HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դատապարտյալները ծանրոցների հետ մինչև 20 լիտր խմելու ջուր ստանալու առանձին հնարավորություն կունենան

Արդարադատության նախարարությունն առաջարկում է դատապարտյալների համար ծանրոցների և հանձնուքների հետ միասին մինչև 20 լիտր գործարանային շշալցմամբ խմելու ջուր ստանալու առանձին հնարավորություն ստեղծել։ Համապատասխան նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Գործող իրավակարգավորման համաձայն՝ դատապարտյալը կարող է շաբաթվա ընթացքում ստանալ մինչև 20 կիլոգրամ հանձնուք և ծանրոց, որն իր մեջ ներառում է նաև հեղուկ:

Այս իրավակարգավորումն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից, որից հետո, ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, շատ դատապարտյալներ (մեղադրյալներ) հարց են բարձրացրել խմելու ջուրը հանձնուքով ստանալու հնարավորության վերաբերյալ։ Մասնավորապես շատերը հայտնել են, որ նախընտրում են խմելու համար ծորակի ջրի փոխարեն օգտագործել գործարանային շշալցմամբ խմելու ջուր՝ այդ թվում պայմանավորված առողջական վիճակով։

Ստեղծված իրավիճակում ելնելով այն հանգամանքից, որ խմելու ջրի քանակը հանձնուքի քաշի մեջ հաշվարկելով, կստեղծվի այնպիսի իրադրություն, երբ ըստ էության ողջ հանձնուքը կլրացվի խմելու ջրով, այդ պայմաններում դատապարտյալների նշված իրավունքների իրացումը կկրի ձևական բնույթ։ Ուստի, ըստ արդարադատության նախարարության՝ նպատակահարմար է հանձնուքի շաբաթական սահմանված քաշից զատ նախատեսել նաև խմելու ջուր ստանալու առանձին հնարավորություն։

Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանան կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter