HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ովքեր են «Լիդիան Արմենիա»-ի իրական շահառուները՝ ըստ ընկերության հայտարարագրի

Հայաստանի հանքարդյունաբերության ամենաաղմկոտ ու ամենաքննադատված նախագծերից մեկը՝ Ամուլսարի ոսկու հանքը, կշահագործվի: Կառավարությունը փետրվարի 22-ին «Լիդիան Արմենիա» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրել։ Դրա 150 մլն դոլարը «Լիդիանը» կներդնի իր միջոցներից, 100 մլն դոլարը՝ վարկ կստանա Եվրասիական զարգացման բանկից:

Թե երբ կշահագործվի հանքը, կոնկրետ ժամկետներ չեն նշվում: Միայն հայտնի է, որ շինարարական և մյուս աշխատանքները վերսկսվելու են շուտով:

Կառավարությունը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, արդեն իսկ հայտարարել է, որ Կառավարությունն անհատույց ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12.5%-ը: Այսինքն՝ Կառավարությունը դառնում է փայատեր այս ընկերությունում: Առայժմ հայտնի չէ՝ ինչու՞ կամ ինչի՞ դիմաց է ընկերությունը բաժնեմասեր նվիրել Կառավարությանը:

Ինչպես նաև ընկերությունը խոստացել է ծրագրի շինարարության ընթացքում տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Ամուլսարի ազդակիր համայնքներին` որպես ֆինանսական աջակցություն Ջերմուկ, Վայք և Սիսիան խոշորացված համայնքներին: Նախատեսվում է, որ շինարարությունը կտևի մոտ 1.5 տարի:

«Կառավարությունը իր հերթին կտա ֆորսմաժորային՝ ոչ ֆինանսական երաշխիքներ ընկերությանը, որ ընկերությունը սկսի իր շինարարական աշխատանքները, այնուհետև շահագործի հանքավայրը: Դա ենթադրում է, որ Կառավարությունը նաև ներսից կունենա ինֆորմացիա, թե ինչ է կատարվում Ամուլսարում: Կունենա մոնիթորինգի հնարավորություն: Կունենան բազմաթիվ լծակներ՝ գործիքներ ծրագրի որակի և քանակի մասին և կկարողանա ընկերության հետ միասին հետագայում ունենալ նաև դիվիդենտներ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

«Լիդիան Արմենիան» փակ բաժնետիրական ընկերություն է, հետևաբար՝ պետական ռեգիստրի փաստաթղթերում չի նշվում, թե սեփականատերերից ով որքան մասնաբաժին ունի ընկերությունում: Միայն ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ «Լիդիան Արմենիա»-ի 100% բաժնետերն է կանադա-ամերիկյան «Լիդիան Կանադա Վենչուրս» ՓԲԸ-ն, որը պատկանում է ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերություններին:

Եթե մինչև Կառավարությանը 12.5% բաժնեմաս նվիրելը, ընկերությունը ամբողջությամբ պատկանել է «Լիդիան Կանադա Վենչուրս»-ին, նշանակում է այս գործարքից հետո վերջինիս մասնակցությունը դառնում է 87.5%, և նշված կանադական ու ամերիկյան երկու ընկերությունները կիսում են այդ 87.5%-ը:

Թե ով որքան բաժնեմաս ունի նշված կանադական ու ամերիկյան ընկերություններում, հայտարարագրերում չի նշվում: Էկոնոմիկայի նախարարությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ չեն տիրապետում այդ տեղեկություններին: «Լիդիան Արմենիա» ընկերությունից ևս չհաջողվեց դա պարզել:

«Լիդիան Արմենիա»-ի իրական շահառուները՝ ըստ հայտարարագրերի

«Լիդիան Արմենիան» ներկայացնում է իրական շահառուների հայտարարություն և հայտարարագրեր: Վերջին անգամ այն ներկայացվել է այս տարվա փետրվարի 13-ին:

Դրանից պարզ է դառնում, որ ընկերության իրական շահառուներից մեկը ընկերության ներկայիս գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն է: (Թարմացում՝ այս հոդվածի հրապարակումից հետո«Լիդիան Արմենիա»-ից պարզաբանեցին, որ Հայկ Ալոյանի պարագայում իրական շահառու հանդիսանալը դեռևս չի նշանակում, որ նա ընկերությունում սեփականատեր է։ Հայկ Ալոյանը որպես իրական շահառու է ներկայացվել գործադիր մարմնի ղեկավար լինելու հիմքով, մյուս երեք անձինք՝ որպես խորհրդի անդամներ: )

«Ջերմուկ քաղաքը ուղիղ գծով 12 կմ հեռավորություն վրա է Ամուլսարի հանքավայրից: Անվտանգության կոմպոնենտին գալով՝ ասեմ, որ մեր բաժնետերերն ամերիկյան և կանադական ընկերություններ են՝ Orion Mine Finance և Osisko Gold Royalties, իրենց ներկայությունն արդեն ենթադրում է անվտանգության կոմպոնենտ: Մեր հարևանները հաշվի են առնում, թե ներդրումները ում կողմից են արվում, հաշվի են առնում՝ որ երկրներն են այդ ներդրումները անում և որ ընկերությունները»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ալոյանը:

Ըստ նրա՝ առնվազն 25 տարվա ծրագիր է Ամուլսարը: 

Ընկերության երկրորդ իրական շահառուն Կանադայի քաղաքացի Մայքլ Դեյվիդ Սեյնոր Սպենսեռն է (MICHAEL DAVID SAYNOR SPENSER): Նա օֆշորային գոտի համարվող Բերմունդյան կղզիներում գրանցված Օսիսկո Բերմուդա Լիմիթիդ ընկերությունում (Osisko Bermuda Limited) է աշխատում: Osisko Bermuda Limited-ը փոխկապակցված է Osisko Gold Royalties-ին: Մայքլ Դեյվիդ Սեյնոր Սպենսեռը նաև «Լիդիան Արմենիա»-ի նկատմամբ լիակատար վերահսկողություն ունեցող  «Լիդիան Կանադա Վենչրս Քորփ.»-ի ոչ գործադիր տնօրենն է: Այսինքն՝ նա «Լիդիանի» կանադական կողմի բաժնետերերից է:

Մյուս իրական շահառուն, ըստ հայտարարագրի, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջեֆֆրեյ Էդմունդ Քոուչն է (JEFFREY EDMUND COUCH): Աշխատում է բրիտանական «Օրայն ռիսորս փարթներս» ընկերությունում (փոխկապակցված է ամերիկյան Orion Mine Finance-ին), ինչպես նաև  «11910728 Կանադա Ինք․» ընկերության տնօրենն է և բաժնետիրոջ ներկայացուցիչ: Նա նաև «Լիդիան Արմենիա»-ի նկատմամբ լիակատար վերահսկողություն ունեցող «Լիդիան Կանադա Վենչրս Քորփ.»-ում տնօրենների խորհրդի անդամ է:

Չորրորդ իրական շահառուն Ամերիկայի քաղաքացի Վիկտոր Ֆլոռեսն է (Victor Flores), ով ևս աշխատում է «11910728 Կանադա Ինք․» ընկերությունում, ինչպես նաև՝ Orion Mine Finance ընկերության թիմի անդամ է: Նա նույնպես «Լիդիան Արմենիա»-ի նկատմամբ լիակատար վերահսկողություն ունեցող  «Լիդիան Կանադա Վենչրս Քորփ.»-ում տնօրենների խորհրդի անդամ է:  

Մինչև 2020 թվականը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը պատկանել է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ին: «Լիդիան Ինթերնեյշնլը» բաց բաժնետիրական ընկերություն է եղել և ցուցակվել է Տորոնտոյի (Կանադա) Ֆոնդային բորսայում: Orion Mine Finance-ը խոշոր բաժնետերերից է եղել:

Սակայն, 2020 թվականին արդեն հայտնի է դառնում, որ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ը վնասներ է կրում և սնանկացման եզրին է: Նույն տարվա սեպտեմբերից սկսվեց «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի լուծարման գործընթացը: Ընկերությունից հայտարարում էին, որ վնասներ են կրում, քանի որ բնապահպանները ավելի քան երկու տարի (2018-2020թթ.) պարբերաբար փակում են Ամուլսար տանող ճանապարհը՝ թույլ չտալով հանքում շինարարական աշխատանքներ իրականացնել և շահագործել այն: Դրանից հետո հայաստանյան «Լիդիան Արմենա»-ի սեփականատեր դարձավ «Լիդիան Կանադա Վենչուրս»-ը:

Գլխավոր լուսանկարում՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, 22 փետրվարի 2023թ.

Ձախից՝ Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրեյ Քոուչը 

«Լիդիան Արմենիա» ընկերության պարզաբանումը  (27 փտր 2023)՝

Ըստ փաստաբանի՝ Հայկ Ալոյանը «Լիդիան Արմենիա»-ում սեփականատեր չէ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter