HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Բարձրաստիճան գեներալն ասել էր՝ ձեր գլխի ճարը տեսեք, վիրավորներին գլխից խփեք, թռեք». Խուռհատի գործով հարցաքննվեցին զոհվածների ծնողները

2020 թ. հոկտեմբերի 10-ին ադրբեջանական զորքերը հարձակում են սկսում Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի ուղղությամբ։ Սարի վրա դիրքավորված Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակը, որոնցից շատերը 2 ամսվա ծառայողներ են եղել, տալով կորուստներ՝ նահանջում են։

Սարից իջնելիս զինծառայողները նկատում են, թե ինչպես է գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը նստում մեքենան և հեռանում։

Իշխան Վահանյանը մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։ 

Զինծառայողների մեծ մասը, չիմանալով որ Հադրութը գրավված է, գնացել է այդ ուղղությամբ և զոհվել։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում երեկ՝ մարտի 2-ին, Խուռհատի գործով հարցաքնվեցին զոհված զինծառայողների 4 ծնողները։

Նրանցից յուրաքանչյուրը պատմեց, թե ինչպես ու երբ են զոհվել իրենց որդիները։

Զոհված զինծառայող Սասուն Պետրոսյանի հայրը՝ Սարուբեկ Պետրոսյանը դատարանում նշեց, որ հոկտեմբերի 11-ին որդին իրեն հայտնել է, որ շրջափակման մեջ են հայտնվել, իսկ սպաները փախել են։

«Մեզ խաբեցին, թե հանել են, երեխաներին տարել են բունկեռ, հեռախոսները ձեռքներից վերցրել են, որ չզանգեն»

«Հոկտեմբերի 11-ի առավոտյան զանգ եկավ, խոսեց Հարություն Ղարախանյանը (սերժանտ), հարցրեց՝ Սասունի պապայի հետ եմ խոսում, ասեցի՝ հա, տվեց Սասունին, հարցրի՝ ի՞նչ ա եղել, ասեց՝ մնացել ենք շրջափակման մեջ, հարցրի՝ բա սպա չկա՞ ձեր մոտ, ասեց՝ չէ, բոլորը թողել, փախել են, ծանր վիրավորներ էլ ունենք, կածանով իջել ենք ձորը»,- նշել է Սարուբեկի որդին։

Ծնողի խոսքով՝ իրենք հետագայում պարզել են, որ ՄՈԲ-ը թողել, հեռացել է, երբ իմացել է, որ Հադրութը թուրքերի ձեռքում է։

«Նույնն էլ Հադրութի սպեցնազն իր հրամանատարի հետ միասին, թռել ա, մեր երեխեքը մնացել են շրջափակման մեջ։

Ղարախանյան Հարութի հետ որ զրուցեցի, ասի՝ Հարութ ջան, խուճապի մի մատնվեք, ասեց՝ ում զանգում ենք, չեն պատասխանում, բացատրեցի՝ ոնց պիտի պաշտպանվեն, վիրավորներին որտեղ տանեն, շրջանաձև պաշտպանության անցնեն։ Եկել եմ Կապանի զինկոմիսարիատ, ինձ ու վարորդին՝ Արթուր Սաղաթելյանին ուղարկել են Գորիս։ Ներկայացել եմ Գորիսի զինկոմին, գնդապետ Հովսեփյանին, նկարագրել երեխաների տեղը, տվել հեռախոսի համարները, կոորդինատները, զինկոմիսարի կաբինետում 4 կամ 5 հոգի էինք, ինքը կապվել է ոմն Կոմիտաս Մուրադյանի հետ, ասեց՝ պարոն գեներալ, սենց-սենց իկրավիճակ ա, երեխեքը մնացել են շրջափակման մեջ, բա հեսա կկապվեմ, մի քանի ժամից երեխեքին շրջափակումից կհանեն։

Մի քիչ սպասելով՝ տեսանք չէ զանգ չկա, փորձեցի զանգեմ էն համարին, որով տղաս զանգել էր, ասեցի, որ հեսա ձեզ հետ գեներալ ա կապվելու, ուղղություն ցույց տա,  Հարութն ասեց՝ կապի միջոցներ չունենք, բոլորը վերցրել, թռել են, ոչ մի սպա չկա, մի հատ սպա եղել ա կապի դասակի հրամանատարը, որը մարտի ժամանակ զոհվել է։ Հարութն ասեց, որ էսքան հոգուց մնացել ենք 30-40 զինվոր»,- պատմում է զոհված զինծառայողի հայրը։

Այնուհետև Սարուբեկ Պետրոսյանը ճշտել է Հադրութի քաղաքապետի հեռախոսահամարը, կապ հաստատել նրա հետ և տվել զինծառայողների կոորդինատները։

«Ասեց՝ լավ, մի բան անելու ենք, արխային մնա, հանգստացրին, փափուկ բարձ ոնց որ դնեն մեր գլխի տակ։ Հաջորդ օրը մոտ 12-ին երեխան զանգեց, ասեց, որ գիշերվա 4 անց կես քաղաքապետի հետ կապվել են, թե ինչ են արել, չգիտեմ, ուղղություն են տվել, իրենք իրենց ուժերով դուրս են եկել Վանք գյուղ, ասել են, որ էնտեղ կան զինվորականներ և ՄՈԲ, բայց փաստ ա, որ էդ գյուղում ոչ մեկ չի եղել, կողքի գյուղերն ու ճանապարհները թշնամի «Յաշման» գրավել էր արդեն։ 

Մինչև հոկտեմբերի 14-ը ես իմ երեխու հետ կապ եմ ունեցել, մինչև 16.30 րոպե։

Որ տեսա՝ ում դիմում ենք, ինչ արել ենք, ինչ հարցերով որ դիմել ենք, ոչ մեկ բան չի անում, էդ ընթացքում ես 3-4 անգամ զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ թեժ գիծ, առաջին անգամից կապ տվեցին գնդապետ Ներսիսյանի հետ, ներկայացրի իրավիճակը, որ երեխաներն էս պահին գտնվում են Վանք գյուղում տների մեջ, խնդրում ենք օգնություն հասցնել, ասեցին՝ տեղյակ ենք, մենք էդ գործերն անելու ենք»։

«Բարձրաստիճան գեներալն ասել էր՝ ձեր գլխի ճարը տեսեք, վիրավորներին գլխից խփեք, թռեք էդտեղից»

Ըստ Սարուբեկի՝ իրեն հասած տեղեկությունների համաձայն, գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդեսյանին ազատել են պաշտոնից, քանի որ վերջինս զեկուցել է գնդի և դիվիզայի հրամանատարներին, որ իր զորքը պատրաստ չէ մարտի, և որ նորակոչիկներին պետք է տանել ապահով տեղ։ 

Զոհված զինծառայողի հայրը նաև հայտնեց, որ ըստ իր տեղեկության՝ Հադրութի դպրոցում եղել են բարձրաստիճան հրամանատարներ, հետագայում ժամկետայինները պատմել են, որ Արթուր Աղաբեկյանն ասել է՝ «գառներին տարեք առաջ»։

«Դիվիզիայի շտաբի պետ Մանուկյան է եղել, որը եկել է դպրոց, զենք են քաշել, երեխաներին հայհոյել՝ ով որ չգնա առաջնագիծ, ազգի դավաճան է լինելու։ Իմ երեխան դուրս ա եկել, ասել, ով իմ մարտական ընկերների վրա զենք է քաշել, ես էլ իր վրա եմ զենք քաշելու, ու էդտեղ լեզակռիվ է գնացել, թե ինչ, չգիտեմ, Մանուկյանն ասել է որտեղից ես, իմ երեխան ասել է՝ ես սյունեցի եմ, ու սկսել է լեզվակռիվ, ասել է՝ գնա, որ գաս, կհանդիպենք, որ կխոսենք։

Ես էն եզրահանգման եմ եկել, որ մեր երախներին սրա նման դավաճանները տարել են մսաղացի մեջ են գցել։ Դա դավաճանություն է եղել, դատարանը թող նայի՝ ինչքան զոհվածի ծնողներ կան, դառնալու են Սողոմոն Թեհլերյան, Հակոբ Մելքումով։ 

Մեզ խաբեցին, թե հանել են, երեխաներին տարել են բունկեռ, հեռախոսները ձեռքներից վերցրել են, որ չզանգեն, ԱԹՍ-ները տեղները չբռնեն։ Եթե ուղեկցող տային մեզ, մենք էլ կմտնեինք, մեր երեխաներին կհանեինք»։

Սարուբեկ Պետրոյանը հայտնեց՝ զինծառայողներն ասել են՝ Սասունը, Հայկը, Կարենը, Ալբերտը, Գրիշան, Սամվելը, Սմբատովը մնացել են Վանք գյուղի շրջակա անտառներում։

«Հոկտեմբերի 14-ին՝ 16։30, որդիս զանգեց, ասեց, որ բարձրաստիճան գեներալ էր, թե ինչ էր, ասել էր՝ ձեր գլխի ճարը տեսեք, այ լակոտներ, վիրավորներին գլխից խփեք, թռեք էդտեղից, բայց չասեց՝ ով է ասել»,- պատմում է հայրը։

Անդրադառնալով Վահանյանի վիրավորում ստսնալուն՝ զոհվածի հայրը նշեց՝ Հարութ Ղարախանյանն իր հետ խոսելիս հայտնել է, որ Վահանյանը ստել է, նա վիրավորվել է ավելի վաղ։

«Դեկտեմբերի 27-ին՝ ժամը գիշերվա 12.30 էր, ես պառկած էի, սպասում էի զանգի, որ առավոտյան նորից պիտի գայինք Ստեփանակերտ, որ մի բան իմանայինք, կինս ինձ արթնացրեց, թե որդիդ զոհվել ա, ասի՝ ո՞նց իմացար, ասեց՝ ադրբեջանցիներն էին գցել, թե մեր երեխաները ոնց են մարտնչում ու չեն հանձնվել»,- նշում է նա։

Սարուբեկ Պետրոսյանը հայտարարությամբ հանդես եկավ և խնդրեց ծնողներին համախմբվել և մեղադրյալների աթոռներին նստեցնել բարձրաստիճան պաշտոնյաններին։

«Վանք գյուղից, թաղած տեղից հանել եմ փոքր որդուս՝ օդեալի մեջ փաթաթած» 

Գեղամ Ղազարյանը 44-օրյա պատերազմում կորցրել է իր երկու որդիներին՝ Սամվելին և Նարեկին։

Ավագ որդին՝ Սամվել Ղազարյանը Ջրականում է ծառայել, կրտսերը նորակոչիկ է եղել, Մարտունիում է ծառայել, հետո տեղափոխել են Ջրական, չորս օր հետո պատերազմը սկսվել է։ 

«Նորակոչիկները հին ծառայողների հետ մինչև հոկտեմբերի 3-ը, եթե չեմ սխալվում, մասնակցել են մարտական գործողությունների Ջրականում։ Մեծ որդիս տարի վեց ամսվա ծառայող էր։ Որ Ջրականը տալիս են, սպաները փախնում են, զորքն անտեր է մնում, իրենք հետ են նահանջում, փախնում են՝ ով ոնց կարում ա, գալիս են ու Հադրութում մեծ ու փոքր տղաներս հանդիպում են։

Հոկտեմբերի 10-ի ցերեկը մեծ տղաս վիրավորվել ա, 12 ժամ ապրել ա, որից հետո զոհվել ա։ Կարային հանեին իրան, բայց փախել էին»,- նշում է նա։

Նահանջի ժամանակ դեպի Վանք գյուղ գնալիս է վիրավորվել որդին։ 

«Երեխեքն ուժեղ մարտ են վարել, մեկը մյուսի թիկունքը պահելով, հետ կրակելով նահաջել են, վերջինն իմ տղանա եղել, ինքը կրակել ա, որ ուզեցել ա թռնի ձորը, չի հասցրել։ Հրազենային վիրավորում ա ստացել։ Եթե սպաներն անգամ զինվորներին սովորեցրած լինեին՝ նման դեպքում վերքը այրում ես, սաղ ա մնում, էդ էլ չեն սովորեցրել։ 

Վերջին անգամ կրտսեր որդու հետ Գեղամը խոսել է հոկտեմբերի 9-ին։

«Մոր հետ խոսեց, ասեց՝ մեզ տանում են Սամոենց մոտ, բայց ավելի դաժան տեղ են տանում, որովհետև էդ ժամանակ Հադրութը գրավված էր։

«Ձեր տղան իմ ձեռքերի մեջ ա զոհվել». Խուռհատի գործով վկան պատմեց շրջափակումից դուրս գալու մասին

 Դեկտեմբերի 7-ին Հադրութի Վանք գյուղից, թաղած տեղից հանել եմ փոքր որդուս՝ օդեալի մեջ փաթաթած, բերել եմ, անգամ ինքնահողին չեմ մնացել, հաջորդ օրը գնացել եմ Ղարաբաղ, որ նորից երեխեք ման գամ։ Մեծ տղայիս էլ գտա Աբովյանի մորգից, որ տասը ամիս Ղարաբաղում էի ման գալիս, հետո ասեցին՝ համընկնում կա։ Հերացու տնօրենն ասում էր՝ վախում էինք քեզ ասել, քոնն երկու հատ էր»,- պատմում է Գեղամը։

«Մոտ 65-70 անճանաչելի մարմին իմ ձեռքերով հանել եմ» 

Զոհված զինծառայող Ալբերտ Ստեփանյանի հայրը՝ Գագիկ Ստեփանյանը դատարանում հայտնեց, որ մինչև պատերազմը որդին սեպտեմբերի 25-ին ճողվածքի վիրահատություն էր կատարել, սեպտեմբերի 28-ին նրան տարել են Հադրութ։

Սեպտեմբերի 29-ին գնացել է Հադրութ, երեկոյան տղայի հետ խոսել է, ասել է՝ տարել են Ստեփանակերտ։

«Ասեցի՝ տարել են թիկունք, ես կմնամ, կկռվեմ։ Մի գիշեր մնալուց հետո տանում են Խոջալուի հոսպիտալ, հետո նորից բերում Հադրութի հոսպիտալ, ես մոտ 40 կմ իրենից հեռու էի էդ ժամանակ։

Հոկտեմբերի 6-ին եմ խոսել վերջին անգամ, Տող գյուղում էր։ Հոկտեմբերի 8-ին տեսել եմ Հադրութի զորամասում, վերքը թարախակալած, 9-ին տարել են դպրոց։ Հոկտեմբերի 13-ին զանգել ա Հարութի համարով, քրոջս տղային ասել է՝ շրջափակման մեջ են։ Ամսի 15-ին զանգում ենք Հարութին Ղարախանյան, ասում է՝ էլ էս համարով չզանգեք։

Մարդ եմ ճարում, Հարութի հետ կապվում ա, ասում ա՝ շրջափակման մեջ ենք, սաղ լավ ա, դա եղել ա վերջին խոսակցությունը։

Գալիս եմ Հայաստան, սկսում փնտրել հիվանդանոցներով, դաժե մորգերով, ոչինչ չեմ գտնում։ Դեկտեմբերի 10-ին գնում եմ Ղարաբաղ, ընդգրկվում որոնողական աշխատանքների մեջ։ Մոտ 65-70 մարմին իմ ձեռքերով հանել եմ, բայց անճանաչելի, նույնիսկ դեկտեմբերի 23-24-ին երկու հոգի ողջ մարդ ենք հանել Հադրութից։

Հունվարի 3-ին զանգեցին, ասեցին՝ երեխաների մարմինը տվել են։ Տղաս զոհվել է դեկտեմբերի 27-ին, ոչ թե Վանք գյուղում, այլ Հակակու գյուղում։ Դեկտեմբերի 27-ին ես Ղարաբաղում էի, ինձ զանգին, ասեցին՝ ինչ կրակոցներ ա Հադրութում, ասեցի՝ ես Ղարաբաղ եմ, տենց բան չկա։ Սպայական կազմին հարցրի՝ ինչ կրակոցներ ա, ասեցին՝ թուրքերն են խմել, ուրախությունից կրակել են, բայց փաստորեն 25-ին, 26-ին, 27-ին երեխեքը մարտի են բռնվել։ Իմ տղային սնայպեռն էր խփել, ասկոլկեք էր կար վրեն»,- պատմում է Ալբերտի հայրը։

«Մեր երեխեքին փրկելը խաղուպար էր»

Մեկ այլ զոհված զինծառայողի հայր Հրանտիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ պատերազմի սկսվելուց հետո մինչև հոկտեմբերի 6-ը տեղեկություն չի ունեցել որդուց, դիմել է բոլոր պատկան մարմիններին, սակայն ոչ ոք չօգնել։ 

«Դիմել ենք Հրազդանի վայենկոմատին, մարզային, մարդիկ չուզեցին օգնել, ասացին՝ կապ չկա և վերջ, ծանոթ մարդ են գտել, ում միջոցով իմացել ենք, որ Հադրութում են, բայց  չհավատացինք, որովհետև գիտեինք, որ Ջաբրայիլում է։ Հոկտեմբերի 6-ին գիշերը երեխեն զանգել է, ասեց՝ նորմալ է, բերել են ապահով տեղ։ Մինչև հոկտեմբերի 8-ը խոսել ենք երեխու հետ, դրանից հետո կապը էլի կորել է։ Կրկին դիմել ենք պատկան մարմիններին, ոչնչով չեն օգնել, մի բառ գիտեին՝ կապ չկա»- նշում է Հարությունյանը։

Հայկի հայրը ծանոթի միջոցով գտել է Գարիկ Վարդերեսյանի (գումարտակի նախկին հրամանատարի) հեռախոսահամարը, նա էլ փոխանցել է սերժանտ Հարութ Ղարախանյանի հեռախոսահամարը. «Զանգել ենք Հարութին, շշուկով էր խոսում, հարցրինք՝ Հարությունյան Հայկը ձեր հետ է, երեխեքին հարցրեց ու ասեց՝ հա, մեզ հետ է, ասեցի՝ տուր խոսենք, անջատեց։ Հետո՝ հոկտեմբերի 16-ին իմացել ենք, որ երեխեքը շրջափակման մեջ են։ Դրանից հետո նորից զանգել եմ Գարիկին, ասել ինչ է պետք, ինչով կարանք օգնենք, որ երեխեքին փրկենք, ասեց՝ հոպար, ամեն ինչ նորմալ է, մենք զբաղվում ենք, ամսի 19-ին զանգել եմ, ասեցին՝ ճանապարհը ցույց են տվել, որ դուրս գան, ընկել են հրետակոծության տակ»։

Հայկի հայրը նշում է՝ տեսնելով, որ այլևս հնարավոր չէ, բոլոր ծնողներով հավաքվել են ՊՆ շենքի մոտ, քանի որ, երբ միայնակ էին գնում, իրենց չէին պատասխանում, հանդիպում է եղել Անդրանիկ Քոչարյանի հետ, հետո ծնողները ԳՇ քարտուղարությանն են ներկայացրել իրենց որդիների վերաբերյալ տվյալները, խոստացել էին՝ զբաղվել, իրենք էլ հավատացել են. «Մի շաբաթ էդ ձև տարան-բերեցի ծնողներին։ Տոնոյանի հրամանով՝ հանձնաժողով պետք ա ստեղծվեր, բայց մարդիկ ոչ մի բան չարեցին։ Մինչև օրս էլ դատախազին խնդրել եմ, ասում եմ՝ եթե տեղեկությունն ուզում եք իմանալ ամբողջ պատերազմի մասին, մտեք Ուլնեցու համակարգիչը, ամբողջ տվյալները տվել ենք, էդտեղից կարող եք իմանալ, թե ով էր դավաճանը։ Մեր երեխեքին փրկելը խաղուպար էր։ Քննիչը խաբում է դատարանին, եզրակացության մեջ գրել են՝ իբր 6 երեխուն ՊՆ-ն է փրկել, բայց էդ վեց երեխեքին մենք ենք փրկել Ղարաբաղում, ՊՆ-ն ոչ մի բան չի արել»։

Ծնողի խոսքով՝ զինծառայողներին փնտրելու համար տվյալներ են փոխանցվել համապատասխան անձանց, տեղեկացրել են, որ Ձորակ գյուղի անտառում են, սակայն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին այդ մասին հայտնելու և նրա միջնորդությամբ փնտրելու փոխարեն, նրանք իրենց խմբով են գնացել և փնտրել կողքի գյուղերում, ադրբեջանցիներն էլ իմացել են, որ անտառում կենդանի մնացած զինծառայողներ կան, գնացել ու սպանել են նրանց։ 

Որդու մարմինը Հրանտ Հարությունյանին փոխանցել են 2021թ. հունվարի 3-ին։ Որդին պատերազմի ժամանակ վիրավորում չի ստացել։ Մարմնի վրա՝ կրծքավանդակին, վիրավորում է եղել, բեկորային վնասվածք եղել է նաև որդու մեջքին։ Հրանտ Հարությունյանը կարծում է, որ երբ ադրբեջանցիները հայտնաբերել են թաքնված զինծառայողների խմբին, նրանց սպանելիս նաև նռնակ են նետել, քանի որ մյուս զինծառայողներից մեկի գլուխը չկար, մյուսինը՝ քիթը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 9-ին՝ ժամը 13.00-ին։

Լուսանկարները՝ Միլենա Խաչիկյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter