HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ադրբեջանը պիտի տեսանելի ջանքեր գործադրի Լաչինի միջանքցը բացելու համար». Փաշինյան

Երեկ՝ փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը։ Միջազգային դատարանի որոշմանն անդրադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության փետրվարի 23-ի նիստի մեկնարկին ասաց, որ սա չափազանց կարևոր որոշում է՝ նաեւ քաղաքական ազդեցության ու նշանակության տեսանկյունից։

Նա հիշեցրեց՝ դատարանը շեշետել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ ունի Ադրբեջանի համար։

«Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է։ Սա կարող է հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, թե Լաչինի միջանցքը փակ չէ։ Ինչքան էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում՝ դա ուրիշ հարց է։ Բայց սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու՝ Ադրբեջանի գործելակերպը, և դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը»,- ասաց նա։

Երկրորդ կարևոր հանգամանքն, ըստ վարչապետի, այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջանի պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության լուրջ չհամարելով միջանցքն «էկոակտիվիտսների» կողմից փակելու հանգամանքը և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել այն։

«Դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը ԼՂ-ից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի ԼՂ, և Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Դատարանն արձանագրեց որ սա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է։

Դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ այդմ՝ նաև տվյալ հայտարարությանն ու նրա դրույթներին, այդ թվում՝ ԼՂ-ի և շփման գծի առկայության վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն։ Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրեց, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները ԼՂ-ին։ Սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական բժշկական ծառայություններին՝ այսպիսով հաստատելով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությյան փաստը»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է ԼՂ-ում բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման մեղավորը։

«Նման վիճակի պատճառն այն է, որ ԼՂ-ին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում, նույնը կարելի է ասել նաև էլեկտրական հոսանքի անջատման կետի մասին։ Այստեղ, իսկապես, ուղղակի անհերքելի ապացույցներ Հայաստանը չի կարողացել ներկայացնել, բայց սա նաև նշանակում է, որ այն պահին, երբ կարողանանք ձեռք բերել ուղղակի ապացույցներ, այդ հիմքով կկարողանաննք նորից դիմել դատարանին, և հավանականությունը, որ դատարանը կբավարարի նաև այս հայցապահանջը, մեծ կլինի։ Չնայած՝ այս պահին ԼՂ գազամատակարարումն իրականացվում է լիարժեք»,- ասաց նա։ 

Փաշինյանը շեշտեց՝ դատարանը մերժեց Հայաստանի նկատմամբ միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Հայաստանը մեղադրվում էր ինչ-որ ականապատումների մեջ։ «Կարող ենք արձանագրել, որ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքներն ականապատումների մասին փլուզվեցին։ Ադրբեջանը պիտի տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար։ Ամենասկզբում ու ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության բարձրագույն օղակից Լաչինի միանցքը բացելու կոչ-պահանջը «էկոակտիվիստներին»։ Ամեն դեպքում, միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցի կոնկրետ միջազգային հետևաքների»,- եզրափակեց Կառավարության ղեկավարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter