
Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը պարտադիր է կատարման համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն անդրադարձել է Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որն Ադրբեջանին պարտավորեցնում է գործուն քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պնդմամբ, դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Նրա խոսքով, ըստ դրա, ադրբեջանական կողմը պետք է ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Գուտերիշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել կառուցողական դիրքորոշում ցուցաբերել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև ողջունել է այն վստահությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները դիմել են միջազգային դատարանին՝ խնդրելով լուծել իրենց տարաձայնությունները:
Լուսանկարը՝ ՄԱԿ-ի մամուլի ծառայության
Մեկնաբանել