ՀԿ-ների հայտարարությունը Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ
Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև․
2023թ. փետրվարի 22-ին Կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս և անհատներս, հայտնում ենք մեր խորը հիասթափությունը և դժգոհությունը Ամուլսարում հանք շահագործելու վերաբերյալ ՀՀ կառավարության ապօրինի, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր, պետության համար վտանգներով հղի որոշման կապակցությամբ։
ՀՀ կառավարությունը՝
- Նախատեսելով Ամուլսարի ծրագրի վերագործարկումը՝ հաշվի չի առել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները: 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռմբակոծեց Ջերմուկ քաղաքը: Ըստ Ամուլսարի ծրագրի, Ջերմուկի հարևանությամբ պետք է կուտակվեն ու կիրառվեն տասնյակ հազարավոր տոննա և հարյուրավոր տարիներով մնայուն թունավոր և վտանգավոր քիմիական նյութեր ու պայթուցիկներ, ինչը ռազմական գործողությունների դեպքում կդառնա վտանգ ոչ միայն Ջերմուկի, այլ Սևանա լճի, ողջ Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի համար Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանների աղտոտման հետևանքով, Գեղարքունիքի մարզի համար Արփա-Սևան թունելով աղտոտված ջրերի հոսքի պատճառով։ Պնդումները, որ Ամուլսարի ծրագրի իրականացումը և միջազգային ներդրումների ներգրավումը անվտանգության երաշխիք են, անհիմն են և մանիպուլիացիոն բնույթ են կրում: Սոթքի ոսկու հանքավայրի տարածքը պարբերաբար թիրախավորվում է: Փաստացի Սոթքի դեպքում միջազգային ներդրումները երաշխիք չեղան Ադրբեջանի ռազմական նկրտումները զսպելու համար: Ամուլսարի ծրագրի դեպքում չկա որևէ երաշխիք, որ նույն սցենարը չի կրկնվի, և դրանով իսկ Հայաստանի տարածքներն էլ ավելի չեն թիրախավորվի:
- Հաշվի չի առել Ջերմուկ քաղաքի՝ որպես միջազգային նշանակության առողջարանի կորուստը: Ջերմուկը կվերածվի բանվորական բանավանի, բնիկ ջերմուկցիները կարտագաղթեն, իսկ հանքում աշխատողները կլքեն Ջերմուկը հանքի շահագործման ավարտից հետո:
- Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման նպատակով ներգրավելով Եվրասիական զարգացման բանկին՝ չի գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսական և քաղաքական ռիսկերը՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների պայմաններում: Եվրասիական զարգացման բանկի մյուս խոշոր բաժնետերերը՝ Ղազախստանը և Բելառուսը, հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ցուցաբերել են արտահայտված ադրբեջանամետ դիրքորոշում: Նման բաժնետերեր ունեցող բանկի հետ գործարքի գնալն անմիջական սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար:
- Չի իրականացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեք փորձաքննություն, հաշվի չի առել 2019թ. ELARD և TRC միջազգային ընկերությունների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը, ինչի համար պետական բյուջեից վճարել է 454 հազար դոլար:
- Հաշվի չի առել ջրային ռեսուրսների՝ Սևանա լճի, Արփա և Որոտան ջրհավաք ավազանների, Սպանդարյան և Կեչուտ ջրամբարների, ստորգետնյա ջրերի վրա բացասական ազդեցությունը, թթվային դրենաժի հետևանքով մակերևութային և ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտումը:
- Անտեսել է Ամուլսարի հանքում առկա ռադիոակտիվ տարրերի՝ ուրանի, թորիումի, ինչպես նաև ռադոնի հետ կապված ռիսկերը, հանքի շահագործման արդյունքում առաջացող՝ հսկայական ծավալներով տոքսիկ տարրեր պարունակող փոշով շրջակա միջավայրի աղտոտումը: Անտեսել է աշխարհի մի շարք երկրներում արգելված ցիանային տեխնոլոգիայի կիրառման հետ կապված ռիսկերը:
- Հաշվի չի առել «Ջերմուկ» հանքային ջրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, կենսաբազմազանության պահպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները՝ պայմանավորված Բեռնի կոնվենցիայով:
- Առողջապահության նախարարը հայտարարեց, որ Ամուլսարի ծրագրի վերագործարկումն առողջության համար վտանգավոր չէ և անցել է համապատասխան փորձաքննություններ: Սա չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ամուլսարի ծրագրի 4 ՇՄԱԳ փորձաքննական գործընթացներում չի իրականացվել և գործնականում չէր կարող իրականացվել փորձաքննություն, քանի որ համապատասխան մեթոդաբանություն չկա:
- Հաշվի չի առել տարիներ շարունակ հանրության կողմից Ամուլսարի ծրագրի դեմ ազդակիր համայնքների բնակչության և հանրության դիմադրությունը: 2018թ․ աշնանը հանրագրի միջոցով Ջերմուկ խոշորացված համայնքի շուրջ 3 հազար բնակիչներ իրենց ստորագրություններով դեմ են արտահայտվել մետաղական հանքարդյունաբերությանը։
- Անտեսել է կամ չի գնահատել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախկին գործելաոճը (due diligence), անօրինականությունների, քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների, քաղաքացիների դատական հետապնդումների պրակտիկան՝ հերթական անգամ հանրային ռեսուրսները վստահելով օֆշոր գոտում գրանցված, անհայտ սեփականատերեր ունեցող և ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող ընկերությանը։
Կառավարությունը փոխանակ որդեգրի քաղաքականություն՝ վերականգնելու երբեմնի բարգավաճող և արդեն սահմանամերձ դարձած առողջարանային Ջերմուկ քաղաքի կենսագործունեությունը, ամրապնդելու համայնքների և սահմանների անվտանգությունը, Ամուլսարի շահագործման ծրագրով, փաստորեն, նախընտրում է վերջնականապես զոհաբերել Ջերմուկը և նրա սոցիալ-տնտեսական կայացած համակարգը հանուն պետական բյուջե ժամանակավոր մտնող մի քանի միլիարդ դրամի և մի քանի կասկածելի օֆշորային ընկերությունների հարստացման Ամուլսարի հանքը 10-11 տարի շահագործելու արդյունքում:
Հաշվի առնելով Ամուլսարի ծրագրի ռիսկերի անկառավարելիությունը՝ դեմ ենք Ամուլսարի ծրագրի իրականացմանը:
Պահանջում ենք
ՀՀ նախագահից
- Երաշխավորել Սահմանադրության և միջազգային նորմերի պահպանումը, անաչառ դիրքորոշում հայտնել Ամուլսարի ծրագրի իրականացման հետևանքով Հայաստանին սպառնացող տնտեսական, բնապահպանական, սոցիալական և անվտանգային ռիսկերի վերաբերյալ՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով:
- Աջակցել հասարակությանը Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր ծրագրի դեմ պայքարում, թույլ չտալ ՀՀ Աահմանադրության ոտնահարումը, ապահովել ազգային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանությունը:
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից
- Դադարեցնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրամադրված ընդերքօգտագործման պայմանագիրը, իրավունքը, որոնք երկարաձգվել են 25.05.2022թ. ընդունված հակասահմանադրական և հակաժողովրդավարական ««Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի շնորհիվ:
- Պաշտոնապես հրապարակել Ամուլսարում ուրանի պաշարների վերաբերյալ տեղեկատվությունը:
ՀՀ առողջապահության նախարարությունից
- Հրապարակել Ամուլսարի ծրագրի և մյուս հանքավայրերի՝ մարդու առողջության վրա ազդեցության՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացրած «բոլոր փորձաքննությունների» արդյունքները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից
- Հրապարակել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված եռակողմ փոխըմբռնման հուշագիրը և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասը ՀՀ կառավարությանն օտարելու վերաբերյալ պայմանագիրը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից
- Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրի համար 2016թ. տրված բնապահպանական փորձաքննական եզրակացությունը՝ հաշվի առնելով թերի գնահատված ռիսկերը և ի հայտ եկած նոր էկոլոգիական գործոնները:
ՀՀ գլխավոր դատախազությունից
- Հարուցել քրեական գործ և բացահայտել այն բոլոր պատասխանատուներին, որոնց մասնակցությամբ և թողտվությամբ տեղի են ունեցել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության թերացումները, որոնք հիմք են դրել Ամուլսարի խնդրահարույց նախագծի հանդուգն առաջխաղացման համար։
ՀՀ կառավարությունից
- Հրաժարվել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրից, քանի դեռ չի ստացվել ֆինանսավորումը, չեն կատարվել ներդրումները, և Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել ֆինանսական բեռ՝ վճարելու կորուստների դիմաց։
ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կազմակերպություններից
- Սատարել Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարական գործընթացների իրացմանը հանուն Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների անվտանգության։
Ստորագրություններ
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
- «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
- «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
- «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ
- «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
- «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ
- «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ
- Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Մեկնաբանել