HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

1 մլրդ 100 մլն դրամ՝ Աջափնյակի մետրոյի նախագծանախահաշվային աշխատանքների համար

Կառավարության հերթական նիստն այսօր նախագահում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Նիստի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն ու լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։

Ըստ Սանոսյանի՝ այս նախագծով առաջարկում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրել 1 մլրդ 100 մլն դրամ, որի նպատակը Աջափնյակի նոր մետրոյի կայարանի կառուցման նախագծանախահաշային աշխատանքների ֆինանսավորումն է։

«Աշխատանքները բաղկացած են 3 փուլից։ Արդեն առաջին փուլն իրականացվել է, հիմա աշխատանքներն ընթացքի մեջ են, և կարիք կա հաջորդ փուլերի համար վճարելու նախագծող ընկերությանը։ Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1 մլրդ 848 մլն դրամ է»,- ասաց Սանոսյանը։ Նրա խոսքով՝ Կառավարությանն առաջարկում են վճարել 1 մլրդ 100 մլն դրամը, իսկ տարբերությունը հետագայում Երևանի քաղաքապետարանը կլրացնի։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ «Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ արդեն իսկ անցել են նախագծման առաջին փուլը։ «Նախնական հաշվարկներով՝ Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է ընդամենը 48 ամիս, այսինքն՝ 4 տարում մենք կարողանալու ենք կառուցել կայարանը»,- ասաց նա։

Ավինյանի խոսքով՝ կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ 1․5 կմ, շինարարությունը ենթադրում է նաև մետրոկամուրջ, որը դիտարկում են 2 տարբերակով․ «Երկաթբետոնե հենասյուներով և հեծաններով տարբերակը և նոր մոդելով՝ մետաղական ֆերմայով հավաքված կամուրջ։ Այս պահի դրությամբ դեռևս վերջնական որոշում չունենք, սպասում ենք ֆինանսական գնահատականներին, բայց որ դիտարժան և գեղեցիկ կամուրջ է լինելու, դրանում վստահ ենք»,- նշեց Ավինյանը։

Փոխքաղաքապետն ասաց, որ 80-ականների նախագծի համեմատ մի քանի փոփոխություն են արել։ Նախկինում կայարանը նախատեսված է եղել Աբելյան փողոցի անկյունում, որտեղ արդեն իսկ շինարարական աշխատանքներ են իրականացվել՝ շենք է կառուցվել։ «Մենք, 120-140 մետր տեղափոխելով կայարանը դեպի Հալաբյան-Աբելյան խաչմերուկ, կարողանում ենք մի քանի կարևոր խնդիր լուծել։ Նախ՝ շինարարությունն ավելի ցածր արժեք է ունենալու՝ մոտավորապես 15%-ի չափով, շինարարության ժամկետները մոտ 6 ամիս կրճատվելու են, և շինարարությունը լինելու է բաց տարածքում, այսինքն՝ վերևից ենք փորելու, այլ ոչ թե տակը փորելով ենք գնալու»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Նա նաև նշեց, որ 2-րդ փուլն ավարտվելուն պես կունենան նախագիծ, որը կուղարկեն փորձաքննության, իսկ տարվա վերջին պատրաստ կլինի վերջնական նախագիծը։ «Կարծում եմ՝ արդեն իսկ ժամանակն է քննարկել նաև հետագա ֆինանսավորման հարցերը, որ իմանանք՝ ֆինանսավորման աղբյուրը որն է լինելու։ Նախնական հաշվարկներով՝ շինարարական աշխատանքների գումարը մեր սկզբնական հաշվարկների գումարից ավելի ցածր է լինելու»,- ասաց Ավինյանը։ 

Որոշումն ընդունվեց առանց «դեմ» ձայների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter