HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի համավարակի ամենահավանական պատճառը չինական լաբորատորիայից արտահոսքն է. ԱՄՆ ՀԴԲ

Կորոնավիրուսի համավարակի առաջացման պատճառը, ամենայն հավանականությամբ, չինական Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքն է։ Այդ մասին Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը։

«ՀԴԲ-ն բավական ժամանակ է՝ կարծում է, որ համավարակի պատճառը, ամենայն հավանականությամբ, Ուհանի լաբորատորիայում հնարավոր պատահարն է»,- հայտարարել է Ռեյը։ Նա հստակեցրել է, որ խոսքը «չինական կառավարության կողմից վերահսկվող լաբորատորիայից պոտենցիալ արտահոսքի մասին է»։

ՀԴԲ տնօրենը նշել է, որ, իր կարծիքով, Չինաստանի կառավարությունն «անում է հնարավոր ամեն ինչ», որպեսզի խանգարի ԱՄՆ-ին ու նրա գործընկերներին՝ պարզել համավարակի առաջացման պատճառը։ «Եվ դա ողբերգական է բոլորի համար»,- հավելել է Ռեյը։ 

Ինչպես նշում է The Wall Street Journal թերթը, Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի խոսքը առաջին հանրային պնդումն է այն մասին, թե ինչ վարկած է շրջանառում բյուրոն համավարակի պատճառների մասին։ Նախորդ շաբաթ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ դեռ 2021 թվականին ՀԴԲ-ն «վստահության չափավոր աստիճանով» եկել էր այն եզրահանգման, որ համավարակը կարող էր առաջանալ Ուհանի լաբորատորիայից արտահոսքի պատճառով։ Սակայն պաշտոնապես դրա մասին չէր հայտարարվել։

WSJ-ի հոդվածում նաև նշվում էր, որ արտահոսքի վերաբերյալ վարկածին «վստահության ցածր մակարդակով» մոտենում է նաև ԱՄՆ էներգետիկայի նախարարությունն իր գաղտնի զեկույցում, որը ներկայացվել է Սպիտակ տանը ու Կոնգրեսի մի շարք անդամներին։ Պարբերականի աղբյուրները չէին նշել, թե ինչի վրա է հիմնված այդ եզրակացությունը, սակայն հայտարարել էին, որ Էներգետիկայի նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն միևնույն եզրակացությանը եկել էին տարբեր ճանապարհներով։

«Էներգետիկայի նախարարության նոր զեկույցը ցույց է տալիս, որ ԱՄՆ հետախուզական համայնքի տարբեր ստորաբաժանումներ եկել են համավարակի պատճառների վերաբերյալ տարբեր եզրակացությունների։ Էներգետիկայի նախարարությունը հիմա համամիտ է ՀԴԲ վարկածին՝ հայտարարելով, որ վիրուսը, հավանաբար, տարածվել է չինական լաբորատորիայում տեղի ունեցած պատահարի հետևանքով։ Չորս այլ գործակալություններ, հետախուզական համայնքի հետ միասին, կարծում են, որ համավարակը, հավանաբար, դարձել է վիրուսի բնական փոխանցման հետևանք, իսկ երկու գործակալություններ էլ դեռևս չեն կողմնորոշվել»,- գրել էր The Wall Street Journal-ը։

2021 թվականի մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զեկույց էր հրապարակել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ։ Ըստ ԱՀԿ-ի՝ ամենահավանական վարկածն այն էր, որ մարդիկ վարակվում էին վիրուսը կրող կենդանիների շղթայով։ Վարկածն այն մասին, որ ի սկզբանե Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկումը կարող էր սկսվել լաբորատորիայից վիրուսի արտահոսքի պատճառով, ԱՀԿ մասնագետները քիչ հավանական էին գնահատել։

2023 թվականի փետրվարի կեսերին Nature ամսագիրը հայտնել էր, որ ԱՀԿ-ն հետաձգել է կորոնավիրուսի ծագման հետաքննության երկրորդ փուլը՝ չինական իշխանությունների կողմից համագործակցության ցանկության բացակայության պատճառով։ Չինաստանը դեռևս 2021 թվականի կեսերին հայտարարել էր, որ հետաքննության երկրորդ փուլում չի համագործակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, քանի որ կազմակերպությունը վերջնականապես չի հերքել լաբորատորիայից վիրուսի արտահոսքի վերաբերյալ վարկածը։

Լուսանկարը՝ Thomas Peter / Reuters / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter