
Թուրքական ընդդիմությունը նախագահի իր թեկնածուի անունը հնարավոր է հայտարարի մարտի 6-ին
Թուրքիայում ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքը՝ «Ժողովրդական դաշինքը», արդեն մարտի 6-ին կարող է հայտարարել առաջիկա նախագահական ընտրություններում իր միացյալ թեկնածուի անունը, որը նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար կպայքարի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին հայտնում է Milliyet թերթը։
Նշվում է, որ կողմերը «եկել են ընդհանուր համաձայնության» թեկնածուի հարցի վերաբերյալ, սակայն նրանց անհրաժեշտ է ևս մեկ հանդիպում անցկացնել, որի արդյունքում էլ կհայտարարվի թեկնածուի անունը։
Ավելի վաղ, A Haber հեռուստաընկերությունը հայտնել էր, որ միասնական թեկնածուի անունը հնարավոր չէ եղել հայտարարել այն պատճառով, որ Լավ կուսակցության (թուրքերեն՝ İYİ Parti) առաջնորդ Մերալ Աքշեները դեմ է հանդես գալիս գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությանը։
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան ոչ ուշ, քան այս տարվա հունիսի 18-ը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել էր, որ իշխանությունը մտադիր է ընտրությունները կազմակերպել այս տարվա մայիսի 14-ին, որպեսզի այն անցկացվի մինչև զբոսաշրջային շրջանի, կրոնական տոների ու ուսումնական հաստատություններում քննությունների մեկնարկը։
Թուրքական լրատվամիջոցները փոխանցում են, որ մարտի 10-ին կամ 11-ին Էրդողանը կհայտարարի ընտրությունների վերջնական օրը։ Դրա համար անհրաժեշտ կլինի կամ խորհրդարանի հավանությունը, կամ էլ Թուրքիայի նախագահի առանձին հրամանը։
Լուսանկարը՝ Cagla Gurdogan/Reuters
Մեկնաբանել