HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Ամբարտավան: Ինքնահավան:

«Իսկ այն, ինչ մենք ենք բնորոշում որպես հայրենիքի հանդեպ սեր, ոչ թե սեր է, այլ մի մե՜ծ ու երկա՜ր նվնվոց է։ Ամբարտավան, ինքնահավան, ծիծաղելի նվնվոց»:

Սա Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկնոջ ֆեյսբուքյան գրառումից հատված է: Այսպես է նա բնորոշում հայրենիքի հանդեպ հայերի սերը:

Առաջին տիկինը պարբերաբար իր գրառումներով փորձում է քննարկումների դաշտ բերել, իր կարծիքով, տաբու թեմաներ՝ անառողջ հայրենասիրություն, պատմությանն առերեսվելու քաջություն, դարերի խորքից եկած մոլորություններ,որոնք էլ պայմանավորում են պատմական ձախողումներ:

Կարևոր թեմաներ են:

Կա կարգավիճակ, որը չափազանց պարտավորեցնում է լինել կիրթ, զուսպ, նրբանկատ: Առաջին տիկնոջ կարգավիճակը ևս նման պարտավորություններ է ենթադրում։

Ժողովրդի՝ թող որ իր համար անընդունելի ընկալումները հայրենասիրության մասին բնորոշել որպես «մե՜ծ ու երկա՜ր նվնվոց, ամբարտավան, ինքնահավան, ծիծաղելի նվնվոց», վատ տոն է: Չափազա՜նց վատ տոն:

Հայրենիքը սիրելու, պատմության հետ ազնվորեն առերեսվելու թեմային Առաջին տիկինը, որպես կանոն, անդրադառնում է իր բազում ճամփորդությունների ընթացքում: Վերջին գրառումն էլ ծնվել էր Մյունխենից Նոյշվանշթայն ամրոց տանող ճանապարհին:

Իսկ գրառումը իրական և «նվնվացող, ամբարտավան, ծիծաղելի» հայրենասիրության հակադրությունն է: Ալեգորիան՝ հայ գյուղացու և գերմանացի գյուղացու տների համեմատությունը: Գերմանացու տունն Առաջին տիկնոջը հիացրել է. «Ես ասեմ՝ կինոյի, դուք պատկերացրեք՝ հեքիաթի» նման։

Հայ գյուղացու տունը նա նրբանկատորեն չի նկարագրել: Դա անենք մենք. միջին վիճակագրական հայ գյուղացու տունը մոտավորապես գողտրիկ Իջևանում գտնվող վարչապետի հայրական տան նման տուն է: Նմա՞ն է գերմանացի գյուղացու տանը: Եթե ոչ, ինչու՞:

Առաջին տիկինն էլ, ինչպես բոլորը, իրավունք ունի էթիկայի և էսթետիկայի իր պատկերացումներն ունենալ ու արտահայտել:

Խնդիրն այն է, որ նա կրկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայացքները, իսկ դա նշանակում է՝ միջազգային հարթակներում վարչապետը Հայաստանը համարում և ներկայացնում է որպես չհարդարված խրճիթների բնակիչների երկիր՝ խղճուկ հավակնություններով: Մարդկանց երկիր, որոնց հայրենասիրական զգացումները «ամբարտավան, ինքնահավան, ծիծաղելի նվնվոց են»:

Հայ ժողովուրդը, ինչպես և աշխարհի մյուս ժողովուրդները, նաև պատմության ասպարեզից հեռացած ժողովուրդները, խոշոր հաշվով՝ նույնն են: Տարբեր են առաջնորդները, պատմական հանգամանքները, որոնց շնորհիվ կամ որոնց պատճառով ստեղծված աշխարհաքաղաքական, ներքաղաքական վիճակը թույլ է տվել ունենալ հզոր պետություն կամ պետություն՝ վասալի կարգավիճակով: Կամ էլ՝ անհետացող պետություն:

2018-ի օրերին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել, Հայաստանում անհարմար էր ազնիվ չլինելը: Մթնոլորտն էր այդպիսին: Ամեն բան ավարտվեց կառավարական առանձնատուն տեղափոխված վարչապետի ու Առաջին տիկնոջ լայվերից հետո՝ խոհանոցի, լոգարանի ցուցադրություն և այլն…

Կառավարական առանձնատունը կոկիկ, խնամված, պետական բյուջեից տարեկան 542 մլն 465 հազար 200 դրամ վերցնող «ես կինոյի ասեմ, դուք պատկերացրեք՝ հեքիաթի» նման տուն է, որի ծախսերը տարեցտարի ավելանում են (անցած տարի այդ գումարը կազմում էր 469 մլն 741 հազար դրամ)։

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, ի տարբերություն գերմանացի գյուղացու, բնակվում էր ոչ թե առանձնատանը, այլ բազմաբնակարան շենքի 4-րդ հարկում՝ հրաժարվելով կառավարական առանձնատնից:

Գուցե սա և՞ս այն պատճառներից է՝ ինչու՞ գերմանացի գյուղացու և հայ գյուղացու տներն իրարից այդքան տարբեր են: Որովհետև չափազանց տարբեր են Գերմանիայի կանցլերի բնակարանն ու Հայաստանի վարչապետի կառավարական առանձնատու՞նը:

Ի դեպ, բյուջեն ձևավորում են ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ խղճուկ հյուղակներում բնակվող գյուղացիները, որոնք, սակայն, այնքան առատաձեռն են պետական պաշտոններ զբաղեցնող առաջին դեմքերի կենցաղը հեքիաթային դարձնելու առումով:

Հայրենասիրությունը չափելի չէ, քանի որ իռացիոնալ է՝ աչքդ բացում ես, սիրում ես ծնողիդ, հայրենիքդ, ոչ թե, որ նրանք ամենալավն են, այլ որովհետև պարզապես սիրում ես:

Ինչ վերաբերում է հայրենիքը սիրելուն՝ առհասարակ, կա մի ֆիլմ՝ «Նյուրնբերգյան դատավարություն» (ռեժիսոր՝ Սթենլի Կրամեր):

Նյուրնբերգյան դատավարության ժամանակ մեղադրյալի աթոռին էր նաև նացիստական Գերմանիայի դատավոր Յանինգը: Նրա փաստաբանը փորձում էր իր պաշտպանյալին արդարացնել: Ահա՛ հիմնավորումը՝ այն, ինչ կատարվում էր նացիստական Գերմանիայում, կատարվում էր հայրենասիրությունից, մարդիկ աջակցում էին Հիտլերին, որովհետև սիրում էին իրենց հայրենիքը:

Դատավոր Յանինգը, սակայն, դատավարության ողջ ընթացքում ինքն իրեն քննելու ժամանակ էր ունեցել: Նա մերժեց ընդունել իր իսկ փաստաբանի արդարացումները. հայրենիքի հանդեպ սերը թույլ չէր տվել իմանալ համակենտրոնացման ճամբարների, տասնյակ հազարավոր խեղված ճակատագրերի մասին, որովհետև ինքն ուղղակի չէր ուզում իմանալ։

2020 թվականի պատերազմից հետո և հիմա, երբ Արցախը շրջափակման մեջ է, առաջին դեմքերն ու նրանց ընտանիքի անդամները չափազանց նրբանկատ պետք է լինեն հանրային խոսք ասելիս: Խոսելուց կամ գրելուց առաջ արժե երկար մտածել: Իմաստունները, որպես լավագույն լուծում, առաջարկում են երկար ծանրութեթև չարած խոսքերը փոխարինել լռությամբ: 

Մեկնաբանություններ (1)

Հարություն
Լիլիթ ջան գրիչդ ափսոս է, որ դրն անդրադառնում ես: Ինքն էլ հենց դա է ուզում, լինել ուշադրությն կենտրոնում: Անհույս գործ է այդ ընտանիքին բան բացատրելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter