Կառավարությունը քննարկում է ակադեմիական ինստիտուտները բուհերին միացնելու հարցը. Ակադեմիան դեմ է
Փետրվարի 2-ին Գիտությունների ազգային ակադեմիայում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել էր գիտնականներին, գիտական ինստիտուտների տնօրեններին: Հենց այդ հանդիպմանը շատերը պաշտոնապես լսեցին ակադեմիական ինստիտուտներն ու բուհերը միավորելու ծրագրի մասին:
ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի համար, սակայն, այդ լուրն անակնկալ չէր:
Ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սաղյանն ասում է՝ բուհերի եւ գիտահետազոտական ինստիտուտների միացման մասին ինքը գիտեր, քանի որ այն աշխատանքային խմբի անդամ է, որը քննարկում է սպասվող փոփոխությունների տարբերակները:
Մեր հարցին, թե ինչու այդ ամենի մասին նախապես չէր տեղեկացրել ինստիտուտների տնօրեններին, ԳԱԱ նախագահը պատասխանում է, թե քանի դեռ աշխատանքային խումբը պաշտոնապես որեւէ եզրակացություն չէր տրամադրել, այդ պատճառով ինքն ինստիտուտների տնօրեններին չէր տեղեկացրել: Ասում է՝ կարգ կա, որին պետք է հետեւել: Սակայն մինչ այդ, ըստ Սաղյանի, ինքը տնօրեններին ներկայացրել է ԳԱԱ-ի առաջարկած մոդելը:
«Այդտեղ որեւէ թաքցնելու բան չկար, քանի որ տնօրենները մտահոգված էին, այդ ընթացքում հարցնում էին, տարբեր տեղերից եւ հենց նախարարությունից տարբեր լուրեր էին ստանում: Բայց մյուս կողմից՝ իրավունք չունեի բարձրաձայնել աշխատանքային խմբի քննարկումների մասին, քանզի դեռ չկա պաշտոնական փաստաթուղթ»,- պարզաբանում է Ակադեմիայի ղեկավարը:
Աշխատանքային խումբը ձեւավորվել է 2022-ի սեպտեմբերին: Խմբում 9 հոգի են ԳԱԱ-ից, ԿԳՄՍ նախարարությունից, ՀՀ գիտության կոմիտեից, որը ենթակա է նախարարությանը, ԱԺ-ից, վարչապետի աշխատակազմից: Ակադեմիան ներկայացնում է Աշոտ Սաղյանը:
Աշխատանքային խումբը քննարկում է երկու տարբերակ՝ ԿԳՄՍ-ի եւ Ակադեմիայի: Դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել:
Փետրվարի 2-ի հանդիպմանը Ակադեմիան ներկայացրել է իր տարբերակը, որից հետո, ըստ Աշոտ Սաղյանի, նախարարը խոսել է փոփոխությունների, ռազմավարությունների մասին: «Հետքի» զրուցակիցն ասում է՝ բավական կոռեկտ եւ բովանդակային հարցադրումներ են եղել, որոնք ընդհանրացնելով կարելի է մեկնաբանել հետեւյալ կերպ՝ ամեն ինչ պետք է անել ճիշտ բովանդակային, երկարատեւ մասնագիտական քննարկումներից հետո:
«Հիմնականում ելույթ ունեցող գիտնականները հենվում էին այն գաղափարի վրա, որ այսօր ԳԱԱ-ն գործող կառույց է, իհարկե, ինչպես ցանկացած համակարգ, այնպես էլ Ակադեմիան ունի իր թերությունները, եւ պետք է ոչ թե քանդեն, զրոյից սկսեն, այլ եղած համակարգի թույլ կողմերն ուժեղացնեն, որովհետեւ մյուս կողմից այսօր բոլորն են ընդունում, որ եթե հիմա բուհերում խնդիրները շատ-շատ են, Ակադեմիայում այդքան շատ չեն, եւ Ակադեմիայի կառավարման համակարգը ճիշտ համակարգ է»,- ասում է ԳԱԱ նախագահը:
Ի՞նչ է առաջարկում Ակադեմիան
«Երկու սցենար է, մեկն էլ առաջարկվել է մեր ակադեմիկոս-քարտուղարի կողմից, որը չի էլ քննարկվում: Իրականում աշխատանքային խմբում քննարկվել է երկու սցենար: Դրանցից մեկը, որը ես եմ ներկայացրել, Ակադեմիայի տարբերակը, հիմնված է ֆրանսիական CNRS-ի (Գիտահետազոտական ազգային կենտրոն – հեղ.) օրինակի վրա, որը Գերմանիայում, Ֆրանսիայում հաջողությամբ կիրառվում է: Դրա էությունն այն է, որ ակադեմիան դիտարկվում է որպես կապող կառույց կրթության եւ արդյունաբերության միջեւ: Սա հենց այն մոդելն է, որ բազմիցս ասում եմ՝ այսօր անհրաժեշտ է կիրառել Հայաստանի Հանրապետությունում»,- ներկայացնում է Ակադեմիայի ղեկավարը:
«Այսօր մեր խնդիրը միայն կրթությունը չէ: Եկեք բոլոր ինստիտուտները տանենք բուհեր, որպեսզի բուհերի գիտաչափական տվյալները բարձրացնենք, հարց է ծագում՝ ի՞նչ է լինում գիտությունը, ի՞նչ են լինում ինստիտուտները: Իսկ տնտեսության մասին ո՞վ պետք է մտածի»,- նկատում է նա:
Առաջարկվող մոդելի էությունը հետեւյալն է՝ ակադեմիական ինստիտուտներն, ինտեգրվելով բուհերիին, կիրականացնեն հիմնարար հետազոտություններ, իսկ կիրառական ուղղությամբ կինտեգրվեն արտադրության համար պատասխանատու գերատեսչություններին:
«Ինչո՞ւ եմ ասում, որ սա միակ եւ ճիշտ տարբերակն է ինձ համար, որովհետեւ այսօր չունենք ճյուղային ինստիտուտներ: Սովետական Միության ժամանակ ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երեւանում կային ակադեմիական եւ ճյուղային ինստիտուտներ: Ակադեմիական ինստիտուտները նախատեսված էին հիմնարար, ֆունդամենտալ հետազոտություններ իրականացնելու համար, իսկ ճյուղային ինստիտուտներն օգտագործում էին ֆունդամենտալ հետազոտությունների տվյալները, դրանք վերածում էին տեխնոլոգիական ռեգլամենտի տվյալների եւ ներդրման համար փոխանցում արտադրությանը»,- նշում է ակադեմիկոսը:
Աշոտ Սաղյանի դիտարկմամբ՝այսօր Հայաստանում ճյուղային ինստիտուտները չկան. երկրի անկախանալուց հետո ոչ պետականամետ մասնավորեցման հետեւանքով դրանք վերացել են: Իսկ «փրկված» երկու ինստիտուտներից մեկի հիմքի վրա, ըստ նրա, ստեղծվել է Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը, որի հիմքի վրա էլ այնուհետ ստեղծվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնը, որի ղեկավարում էր հենց Ա. Սաղյանը:
«Հիմա հարց է առաջանում: Մեզ պե՞տք է այդպիսի գիտություն, որը կծառայի տնտեսությանը, ռազմական արդյունաբերությանը, սննդարդյունաբերությանը, գյուղատնետսությանը: Իհարկե, պետք է: Դրա ապացույցն այն է, որ ցանկացած իշխանավոր իշխանության գալուց հետո իր առաջին ռազմավարական ելույթում միշտ նշում է գիտահեն տնտեսություն, ռազմարդյունաբերական կոմպլեքս ունենալու մասին: Դրա համար պետք է ստեղծվի գիտական հենք, իսկ դրանք պետք է արվեն կիրառական հետազոտությունների միջոցով: Սակայն այսօր այդ ինստիտուտները չկան: Այդ նպատակով այսօր ուղղակի պետք է օգտագործել Ակադեմիայի կազմի ինստիտուտները»,- ասում է ԳԱԱ նախագահը:
Այսպիսով՝ Ակադեմիայի առաջարկը հետեւյալն է. Ակադեմիան մնում է՝ լիարժեք ինտեգրվելով բուհերի հետ հիմնարար գիտությունների առումով, միաժամանակ իր կիրառական մասով աշխատում է տնտեսության զարգացման համար:
«Ակադեմիան համաձայն է, որ որոշ ինստիտուտներ, որոնք իրենց մասնագիտական ուղղություններով 50-60 եւ ավելի տոկոսով համապատասխանում են բուհին, եւ եթե կա երկկողմանի համաձայնություն, մտնեն բուհի կազմի մեջ: Բոլոր ինստիտուտներում կան ստորաբաժանումներ, լաբորատորիաներ, բաժիններ, որոնք իրենց գործունեությամբ, բովանդակային առումով համապատասխանում են ինչ-որ բուհի գործունեությանը, առաջարկում եմ՝ եկեք դրանք Ակադեմիայի ինստիտուտից հանենք եւ տեղափոխենք, հզորացնենք բուհի գիտահետազոտական սեկտորը, իսկ Ակադեմիան իր մնացած ինստիտուտներով ծրագրային համագործակցի բուհի այս գիտահետազոտական ինստիտուտի հետ»,- նշում է Աշոտ Սաղյանը:
Ի՞նչ է առաջարկում Կառավարությունը
«Կառավարության առաջարկի մասին ընդամենը մի բան կասեմ՝ այն տեսնում է բոլոր գիտահետազոտական ինստիտուտները բուհերի կազմում: Իմ կարծիքն է՝ դա արդարացված չէ, քանի որ դրա համար բուհերը պետք է ուժեղ լինեն: Առաջին հերթին բուհերը պետք է ուժեղ լինեն, հետո նոր ինստիտուտները միավորեն բուհերին»,- մանրամասնում է ակադեմիկոս Սաղյանը:
Նա նշում է, որ այսօր բուհերն ունեն իրենց գիտահետազոտական ինստիտուտները, գիտական կենտրոնները, հետազոտական լաբորատորիաները, որոնց թիվը քիչ չէ: Ակադեմիկոսի խոսքով՝ առաջնահերթ պետք է հասկանալ, թե ինչու այսօր բուհերը լավ վիճակում չեն: «Նախկինում ասում էին, որ պետք է փակեն ինստիտուտները, հիմա խոստովանում են, որ ինստիտուտները լավ վիճակում են, պետք է միացնեն բուհերին: Այստեղ ուրիշ խնդիր կա»,- նկատում է ԳԱԱ ղեկավարը:
Նրա խոսքով՝ բուհերի գնահատման չափանիշները 10-ն են, որոնց ինքը քաջատեղյակ է, քանի որ բուհերի հավատարմագրման հանձնաժողովի անդամ է արդեն 15 տարի, իսկ վերջին 5 տարիներին՝ հանձնաժողովի նախագահն է: Այդ 10 չափանիշներից միայն մեկն է կապված գիտությանը՝ հետազոտականը:
«Եթե մենք գիտահետազոտական ինստիտուտները միավորենք բուհերի հետ, մեկ է՝ դրանից բուհը թոփ բուհ չի դառնալու: Առաջին հերթին բուհի մյուս 9-ը չափանիշները, որոնք կապված են որակի, պրոֆեսորադասախոսական կազմի, ծրագրերի, միջազգայնացման հետ եւ այլն, դրանք պետք է կարգավորել, հետո մտածել, թե ինչ ինստիտուտ միացնել բուհին, եթե խոսում ենք միավորման մասին»,- ասում է ԳԱԱ նախագահը:
Ի՞նչ առարկություններ կան Ակադեմիայի առաջարկին
Աշխատանքային խումբը Ակադեմիայի առաջարկի մասին երկու հարց է բարձրացրել:
Առաջինը. ասել են, որ այդ դեպքում ակադեմիական միջավայրը լավ չի ձեւավորվում, այնինչ անհրաժեշտ է ապահովել ակադեմիական հարուստ միջավայր:
«Մեր ինստիտուտներն ուրախ են, երբ որեւէ ուսանող մտնում է իրենց մոտ: Դրա համար պետք չէ, որ ինստիտուտը մտնի բուհի կազմի մեջ: Ասում են՝ դե որպեսզի ուսանողներն ազատ մուտք ունենան, իրենք պետք է զգան, որ դա իրենցն է: Դա հո իրենց տունը չի՞, պետական կառույց է, հետո էլ ուսանողը մտնում է ինստիտուտ ինչի՞ համար՝ որ աշխատի: Իսկ ո՞վ է դա արգելել: Դա կարելի է անել սովորական 2-3 էջանոց պայմանագրի ձեւով, որտեղ կա համագործակցություն ինստիտուտի եւ բուհի միջեւ, որտեղ ինստիտուտն իր հետազոտական տարածքները, նյութատեխնիկական բազան տրամադրում է ուսանողներին՝ հետազոտական աշխատանք կատարելու համար: Եվ դա ընդունված է ամբողջ աշխարհում»,- պարզաբանում է ակադեմիկոս Սաղյանը:
Երկրորդը. մեկնաբանում են, որ ինստիտոտներն ունեն թանկարժեք սարքավորումներ, ու եթե դրանք միացնեն բուհերին, ապա նյութատեխնիկական բազան կդառնա բուհինը, իսկ դա կարեւոր պահանջ է բուհի վարկանիշը բարձրացնելու համար:
«Հարց եմ տալիս՝ իսկ ինչո՞ւ մեկ սարք լինի Հայաստանում: Խոսքը վերաբերում է, օրինակ, միջուկային մագնիսական ռեզոնանսին (ՄՄՌ), որն, ի դեպ, 2018-ին վարչապետ Փաշինյանը թույլ է տվել, եւ ԳԱԱ-ի տնտեսած միջոցների հաշվին առել ենք: Այն տեղադրված է Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում: Իսկ ինչո՞ւ պիտի մեկը լինի»,-ասում է ԳԱԱ նախագահը: Նկատում է, թե շատերի կարծիքով՝ այսօր ռուսական գիտությունը հետ է, նույնիսկ քննադատում են այն: Բայց հավելում է, որ երբ վերջին անգամ այցելել էր Մոսկվայի Օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիա, այնտեղ 7 հատ ՄՄՌ կար, ընդ որում՝ միայն մեկ լաբորատորիայում 3 ՄՄՌ կար: «Հասկանում եմ՝ պետության գումարները տնտեսում եք, բայց եթե կառավարությունն ուզում է տասնյակ, հարյուր միլիոններով գումար տրամադրել՝ ակադեմիական քաղաք սարքելու համար, դրանից կարելի է 1-2 միլիոնը ներդնել սարքավորում գնելու, արդիականացնելու համար: Օրինակ, Ռուսաստանի Կուրչատովի ինստիտուտում կա երկու սուպեր համակարգիչ, իսկ Հայաստանում՝ ոչ մի: Բայց ես դա էլ եմ ընդունում, մտածում եմ մեր պետության տնտեսման մասին»,- ասում է ակադեմիկոսը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակը լուծում ունի: Պատմում է, որ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը մի ծրագիր էր ֆինանսավորել Նիժնի Նովգորոդում, եւ ստեղծել էին ռեակտոր՝ 1 միլիոն 300 հազար դոլար արժողությամբ: Ծրագրի ավարտից հետո կենտրոնի ղեկավարությունն այդ սարքը պետք է նվիրեր ինստիտուտին, բայց քանի որ դրա կողքին գիտակոնստրուկտորական կենտրոն կար, որոշել էին քվեարկել: Արդյունքում սարքը 20 տոկոսով տրամադրվել էր ինստիտուտին, իսկ 80 տոկոսով՝ կենտրոնին: Նույն տարբերակով, ըստ Սաղյանի, կարելի է ձեւակերպել Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում տեղադրված միջուկային մագնիսական ռեզոնանսը:
Ըստ ակադեմիկոս Սաղյանի՝ բուհերի խոշորացման գաղափարը ճիշտ է: Ասում է՝ այսօր ՀՀ-ում 100-ից ավելի բուհ կա, ու երբ դրանք անցել են հավատարմագրման հանձնաժողովով, ինքը նկատել է, որ կան բուհեր, որոնք պիտի միավորվեն: Մյուս կողմից՝ սխալ է համարում բուհերի եւ գիտահետազոտական ինտստիտուտների միավորումը, ինչն, ասում է, ոչ միայն իր, այլեւ ամբողջ գիտական հանրության կարծիքն է: Գերակշող մասն, ամեն դեպքում, այդպես է մտածում: «Կրթական աշխարհի մարդիկ էլ ասում են՝ այդ ինստիտուտները տալիս եք մեզ, որ ի՞նչ անենք: Չեմ ուզում բացել փակագծերը, բազմաթիվ խոսակցություններ են եղել: Մանրամասները չեմ կարող ասել: Եթե խնդիրն այն է, որ օգնենք, ուժեղացնենք բուհի գիտահետազոտական բաղադրիչը, եղբայր, մենք պատարստ ենք, եկեք օգտագործենք CNRS-ի տարբերակը: Մեր ամբողջ գիտական բաղադրիչը, գիտական հոդվածները, ներուժը ներդնում ենք, դա մեր բուհն է, այն կադրեր է պատրաստում մեզ համար, մենք շահագրգռված ենք, որ լավ կադրեր լինեն, դա մեր պարտքն է, բայց չի կարելի տանել, միացնել: Ամբողջ աշխարհում կա ընդունված տարբերակ՝ համագործակցություն»,- ասում է ԳԱԱ նախագահը:
ՀԳ. Իսկ թե ինչ թերություններ ունի ԳԱԱ-ն, ինչու է այն կղզիացած կառույցի տպավորություն թողնում, ինչու են ԳԱԱ նախագահության ներսում ցածր ՕԳԳ-ով գիտնականներ շարունակում աշխատել, Ակադեմիայի նախագահի դիտարկումներին կանդրադառնանք հաջորդ հոդվածում:
Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել