HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Շրջափակում, խուճապ, «Ուրալը» անցավ Հայկի վրայով, ինչ-որ պահից Սամվելը կանչերին չարձագանքեց. Ցորի գործով վկաների ցուցմունքից

«Հոկտեմբերի 12-ին, ժամը 4-ին մեզ հավաքվելու հրաման տվեցին, ամեն ինչ լցրեցինք մեքենաների մեջ, որպեսզի նահանջենք տարածքից, բայց մի քանի րոպե հետո հրամայեցին՝ «թողնել», նորից մտանք խրամատները։ Դրանից մի քանի րոպե հետո հրամայեցին շրջանաձև պաշտպանության անցնել։ Վարորդները գնացին մեքենաները բերելու, մոտեցրին մեզ, բայց վերևից մեզ վրա էին կրակում, չէինք կարող մոտենալ մեքենաներին»,- երեկ դատարանին պատմեց վկա Սերգեյ Դարագուլյանը։ Նա պատերազմն սկսվելուց երկու ամիս առաջ է զորակոչվել՝ 2020թ․օգոստոսին և ծառայել է Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) հրետանային դիվիզիոնում։

Հիշյալ դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանի վերաբերյալ Երևանի առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով փետրվարի 27-ի դատական նիստում իբրեւ վկա հրավիրված, զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնի նախկին զինծառայող Սերգեյ Դարագուլյանը պատմում էր 2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» տեղամասում հոկտեմբերի 12-ին դիվիզոնի՝ շրջափակման մեջ հայտնվելու մանրամասները։  

Ս․ Դարագուլյանը դատարանին հայտնեց, որ այդ ժամանակ միասին են եղել՝ ինքը, Արթուրը, Մհերը, Հայկ Մելիքյանը և ՄՈԲ-ի Տիկոն։ «Տղաների մեջ վիրավորներ կային, «Ուրալ» մեքենան առջևի և հետևի անիվներով անցել էր Հայկի վրայով։ Ինքը ողջ էր, բայց ջարդուփշուր էր եղել, ուզում էինք մեզ հետ տանել, բայց չէինք կարողանում։ Քաշում էինք, որ հանենք, ցավերից ոռնում էր, ասում էր՝ չեմ կարող, ինձ թողեք՝ գնացեք։ Այդպես իրեն թողեցինք այդտեղ»,- պատմեց Սերգեյը։ 

Գործով մասնակցող դատախազ Հայկ Ռափյանը հարցերով ցանկանում էր վկայից մանրամասներ իմանալ Դ-20 հրետանային դիվիզոնի զինծառայող Հայկ Մելիքյանի հետ տեղի ունեցածի մասին։ «Մենք «Ուրալ» մեքենաներով պետք է դուրս գայինք տարածքից, Հայկն էլ էր մեր կողքին, մեքենաները պետք է մոտենային մեզ, որ հեռանայինք։ Երբ տեսանք մեքենան գալիս է մեզ վրա՝ գոռացինք, որ թեքվի, բայց չկարողացավ այնպես անել, որ Հայկի վրով չանցնի»,- հայտնեց Սերգեյը։

Սերգեյ Դարագուլյանն առաջին վկան է, որ դատարանում պատմում է Հայկ Մելիքյանի հետ կատարվածի մասին։ Զոհված զինծառայողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը մեկ անգամ ևս վկայից ճշտեց՝ անձա՞մբ է տեսել, որ մեքենան անցել է Հայկ Մելիքյանի վրայով։ «Հայկը մեր կողքին էր պառկած, «Ուրալ» մեքենան է անցել վրով, մեր հաշվարկներով՝ Սամվելն է եղել վարորդը»,- պատասխանեց վկան։ Դատավարության կողմերը հարցերով հստակեցրին, որ Սերգեյը Սամվել Ղազարյանին է վերագրում դեպքը, որովհետև «Ուրալ» մեքենայի վարորդը նա է եղել։ «Ամեն մեքենա իր վարորդն ուներ»,- Սերգեյը դրանով է հավանական համարում Սամվելի՝ ղեկին լինելը։ Դատավարության մասնակիցները համոզված չեն, որ մեքենայի ղեկին նույն օրը զոհված Սամվել Ղազարյանն է եղել, չնայած մեքենան նրան է կցված եղել, և մեկ ուրիշ վարորդի անուն տրվեց՝ Կարո։ Կարծում են, որ դեպքի մանրամասները քննելուց հետո կպարզվի, թե իրականում ով է եղել «Ուրալ» մեքենայի ղեկին։ 

Սերգեյը դատարանին պատմեց շրջափակման մեջ հայտնվելու և այնտեղից դուրս գալու մանրամասները։ «Արդեն մթնում էր և ուզում էինք տարածքից հեռանալ։ Հրամանատար Ալիկ Գոքորյանն ասաց, որ թեքվենք ձախ, տղաների կողքով գնանք, տեսնենք՝ ով կա ողջ կամ վիրավոր, մեզ հետ տանենք։ Գլուխս բարձրացրի՝ տեսա, որ հակառակորդը և՛ կրակում է, և՛ ձախ կողմից իջնում են մեզ մոտ։ Տղաների մոտով էլ չէինք կարող գնալ, թեքվեցինք այլ ճանապարհով։ Սարից իջել ենք ներքև, բայց էլ չէինք կարողանում քայլել, մեր 5 հոգուց 4-ը վիրավոր էր, բլուրի վրա ապահով տեղ գտանք ու քնեցինք։ Առավոտյան ասացինք՝ գնանք տեսնենք տղաներն այնտե՞ղ են, թե՝ չէ, մի մեքենա վերցնենք ու դուրս գանք տարածքից։ Երբ հետ էինք գնում, ճանապարհին մեր դիվիզիոնից Արգիշտի Բիչախչյանին հանդիպեցինք։ Նա ասաց, որ մի կերպ է այնտեղից դուրս եկել, թուրքերն այնտեղ են, մեքենաներն էլ խփել են, ոչ մեկը չի աշխատում։ Մենք վեցով, իրար օգնելով գնացինք ճանապարհով, մի գյուղ մտանք ու թաքնվեցինք տներից մեկում։ Օգնություն կանչեցինք, բուժօգնության մեքենան եկավ և մեզ հոսպիտալ տեղափոխեց»,- պատմեց վկան։ 

Գործով մեղադրող, զինվորական դատախազության դատախազ Հայկ Ռափյանը Սերգեյին հարցրեց՝ «Արգիշտի Բիչախչյանից ճշտե՞լ են, ինքն ինչո՞ւ էր այդտեղ»։ (Նախորդ դատական նիստերի ժամանակ վկայություն տված նրա ծառայակից ընկերները հայտնել են, որ տարածքից փախուստի դիմած հրամանատար Գևորգ Գևորգյանը մեքենան չի կանգնեցրել, որպեսզի մեքենայի հետևից վազող Ա․ Բիչախչյանը նստի-Ս․Պ․)։ Վկան դատարանին փոխանցեց Ա․ Բիչախչյանի պատմածը՝ երբ թուրքերը հարձակվել էին, նա թաքնվել էր կիսաքանդ շենքում։ Արգիշտին իրենց հայտնել է, որ թուրքերը 10 հոգով անցել են իր կողքով, բայց մթության մեջ իրեն չեն նկատել։ Ասաց, որ Արգիշտի Բիչախչյանը, իրենց տեսնելով, թաքնվել է խոտերի մեջ, իրենք մոտեցել են, զենքը պահել վրան։ «Ասաց՝ մի՛ կրակեք, Ցորի դիվիզիոնից եմ։ Գլուխը բարձրացրեց՝ տեսանք, որ Արգիշտին է»,- հայտնեց Սերգեյը։ Նշեց, որ տեղյակ չէ, թե նա ինչպես էր մենակ մնացել այդտեղ, սակայն նախաքննության ժամանակ քննիչին հայտնել էր, որ Արգիշտին տղաներին պատմել է, որ վազել է  մեքենայի հետևից, բայց չի հասցրել նստել։ 

Հավելեց, որ «ով ոնց կարող է՝ թող դուրս գա» հրամանից հետո իրենք «Ուրալ» մեքենաներով պետք է դուրս գային տարածքից, իսկ Արգիշտի Բիչախչյանը իր հաշվարկի՝ հրամանատար Գևորգյանենց մոտ գտնվող «Սատկո» մեքենայով։  

Ամբաստանյալ Գևորգ Գևորգյանի պաշտպան Գոռ Գևորգյանը վկային հարցրեց, թե իր կարծիքով՝ այդ պահին Գևորգյանը կարո՞ղ էր անել գործողություն, որը չի արել, ու տղաները զոհվել են։ «Որպես հրամանատար գոնե մեր կողքը լիներ։ Աջ կողմի տղաները մարտ չէին վարում, որովհետև նրանց ուղղորդող չկար, թե որտեղ կրակեն։ Չեմ կարող մեղադրել, որ փախել է, բայց կարող էր էլի մարդ տանել իր հետ։ Զինվորներից կային, որ մնացել էին այնտեղ, բայց կարող էին չմնալ»,- պատասխանեց վկան։ 

Փետրվարի 27-ին դատարանում հարցաքննված մյուս վկան նույն զորամասի զինծառայող Արգիշտի Մարգարյանն էր։ Նա նույնպես մոտ երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ծառայում էր Դ-20 հրետանային դիվիզոնի 1-ին մարտկոցում, որի հրամանատարը Գևորգ Գևորգյանն էր։ Վկան հակված չէր դեպքերի մասին մանրամասներ ներկայացնել և բոլոր հարցերին պատասխանում էր ոչ թե իբրև ականատես ու մասնակից, այլ մյուսներից լսածները փոխանցող։ «Ես 1-ին մարտկոցում եմ ծառայել, Գևորգյանի հետ կապված դեպքերին ականատես չեմ եղել, որովհետև մի քիչ հեռու եմ գտնվել։ Դեպքերի մասին իմ ծառայակիցներից եմ լսել, դեպքերին ականատես չեմ եղել, որ պատմեմ»,- կրկնում էր վկան։

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» տեղամասում հոկտեմբերի 12-ին հրետանային դիվիզիոնի՝ շրջափակման մեջ հայտնվելու առնչությամբ հայտնեց, որ հարձակում տեղի ունեցավ, երկու կողմից կրակում էին։ Երբ փամփուշտը վերջացել է, դիրքից հետ է գնացել, իր հետ եղել են՝ ՄՈԲ-ից Վազգենը և զինծառայակից Սամվել Ղազարյանը, որը ոտքից էր վիրավոր։ Դիրքից քայլելով հասել են մի հայկական գյուղ։ «Այնտեղով մեքենաների շարասյուն  էր անցնում, մեզ վերցրել են, տեղափոխել են հոսպիտալ։ Երկուսս էլ վիրավոր ենք եղել, ես՝ ծնկից՝ բեկորային վիրավորում ունեի, կրունկից՝ հրազենային, Վազգենը դեմքից էր վիրավորվել։ Այնտեղից մեզ Սիսիանի հոսպիտալ տեղափոխեցին»,- հայտնեց Ա․ Մարգարյանը։

Ասաց, որ իրենց ստորաբաժանումը կրակ վարելու հետ միաժամանակ փորձում էր դիրքից դուրս գալ, բայց մեքենաները չէին կարողանում դիրքերին մոտենալ, կրակոցները խանգարում էին։ Հայտնեց, որ վարորդ Սամվելը վիրավոր էր, փորձում էր մեքենան մոտեցնել, որպեսզի նստեն ու հեռանան տարածքից։ Սամվելը համարյա ճանապարհին էր հասել, բայց մեքենայի մեջ վիրավորվեց ու իջավ մեքենայից։ Կրակել են այնքան ժամանակ, մինչև փամփուշտը վերջացել է։ Ինքը, Սամվելն ու Վազգենը որոշել են դիրքից դուրս գալ։ Քանի որ Սամվելը վիրավոր էր ու չէր կարող գալ, զենքն ու իրենց ունեցած մի քանի փամփուշտը թողել են նրան ու գնացել։ Հասել են մի գյուղ, որի խաչմերուկում շարասյուն կար, իրենց հրամանատարը՝ Գևորգ Գևորգյանն էլ էր այնտեղ։ Տեխնիկայի գծով տեղակալը իրենց հասցրել է հոսպիտալ։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հարցին՝ հրետանային կրակ վարելու ժամանակ Գևորգ Գևորգյանն այնտե՞ղ էր։ «Հետիս ծառայողներն ասում էին, որ Գևորգ Գևորգյանը թողել գնացել է»,- եղավ պատասխանը։ 

Գևորգյանի պաշտպան Գոռ Գևորգյանը վկային ուղղված հարցով՝ «Դուք որ ուզենայիք, չէիք կարո՞ղ Սամվելին ձեզ հետ տանել, գերադասեցիք վիրավոր ընկերոջը թողնել և նահանջել», ոչ թե վկայից պատասխան էր ակնկալում, այլ ցանկացավ նրանց գործողությունները հավասարեցնել իր պաշտպանյալ, դիվիզիոնի հրամանատար Գևորգյանի կատարածին։ Արգիշտի Մարգարյանը փաստաբանի հարցին պատասխանեց․ «Սամվելն այդպես ուզեց»։

Հիշեցնենք, որ այս քրեական գործով Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել զինվորների ինքնապաշտպանությունը չկազմակերպելու, վերջիններիս տարհանումը չկազմակերպելու, ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու համար: Համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության հետևանքով զոհվել է նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի 20 զինծառայող, մեկը անհայտ կորած է համարվում։

Տուժողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանի լրացուցիչ պարզաբանող հարցին ի պատասխան՝ Արգիշտի Մարգարյանը ավելացրեց՝ այդ ժամանակ, երբ Սամվելին մենակ թողեցին, Վազգենը դեմքից էր վիրավոր, ինքը՝ երկու ոտքից։ 

Փաստաբան Գևորգյանը հակասություններ նկատեց վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև և դատարանին միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքները։ Նախաքննության ժամանակ Արգիշտի Մարգարյանը դեպքի մասին հայտնել է, որ մոտավորապես 15։00-ին հրաման են ստացել՝ հավաքվել ու դուրս գալ դիրքից։ Խուճապային վիճակ էր, որից հետո «թողնել» հրաման է եղել։ Մոտ 5 րոպե անց կրկին կրակային դիրքը լքելու հրաման է տրվել։ Սկսվել է փոխհրաձգություն և խուճապ։ Ինքը վազել է «Ուրալ» մեքենայի հետ հավասար, նրա աջ կողմով, մեքենան կանգնել է, Սամվելը միջից ընկել է, որովհետև վիրավորվել էր ծնկից։ Սամվելը սողեսող անցել է ճանապարհի հակառակ կողմը, իսկ մեքենայի կողքից վազելու ժամանակ ինքը հրազենային վիրավորում էր ստացել կրունկից։ «Ես անգամ չէի նկատել, որ Սամվելի մեքենան այրվում է, նա գոռաց՝ կպայթի, հեռու գնացեք։ Մեքենան պայթել է, այդ ժամանակ մի բեկոր կպել է աջ ծնկիս»,- հայտնել է վկան։ 

Ըստ Արգիշտիի նախաքննական ցուցմունքի՝ Սամվելի հետ սողալով մտել են ավագ սպայի խրամատը, վիրակապել են իրենց վերքերը, որպեսզի արյունահոսությունը դադարեցնեն։ «Մեզ մոտ զենք չկար, իմ ինքնաձիգը խափանվել էր, չէր կրակում և ես այն թողել էի մեքենայի մոտ։ Քիչ անց մեր փոսի մոտ է եկել ՄՈԲ-ից մի ղարաբաղցի՝ Վազգեն անունով։ Նրա մոտ զենք կար, որից կրակել ենք հերթով, այդ ժամանակ հասկացանք, որ կամ՝ պետք է դուրս գանք այնտեղից, կամ՝ մնալու ենք ու զոհվենք, քանի որ հակառակորդը շատ էր մոտեցել։ Սամվելը չէր կարողանում կանգնել, զենքը տվել ենք նրան, մենք որոշ տարածություն վազել ենք։ Սամվելը սողեսող եկել է մեր հետևից և այդպես իրար ձայն տալով, որպեսզի միմյանց չկորցնենք, սկսել ենք բարձրանալ ետևի սարը։ Ինչ-որ պահից արդեն Սամվելը մեր կանչերին չարձագանքեց։ Քանի որ հակառակորդը կրակոցներ էր արձակում՝ մենք չէինք կարողանում վերադառնալ ու նրան որոնել»,- նախաքննության ժամանակ դեպքը այսպես է նկարագրել վկան։ 

Ասել է, որ բլուրը շրջանցելուց հետո շան հաչոցի ձայն են լսել, այդ ուղղութամբ շարունակել են գնալ, հասել են հայկական մի գյուղ։ Գյուղի խաչմերուկում հանդիպել են մեքենաների շարասյան, օգնություն խնդրելու համար մոտեցել են առաջին մեքենային։ Երկրորդ մեքենայից այդ ժամանակ ձայն են տվել իրենց և տեսել են, որ մեքենայի մեջ իրենց հրամանատար Գևորգ Գևորգյանն է։ Բժշկական «Ուրալ» մակնիշի մեքենայով իրենց տեղափոխել են հոսպիտալ։

Փաստաբան Գոռ Գևորգյանը վկային հարցրեց՝ իր կարծիքով՝ թեժ մարտի ժամանակ կա՞ր մեկը, որ կարողանար ինչ-որ ձևով իրավիճակը փոխել, որ տղաները չզոհվեին, նաև տարածքների կորուստ չունենային։ «Չեմ կարող ասել, բայց եթե մի քիչ շուտ իմանայինք հակառակորդի հարձակվելու մասին, հաստատ ամեն ինչ այդպես չէր ավարտվի»,- պատասխանեց Ա․ Մարգարյանը։ Ապա հավելեց, թե չի կարող ասել՝ Գևորգյանը մնար ինչ կարող էր անել, բայց իր գնալով մի քանի կյանք է փրկել։ Հարցին՝ նահանջելու մասին առաջին հրամանից հետո կհասցնեի՞ք փրկվել, պատասխանեց․ «Ինձ թվում է՝ այո, տարբերություն կլիներ»։ 

Գլխավոր լուսանկարում՝ վկա Սերգեյ Դարագուլյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter