
Ղարիբաշվիլին վստահություն է հայտնել, որ Վրաստանը շուտով կանդամակցի Եվրամիությանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին պահպանում է եվրոպական ինտեգրման քաղաքական կուրսը՝ Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտի ներկայացումից մեկ տարի անց։ Այդ մասին գրում է Газета.ру-ն՝ հղում անելով Վրաստանի առաջին ալիքին։ Նրա խոսքով՝ այդ որոշումը դարձել է երկրի պատմության նոր էջ։
«Մեկ տարի է անցել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության պաշտոնական հայտի ներկայացման պատմական օրվանից... Այդ օրը շրջվել է մեր պատմության նոր էջը։ ԵՄ Խորհրդի կողմից Վրաստանի եվրոպական հեռանկարի ճանաչումը մեզ ավելի մոտեցրեց ազատ ազգերի եվրոպական ընտանիքին անդամակցությանը»,- նշել է Ղարիբաշվիլին։
Ինչպես ընդգծել է Վրաստանի վարչապետը, այդ երկրի ղեկավարությունն ակտիվացրել է եվրաինտեգրման ջանքերը, որպեսզի մոտենա Եվրոպայի կենսակերպին ու չափանիշներին։ Նա նաև հավելել է, որ սպասում է Եվրամիությանը հաջող անդամակցություն։
«Ես խորապես հավատում եմ, որ պատմական գործընթացը, որը մեկ տարի առաջ դարձավ անշրջելի, շուտով կպսակվի Եվրամիություն Վրաստանի ամբողջական անդամակցությամբ»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։
Վրաստանը Ուկրաինայի և Մոլդովայի հետ զուգահեռաբար Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել, սակայն ի տարբերություն Կիևի և Քիշնևի թեկնածու երկրի կարգավիճակ չի ստացել։ Եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ այս որոշումը կապում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ կապված իրավիճակով։ 2023 թվականի փետրվարին Եվրամիությունը Թբիլիսիին դեմարշ էր ուղարկել՝ իր մտահոգությունը հայտնելով քաղաքական գործչի առողջության հետ կապված իրավիճակով։ Իր հերթին Թբիլիսին հայտարարել էր, որ Վրաստանը, ԵՄ կարգավիճակ ստանալու համար, չի խաղա ուրիշի կանոններով։
Լուսանկարը՝ ipress.ge-ից
Մեկնաբանել