HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուիս Բոնոն կայցելի Հարավային Կովկաս

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցային գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կլինի Հարավային Կովկասում՝ այցելելով Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։ Այդ մասին Վաշինգտոնում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ 

«Կովկասում բանակցային գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հաջորդ շաբաթ այդ պաշտոնում իր առաջին այցը կկատարի տարածաշրջան։ Մենք ակնկալում ենք, որ դրանք կլինեն կանոնավոր ուղևորություններ դեպի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ: Պարոն Բոնոն նախատեսում է հանդիպել բարձրաստիճան առաջնորդների հետ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու և Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր անմնացորդ նվիրվածության արտահայտման համար»,- նշել է Փրայսը։

Նրա խոսքով՝ Բոնոն սկզբում կայցելի Բաքու, այնուհետ՝ Երևան, իսկ վերջում՝ Թբիլիսի։ «Այս բոլոր երեք քաղաքներում պարոն Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի առաջմղմանը»,- հավելել է ամերիկացի դիվանագետը։

Փրայսը նաև նշել է, որ Լուիս Բոնոն հանձնառու կլինի ամրապնդել Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները։ «Մենք հույս ունենք, որ պարոն Բոնոն կկարողանա զարգացնել այդ ջանքերը և հասնել այդ գործընթացի շարունակմանը»,- հավելել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Կովկասում բանակցային գծով ավագ խորհրդականի պաշտոնում Լուիս Բոնոյի նշանակման մասին հայտնի էր դարձել փետրվարի 2-ին։ Նախկինում Բոնոն դիվանագիտական տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Նա եղել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) ԱՄՆ ներկայացուցիչը, ինչպես նաև աշխատել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և Սուրբ Աթոռում ԱՄՆ ներկայացուցչություններում։ Բոնոն նաև զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի խորհրդականի և պետքարտուղարի տնտեսական ու գործարար հարցերով տեղակալի պաշտոնը:

Լուսանկարը՝ georgiatoday.ge-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter