HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապարանում երիտասարդները հանդիպման վայր ունեն

«Ո՞րն է ձեր համայնքի տեսլականը, ինչպիսի՞ն եք այն տեսնում ապագայում»,- Ապարանի համայնքապետարանի դահլիճում հավաքված երիտասարդներին է դիմում Եվրոպայի խորհրդի ծրագրային համակարգման գծով տնօրեն Կլաուս Նոյկիրխը։ Համայնքի ակտիվ երիտասարդները, որոնց հանդիպումների, քննարկումների համար լավ հնարավորություն է ստեղծվել համայնքապետարանի ընդարձակ, վերանորոգված ու կահավորված դահլիճում, արդեն ձևավորել են համայնքի զարգացման իրենց տեսլականը։

«Քանի որ Ապարան համայնքը ևս մեկ անգամ խոշորացվեց 2021թ-ին, մեր նոր տեսլականն է՝ ստեղծել էկո-էթնո տուրիզմով, ագրոտուրիզմով զարգացած, բարեկարգ և մշակութային իրադարձություններով հարուստ համայնք»,- պատասխանում է Մարիամ Սարգսյանը։ Համայնքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Մարիամն ասում է, որ Ապարանում այս տարի պլանավորել են իրականացնել՝ էթնոերաժշտության, ազգային ուտեստների փառատոններ, պատրաստվում են ամենամյա քանդակագործության միջազգային սիպոզիումին, «Ապարանյան ձմեռ» մարզամշակութային փառատոնին, քանի դեռ առատ ձյունն այդ հնարավորությունն ընձեռում է։ 

Համայնքի ակտիվ երիտասարդները Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը հավաստիացրին, որ ակտիվորեն ներգրավված են նշված միջոցառումների համակարգման աշխատանքներում։ Կենտրոնը նպաստում է դրան, աշխատանքները պլանավորելու համար հավաքվում են այստեղ, կրթական ծրագրեր են իրականացնում, բացահայտում են համայնքի ներուժը, տեսարժան վայրերը, արշավներ են կազմակերպում և այլն։ 

Ապարանի համայնքապետարանի դահլիճը վերանորոգելու ու կահավորելու համար Եվրոպայի խորհրդի՝ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի բյուջեից 13 000 եվրո է հատկացվել։ Ծրագիրն իրականացվեց 2019-2022թթ.-ին, այն ֆինանսավորում էր Ավստրիական զարգացման գործակալությունը։

«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագիրն աջակցում էր տեղական ինքնակառավարման մարմիններին՝ նպաստելով արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական զարգացմանը, խթանելով լավ կառավարման սկզբունքները և խրախուսելով կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում։ 

Ծրագրի շրջանակում 18 համայնքներից ներկայացված 23 ծրագրային հայտ ֆինանսավորվեց։ Այդ ծրագրերն առնչվում են քաղաքացիական մասնակցության, երիտասարդների ներգրավման, սպորտի զարգացման, աղբահանության կառավարման և տեղական մակարդակում թափանցիկ որոշումների կայացման նախաձեռնություններին։ Համայնքները դիմել էին՝ դահլիճների վերանորոգման, ավագանու նիստերն ուղիղ եթերով հեռարձակելու և միջհամայնքային (ՄՀՄ) նախաձեռնությունների ստեղծմանն աջակցելու համար։ ԵԽ-ն ֆինանսավորել է համայնքային տարածքների վերանորոգման 10 ծրագիր, ավագանու նիստերը հեռարձակելու 8 ծրագիր և միջհամայնքային համագործակցության 5 ծրագիր։

Դրամաշնորհները տրամադրվեցին 2020թ փետրվարի 17-ին և երեք տարի անց, 2023թ-ի նույն օրը Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներն այցելեցին Ապարան համայնք՝ կատարված աշխատանքին ծանոթանալու նպատակով։ Ապարան համայնքը ցանկություն էր հայտնել վերանորոգել համայնքապետարանի դահլիճներից մեկը՝ համայնքի ավագանու նիստերն այդտեղ անցկացնելու, քաղաքացիական մասնակցությունը բարելավելու, երիտասարդների և կանանց հզորացմանը նպաստելու, լավ կառավարման սկզբունքներն ավելի լավ ըմբռնելու համար: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդին և Ավստրիական զարգացման գործակալությանը՝ ծրագրին աջակցելու համար։ Նշեց, որ երբ ԵԽ-ի հետ պայմանագրերը կնքում էին, նրանք զարմացած էին, թե ինչ հավակնոտ, մասնակցայնությունն ապահովող նախաձեռնություններ են ստանձնում։ Շատերը դիմել էին ավագանու նիստերի օնլայն հեռարձակումն ապահովելու համար։ «Առայժմ մենք հնարավորությունն ենք ստեղծել, բայց բովանդակության համար պետք է հետևողական լինենք։ Հիմա նույնիսկ գաղափար ունենք, որ բնակիչները հնարավորություն ունենան օնլայն հարցեր բարձրացնել ավագանու նիստերի ժամանակ»,- հայտնեց ՏԿԵ նախարարի տեղակալը։ 

«Պլանավորո՞ւմ եք ապագայում համայնքապետարան վերադառնալ որպես ավագանու անդամ, համայնքի ղեկավար կամ մեկ այլ դերակատարումով»,- կրկին դահլիճում հավաքված երիտասարդներին է դիմում Եվրոպայի խորհրդի ծրագրային համակարգման գծով տնօրեն Կլաուս Նոյկիրխը։

«Ես դրա վառ օրինակն եմ, 2017թ-ին, երբ դեռ ուսանող էի՝ նախաձեռնող խմբի անդամ էի և համայնքապետարան էի գալիս տարբեր քննարկումների մասնակցելու համար։ Ինձ համար երազանք էր, միջոցառումներին մասնակցել ոչ թե որպես կամավոր, այլ՝ աշխատել համայնքապետարանում և իմ նախաձեռնությամբ միջոցառումներ կազմակերպել»,- հայտնեց Մարիամ Սարգսյանը։ Նշեց, որ իր ցանկությունն իրականություն է դարձել, կամավորական աշխատանքի փորձառությունն իրեն հնարավորություն է տալիս աշխատել համայնքապետարանի ամենահետաքրքիր՝ զարգացման ծրագրերի բաժնում։ «Ես արդեն գիտեի, թե ինչ է հետաքրքրում երիտասարդներին և, երբ իմացանք այս դրամաշնորհի մասին, առանց վարանելու մտածեցինք, որ սա պետք է լինի մեր երիտասարդական ծրագիրը։ Նախկինում, եթե ունեինք 7-8 ակտիվ երիտասարդ, այսօր նրանց թիվը 20-ից անցնում է»,- հայտնեց Մարիամը։ 

Կլաուս Նոյկիրխն ակնհայտորեն բավարարված էր ծրագրի արդյունքներից։ «Սա մեր համագործակցության լավ օրինակներից է, շարունակելու ենք աշխատել համայնքների զարգացման ուղղությամբ։ Այս համայնքի երիտասարդները հանդիպման վայր ունեն, որտեղ կարող են քննարկել իրենց ծրագրերը, թե ինչպես են պատկերացնում փոփոխությունները համայնքում։ Ժողովրդավարությունը պետք է սկսվի տեղական մակարդակում և երիտասարդների հետ, որպեսզի ապագայում այս երիտասարդները կարողանան իրենց կյանքի վրա ազդող որոշումներ կայացնել»,- օրվա տպավորություններն ամփոփեց Եվրոպայի խորհրդի ծրագրային համակարգման գծով տնօրենը։ 

Մեր հարցին՝ մտահոգող չէ՞, որ փոքրաթիվ կանայք են ներգրավված ավագանիների կազմում, չնայած նրան, որ երիտասարդ տարիքում կանայք ավելի մեծ ակտվություն են ցուցաբերում, ինչպես այս դահլիճում հավաքվածներն են փաստում։ Արդյոք, հույս ներշնչո՞ւմ է, որ այսպիսի կենտրոններում հավաքույթները կնպաստեն ապագայում հավասարակշռելու գենդերային բալանսը, որն էլ ծրագրի նպատակներից մեկն էր։ «Մենք ձգտում ենք, որ կանանց ներգրավվածությունն ավելին լինի, և մեր տեսածը հույս ներշնչում է, որ ապագայում արդյունքները տեսանելի կլինեն»,- ասաց պրն Նոյկիրխը։ 

«Հայաստանում համայնքների խոշորացումը մեծ հաջողություն պետք է համարել։ Այս ծրագիրը հաջողության պատմություն է և ուրախ ենք, որ մեր ներդրումն ունենք այս գործում։ Ես բավականին գոհ եմ արված աշխատանքից և ուրախ եմ, որ ԵԽ-ի հետ համագործակցելով կարող ենք նպաստել տեղական ժողովրդավարության զարգացմանը։ Այս ոլորտում դեռևս բավականին շատ անելիք կա»,- ասում է Ավստրիական զարգացման գործակալության Երևանի գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter