
ԲԴԽ-ն դադարեցրեց Զարուհի Նախշքարյանի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր դադարեցրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Խորհուրդի որոշմամբ՝ դատավորը թույլ է տվել էական խախտում։
Հիշեցնենք, որ դատավոր Նախշքարյաին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարը: Պատճառն այն է, որ դատավոր Նախշքարյանը կարծիք է հայտնել լիազորություններն արդեն դադարեցված դատավոր Աննա Փիլոսյանի կարգապահական վարույթի վերաբերյալ:
Այդ ենթատեքստում խոսել է նաև դատավորների գերծանրաբեռնվածության մասին:
«Կողմ քվեարկած անձինք, դո՛ւք եք այս որոշման հետ ապրելու՝ ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը, դո՛ւք»,- ասել էր Նախշքարյանը:
Դատավորը կարծիք է հայտնել նաև այն մասին, որ տվյալ որոշումը չէր կարող կայացվել այն պարագայում, երբ դատարանում առկա է գերծանրաբեռնվածության խնդիր:
Նախարարի ներկայացուցչի կարծիքով՝ Նախշքարյանը գնահատականներ է տվել պետության կողմից իր պոզիտիվ պարտականությունը չկատարելու, մասնավորապես՝ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները լուծելու փոխարեն անհատ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Նշենք, որ ԲԴԽ որոշումը վերջնական է։
Մեկնաբանել