բնակիչները հակված չեն վստահելում նախարարությանը, ասում են, որ բոլոր առաջարկները ժամանակավոր բնույթ են կրում և վաղ թե ուշ նրանք նորից փողոցում կհայտնվեն, բոլոր առաջարկները մակերեսային, «կոսմետիկ» են։

Փետրվարի 17-ին բնակիչներին այցելել էր Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը։ Բնակիչները ներկայացրել էին իրենց հուզող հարցերն ու խնդիրները։ Բայց նրանց խոսքով՝ գործնականում որևէ արդյունք ՄԻՊ-ի այցելությունը չի տվել։

Բնակիչները ցանկանում են, որ Կառավարությունը որոշում կայացնի ու ՊՆ նախկին շենքը բնակելի դարձնի, իրենք էլ օրենքով գնան նախկինում զբաղեցրած սենյակներում շարունակեն ապրել։ Ասում են, որ տարածքը բարեկարգելու համար շատերը վերջին գումարներն են ծախսել, աշխատել են, որ ապրելու համար նվազագույն պայմաններ ստեղծեն։

 «Մեզ պետական կառույցները անտեսում են, ոնց որ իրանց համար մարդ չլինենք»,-ասում է Աննան։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 15-ի որոշումով՝ Կառավարությունը ՊՆ նախկին շենքը ամրացրել է ՊԵԿ-ին՝ այն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն դարձնելու նպատակով։ Փետրվարի 16-ին ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով ընտանիքներին դուրս է հանել շենքի տարածքից։ 

Լուսանկարները՝ Սամսոն Մարտիրոսյանի, hetq.am

Մեկնաբանություններ (1)

Jay Dangrige
Goes to show them what capitalism has to offer them. Such a nice building, no reason why it can't be converted into a free housing district. No reason why there are homeless in the first place though, there wasn't before.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter