
«Երրորդ մոլորակի գաղտնիքները», «Հիշողությունն» ու «Մենությունը»․ բացվել է արվեստագետների «Վարկանիշային» ցուցահանդեսը
Այսօր՝ փետրարի 21-ին, Նկարիչների միության շենքը լիքն էր այցելուներով, նկարիչներով, քանդակագործներով․ բացվել էր անդամակցության հավակնորդ արվեստագետների «Վարկանիշային» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսն անցկացվում է տարին մեկ կամ երկու անգամ այն արվեստագետների համար, որոնք չեն հանդիսանում Միության անդամ։ Ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած նկարիչների, քանդակագործների աշխատանքներից հանձնաժողովը, որը բաղկացած է միության արվեստաբանության բաժնի անդամներից, ընտրում է մասնակիցներին։ Հինգ անգամ ցուցհանդեսում ընդգրկվելու դեպքում նկարիչ, քանդակագործները կարող են դառնալ Նկարիչների միության անդամ։
Այս տարի ցուցահանդեսի հայտադիմումներն աննախադեպ մեծ էին՝ մոտ 300 դիմորդ, 800 գեղանկար և քանդակ։
«Նկարիչների միության անդամ դառնալը կարևոր վարկանիշ է․ այն տալիս է հնարավորություն ավելի շատ ցուցադրվելու, մասնակցելու միջազգային տարբեր ծրագրերի»,- պատմում է արդեն երրորդ անգամ վարկանիշային ցուցահանդեսի մասնակից Մանե Մակյանը (Գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայի 2-րդ կուրս)։
Մանեն ցուցադրում է իր «Հիշողություն» կտավը, որում պատկերված են իր մանկության խաղալիքները՝ հավաքված հիշողության տուփի մեջ, ամեն մի խաղալիք իր առանձին պատմությամբ։
Երկրորդ տարին ցուցադրությանը մասնակցող Էլիզաբեթ Առաքելյանը պատմում է հնչյունից դեպի նյութ անցման իր պատմությունը։ Էլիզաբեթը Երևանի պետական կոնսերվատորիայի Ջութակի բաժինն ավարտելուց հետո ընդունվել է Գեղարվեստի պետական ակադեմիա։
«Երաժշտության մեջ, որպես կատարող, սահմանափակված էի ինձ զգում ինքնաարտահայտվելու համար։ Հասկացա, որ եռաչափ ձևը՝ քանդակը, ինձ ավելի մոտ է՝ արտահայտելու համար էն, ինչ մտքումս է»,- ասում է նա։
Էլիզաբեթը ցուցադրում է իր երկու կերամիկական աշխատանքները ՝ «Երրորդ մոլորակի գաղտնիքները» և «Աղոթարանները»։
««Երրորդ մոլորակի գաղտնիքները» աշխատանքը ոգեշնչված է համանուն սովետական մուլտֆիլմից։ Փոքր տարիքում դիտած այդ հորինված մոլորակը, բույսերը, գույները և մուլտֆիլմում հնչող երաժշտությունը մեծ տպավորություն են թողել վրաս, դրա արտահայտումն է այս քանդակը։ Կարծր նյութով, ջրային, բուսական շերտեր, թրթիռներ եմ փորձել պատկերել»,- պատմում է նա։
Վարկանիշային ցուցահանդեսին արդեն չորրորդ անգամ մասնակցող Մարիետա Վարդանյանի խոսքերով՝ Նկարիչների միության անդամ դառնալը իքնանպատակ չէ․ «Այստեղ շատերս մասնակցում ենք ցուցադրությանը, որովհետև սա լրացուցիչ հարթակ է ցուցադրվելու, ներկայանալու և ինքներս մեր մասին պատմելու համար»,- ասում է նա։
Մարիետայի օֆորտը (մետաղի վրա փորագրության տեսակ, երբ տպաձևի խորացված, փորված տարրերը ստեղծվում են թթուներով մետաղը խածատելու միջոցով), որով ներկայանում է ցուցահանդեսին, անվերնագիր է, հարցին, թե ինչու՞ չի վերնագրել, պատասխանեց՝ չի նշել, որ դիտողին չուղղորդի։
Սեյրան Պապոյանը նոր է վերադարձել զինվորական ծառայությունից, շարունակում է ուսումը Գեղարվեստի պետական ակադեմիայիում, երկրորդ կուրսի ուսանող է։ Երկրորդ անգամ է մասնակցում ցուցահանդեսին՝ այս անգամ ներկայացնելով իր դեկորատիվ քանդակը։
«Ոճը բնութագրելը, բարդ բան է, էդ գործը պետք է թողնել արվեստաբաններին, իմ էս գործը ազգային տարրեր ունի, բայց, միևնույն ժամանակ, ոչ մի տարազ կամ նախշ պատկերված չի։ Օգտագործել եմ սպիտակ ճենապակի, սպիտակ կավ։ Ինքը հնի ու նորի խառնուրդ է»,- պատմում է Սեյրանը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 25-ը։
Մեկնաբանել