HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պրոբացիայի շահառուները մասնագիտական ուսուցման կենտրոն ունեն

Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը 2022թ-ի նոյեմբերին առաջին մասնագիտական ուսուցման կենտրոնն է բացել Արարատ գյուղում: Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը 2019-2022 թվականների Հայաստանի գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացնում էր «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության զարգացմանը» ծրագիրը։ Պրոբացիայի շահառուների մասնագիտական ուսուցման կենտրոնը բացվել է հիշյալ ծրագրի ֆինանսավորումով։

Կենտրոնին անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ձեռքբերման համար հատկացվել է 17 350 000 դրամ (մոտ 23,000 եվրո): Պրոբացիայի շահառուների մասնագիտական ուսուցման կենտրոնը 2023թ-ից պրոբացիայի շահառուներին 4 դասընթաց է առաջարկում՝ կահույքի պատրաստում, կարի հիմունքներ, կոսմետոլոգիայի և վարսահարդարման հմտություններ։ Դասընթացներն ուսումնական կենտրոնում կսկսվեն մարտից: 

Փետրվարի 17-ին Երևանում ԵԽ-ի գրասենյակի տնօրեն Մարտինա Շմիդտը, Եվրոպայի խորհրդի ծրագրային համակարգման գծով տնօրեն Կլաուս Նոյկիրխը, արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը շրջայց կատարեցին Արարատի մասնագիտական ուսուցման կենտրոնում՝ աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնի  ձեռք բերած տեխնիկան, հումքը, ծանոթացրեց արտադրական պրոցեսին։ Երիտասարդ տղամարդկանց մի խումբ կահույք էր պատրաստում, կանայք անկողնու սպիտակեղեն էին ձևում և կարում։ Կենտրոնը կահավորված էր արհեստագործական և կարի համար անհրաժեշտ տեխնիկայով, հումքով ու նյութերով։ Պրոբացիայի ծառայության պետը եվրոպացի այցելուներին հայտնեց, որ պատրաստված կահույքը տրամադրելու են շահառուներին, և արտադրանքի որակն ապահովելու համար նրանց խրախուսել է՝ ասելով․ «Այնպես պատրաստեք, որ կարողանաք տուն տանել»։ 

«Կենտրոնն օգնում է պրոբացիայի շահառուներին ձեռք բերել նոր մասնագիտական հմտություններ, որպեսզի հետագայում ավելի գրավիչ լինեն հնարավոր գործատուների համար: Այն նաև դրական է ազդում պրոբացիայի շահառուների հոգեբանական վիճակի բարելավման, նրանց ընտանեկան և սոցիալական կապերի և կրկնահանցագործության ռիսկի նվազեցման վրա»,- հայտնեց ծառայության պետը։ 

Եվրոպայի խորհրդի ծրագրային համակարգման գծով տնօրեն Կլաուս Նոյկիրխին ուղղված մեր հարցին, թե իր կարծիքով, պրոբացիայի շահառուների վարքագիծը վերափոխելու իմաստով, բավարար ազդեցություն կունենա՞ այս կենտրոնում ուսուցումը, վերջինս պատասխանեց«ԵԽ-ն աջակցում է այս մարդկանց, որպեսզի տարբեր արհեստներ սովորելու ճանապարհով կարողանան աշխատաշուկա դուրս գալ և իրենց հմտություններն օգտագործելով ապրուստ վաստակեն»։

Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը հայտնեց, որ դասընթացները կենտրոնում սկսելու են մարտին։ Շահառուների առաջին խումբն արդեն ընտրվել է և հույս ունեն, որ նրանք կունենան այն որակավորումը, որն անհրաժեշտ է աշխատանք գտնելու համար։

Փաստված է, որ փակ հաստատությունները չեն նպաստում այնտեղ գտնվող անձանց ուղղմանը։ Մեր հարցին, թե այս կենտրոնն ստեղծելով և նրանց կրթելով ու աշխատանքում ներգրավելով ի՞նչ ազդեցություններ են ակնկալում, պրն Սիմոնյանն ասաց«Մենք անընդհատ խոսում ենք վերասոցիալականացման մասին և պետք է հասկանալ, թե ինչ ուղղություններով են կազմակերպում։ Ուղղություններից մեկը մեր շահառուներին կրթելն է, որպեսզի կարողանան նոր հմտություններ ձեռք բերել և իրենց տեղը գտնել հասարակության մեջ»։ 

Գևորգ Սիմոնյանը նշեց, որ ամենադժվար աշխատանքը շահառուների մոտ նոր կրթություն ստանալու ցանկություն առաջացնելն է։ Երբ շահառուն նոր գիտելիք ստանալու ցանկություն է հայտնում՝ փորձում են այդ հնարավորությունն ստեղծել նրա համար։

«Իհարկե, նոր ենք սկսել այս աշխատանքը, սա առաջին խումբն է, մենք ուսուցումը նրանց հետ կավարտենք գարնանը։ Ես հույս ունեմ, որ այս ուսումնական կենտրոնում կրթություն ստանալուց հետո ցանկացած շահառու իր տեղը կգտնի կյանքում»,- հավելեց Պրոբացիայի ծառայության պետը։

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կառավարության հետ պրոբացիայի ոլորտում իր համագործակցությունն սկսել է 2013թ-ին և մի քանի ծրագիր է իրականացրել այդ ուղղությամբ։ Երևանում ԵԽ-ի գրասենյակի ծրագրի պատասխանատու Արման Պողոսյանի ասելով՝ կարևոր քայլեր են ձեռնարկվել պրոբացիայի շահառուների համար վերականգնողական միջավայր ստեղծելու ուղղությամբ։ Այն, հիմնականում արվել է  2022թ-ին մշակված և փորձնական կիրառվող վերականգնողական ծրագրի և պրոբացիայի նկատմամբ շահագրգիռ կողմերի ընկալումների փոփոխմանն ուղղված միջոցառումների միջոցով: Ծրագիրն աջակցում է պրոբացիայի շահառուներին՝ զարգացնելու պրոսոցիալական վարքագիծ և հարաբերություններ: 

ԵԽ-ն վերջին տասը տարիներին աջակցել է՝

  • «Պրոբացիայի մասին» օրենքի մշակմանը, նոր գործիքներ և մեթոդներ է ներդրել դրանց կիրառման համար, 
  • նպաստել է աշխատակազմի կարողությունների զարգացմանը և պրոբացիայի դերի մասին իրազեկվածության բարձրացմանը, 
  • բարելավվել և փորձարկվել է չափահասների և անչափահասների համար մշակված ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը, պրոբացիայի 70 ծառայողներ վերապատրաստվել են գործիքը ճշգրիտ օգտագործելու համար։ Ռիսկերի և կարիքների վերանայված գործիքը Պրոբացիայի ծառայությունը կիրառության մեջ է դրել  2022թ. հունվարից:
  • Մշակվել է դատավորների վերապատրաստման դասընթաց և այն ներառվել է Արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրերում։ 
  • Ուսումնական ծրագրեր են մշակվել Պրոբացիայի ծառայության անձնակազմի կարողությունները զարգացնելու համար: Ծառայությունը համալրվել է 14 դասընթացավարներից բաղկացած խմբով, նրանք վերապատրաստել են Պրոբացիայի ծառայության 40 աշխատակիցների։ 

Արման Պողոսյանը նշեց, որ պրոբացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումները համահունչ են քրեական արդարադատության ընթացիկ բարեփոխումներին։ Դրանց նպատակն է աստիճանաբար պատժիչ մոտեցումից անցնել վերականգնողական մոտեցման՝ ընդլայնելով ազատազրկման հետ չկապված պատժի տեսակները, ազատազրկումը դիտարկել որպես ծայրահեղ միջոց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter