HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զինվորներ կային, որ ճանաչելի էին, բայց իմ տղան մոխիր էր»․ զոհվածի մայր

Հենրիկ Էլոյանի սենյակում ձմեռվա վերջին կակաչներ են ծաղկել՝ վարդագույն եզրերով։ Տանն ամենուր նրա նկարներն են, իրերը․ յուրաքանչյուրի պատմությունը մայրը ամսաթվերով ու մանրամասներով գիտի։ Ծնողների սենյակի պատին փոքրիկ շրջանակներից կազմված մեծ փայտե շրջանակ կա՝ Հենրիկի մանկությունից մինչև ծառայության ժամանակվա լուսանկարներով և հիշողություններով։ Այդ նկարներում Հենրիկի աչքերի կապույտը ճիշտ նույնն է, ինչ մորինը՝ երկնագույն ու թափանցիկ։

«Ես միշտ աղոթում էի, որ գոնե կիսատ-պռատ, բայց տղաս ինձ հասներ»,- ասում է մայրը` Համեստ Վարդանյանը։

Հենրիկ Էլոյանը ծառայությունը սկսել էր 2019 թվականի ամռանը Ջրականի զորամասի 3-րդ գումարտակում։ Նախքան զորակոչվելը սովորել էր ԴՕՍՍԱՖ-ում, որպեսզի ծառայեր որպես վարորդ, բայց տեսողական խնդիրների պատճառով մերժել էին։

«Ծառայությունը սկսելու տարին՝ սեպտեմբերին, ընկավ, ուսը կոտրեց, վիրահատվելուց հետո քանի որ արդեն սահմանափակումով պիտի ծառայեր, իսկ իրենց գումարտակին կապավոր էր անհրաժեշտ, Հենրիկին նշանակեցին վաշտի կապավոր։ Ծառայակիցներից պատմում են, որ պատերազմի ժամանակ կապի սարքը հետը ամեն տեղ քարշ էր տալիս, ասում էին՝ էդ թող, արի, հեսա կհասնեն, ասում էր՝ էս մեր կապն ա, ո՞նց թողեմ»,- պատմում է մայրը։

Հենրիկը Ջրականում է եղել պատերազմը սկսվելու պահից մինչև հոկտեմբերի 7-ը, այդ օրը «Չռիկներ» կոչվող տեղամասում արկից բեկորային վիրավորում է ստացել ու տեղափոխվել Ստեփանակերտի, հետո Գորիսի, ապա՝ Սիսիանի հիվանդանոց։

«Ինձ չէին ասում, որ Հենրիկը վիրավորվել է, բայց ես զգում էի, հետաքրքրվեցի, իմացա՝ որտեղ ա ու միանգամից գնացի։ Առաջին անգամ էի Հենրիկին էդ վիճակում տեսնում, հիվանդանոցի բակում կանգնած էր՝ ոտքից ու մեջքից վիրավոր, փոշոտ բատինկաներով, շորերը քրքրված, առանց թրաշվելու։ Նոր շորեր էի տարել, հինը տվեց, ասեց՝ կպահես, էս հիշատակ ա»,- հիշում է մայրը։

Սիսիանից Հենրիկին տեղափոխում են Երևան, մի քանի օր տանն է մնում, որից հետո պետք է վիրահատեին։ Մոր խոսքով՝ վիրահատությունից մի քանի օր առաջ Հենրիկը նորից գնում է Սիսիան, որ անհրաժեշտ թղթերը վերցնի, բայց հաջորդ օրն առավոտյան՝ հոկտեմբերի 26-ին, վերքը դեռ չապաքինված՝ Հենրիկին տանում են Շուշիի բերդ, իսկ մյուս օրը՝ Կարմիր Շուկա-Շեխեր խաչմերուկ։

Հոկտեմբերի 22-27-ը Կարմիր Շուկա-Շեխեր հատվածում թեժ մարտեր էին ընթանում, հակառակորդը տարբեր կողմերից հարձակվում էր Շեխեր գյուղի վրա։ Գյուղի պաշտպանությանը մասնակցում էին Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակը և աշխարհազորայիններ։ Հոկտեմբերի 27-ին նրանք հեռանում են գյուղից, և հակառակորդը գրավում է Շեխերը։

Գյուղից մի փոքր վերև՝ Կարմիր Շուկա-Շեխեր խաչմերուկին, մնում է Հադրութի դիվիզիայի զորքը (35-40 հոգի), որի կազմում կային նաև Ջրականի գնդի երրորդ գումարտակի զինծառայողներից։ Հոկտեմբերի 28-ին հակառակորդը ինտենսիվ հրետակոծում է տվյալ հատվածը, որի հետևանքով բազմաթիվ զոհեր են լինում։ Զոհվում է նաև Հենրիկ Էլոյանը։

Հենրիկը բեռնատարի կողքին կանգնած է եղել, երբ այն խոցել են։ Նա հարվածի ալիքից շպրտվել է հողաթմբի վրա ու մահացել։

Հոկտեմբերի 28-ից, երբ Հենրիկի հետ կապը կորում է, ընտանիքը փորձում է տարբեր եղանակներով նրանից լուր ստանալ։

«Նոյեմբերի մեկին տեգրս էր եկել Հադրութից, ասեցի՝ գոնե մի լուր բերեիր Հենդիցս, ասեց՝ հետաքրքրվել եմ, ասում են տարբեր տեղեր են տարել։ Հետո զանգեց Հենրիկենց դասակի հրամանատարին, ով վիրավորվել էր ավելի շուտ, ասեց, որ մեքենայա պայթել չգիտենք՝ Հենրիկը կո՞ղքն ա եղել, թե՞ չէ»,- պատմում է Համեստը։

Հաջորդ օրը հայրն ու քույրը գնացել են Պաշտպանության նախարարություն։ Լիանան հիշում է, որ այնտեղ մի աշխատակից կար, ասաց, որ իր եղբայրը սպա է, ու որ այդ կողմերում է, որևէ բան իմանալու դեպքում կտեղեկացնի։ Հաջորդ օրը աշխատակիցը զանգել է Հենրիկի հորը, ասել, որ խոստացել էր՝ ինչ էլ լիներ, զանգելու էր։ «Ձեր տղան զոհվել է»,- հոր կողքին կանգնած՝ լսել է Լիանան։

«էդ օրվանից մեր փնտրտուքները սկսվեցին։ 2-3 անգամ Ստեփանակերտ եմ գնացել, Հայաստանի բոլոր մորգերում եղել եմ ու գրեթե միշտ՝ մենակ, չէի ուզում որևէ մեկին նեղություն տալ, էդ ընթացքում չեմ էլ հիշում, թե քանի երեխու եմ տեսել, որոշները՝ ճանաչելի, բայց իմ տղան մոխիր էր։ Հիմա Հենրիկի բոլոր էդ դատաբժշկական թղթերը, նկարները սեյֆում եմ պահում, որ ոչ ոք չտեսնի, բանալին էլ՝ գրպանումս»,- ասում է Համեստը։

2020թ․-ի դեկտեմբերի 31-ին՝ Հենրիկի զոհվելուց 2 ամիս անց, մայրը զանգ է ստանում, Հերացի հիվանդանոցից երկրորդ անգամ կանչում են ԴՆԹ փորձանմուշ հանձնելու։

«Էդ պահին խանութում էի, երբ զանգեցին, արդեն հասկացա, որ տղայիս գտել են, բարձր ճչացի՝ երեխուս գտել են։ Խանութում բոլորը կարծեցին, թե ողջ ա»,- հիշում է Համեստ Վարդանյանը։

2021-ի հունվարի 4-ին արդեն Հերացու դիահերձարանից ընտանիքին են հանձնել Հենրիկ Էլոյանի աճյունը, հաջորդ օրը նրան հուղարկավորել են։

Տիկին Համեստը, կաղալով մոտենում է կոնյակի շշին, մի քանի ամիս առաջ է ոտքը կոտրել, ասում է՝ մտքերով Հենրիկի հետ է եղել, ընկել ու կոտրել է, շիշն է ցույց տալիս, հիշում, որ խոստացել էին Հենրիկի գալու ժամանակ բացել։

Մոր նախաձեռնությամբ նաև գիրք է հրատարակվել, որտեղ ներկայացված են Հենրիկի հետ նույն օրը զոհված ծառայակիցների կենսագրական տվյալները։

«Ում մասին, որ գիտեի, էդ գրքում գրել եմ։ Հենրիկին փնտրելու ճանապարհին շատերի մասին եմ իմացել, ծնողներին հանդիպել ու ուզում էի, որ բոլորի մասին էլ գրվի»,- ասում է Համեստ Վարդանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter