
«Ես չունեմ խիղճ, ես ունեմ միայն նյարդեր»․ Ռյունոսկե Ակուտագավա
Ակուտագավան 10 ամսական էր, երբ մայրը հոգեբուժարանում ինքնասպան եղավ։ Կյանքի ընթացքում գրողին միշտ հետապնդել են տեսողական և լսողական հալյուցինացիաներ։ 1927թ․-ին 35 տարեկան հասակում Ռյունոսկե Ակուտագավան ինքնասպան եղավ՝ ընդունելով քնաբերի մահացու չափաբաժին։
«Հավանաբար, ես աստիճանաբար կորցրի այն, ինչ կոչվում է կյանքի բնազդ՝ կենդանական ուժ։ Ես ապրում եմ բորբոքված նյարդերի աշխարհում՝ սառույցի պես թափանցիկ... Միայն բնությունն է ինձ համար շատ ավելի գեղեցիկ դարձել։ Հավանաբար ծիծաղ կառաջացնի՝ բնության գեղեցկությամբ տարված մարդը մտածում է ինքնասպանության մասին։ Բայց բնությունն այդքան գեղեցիկ է, որովհետև այն արտացոլված է իմ վերջին հայացքում». Ռյունոսկե Ակուտագավա, «Նամակներ ընկերոջը», 1927թ.:
Ճապոնական նոր գրականության դասական համարվող Ռյունոսկե Ակուտագավան ծնվել է 1882թ․-ին Տոկիոյում։ Մոր մահվանից հետո Ակուտագավային որդեգրում է քեռին՝ մեծահարուստ մտավորական, ճապոնական ու չինական մշակույթի գիտակ Միտիագի Ակուտագավան։ Նա որդեգրին տալիս է իր ազգանունը և հետևում, որ ստանա որակյալ կրթություն։ Դպրոցական հասակում բոլոր առարականերից առաջադիմող Ակուտագավան տարվում է գրականությամբ։ 11 տարեկանում դասընկերների հետ ձեռագիր գրական հանդես է ստեղծում։ Այդ տարիքում արևելյան գրականության հետ մեկտեղ սկսում է ուսումնասիրել և հիանալ եվրոպական մշակույթով՝ Իբսենի, Անատոլ Ֆրանսի, ավելի ուշ՝ Սթրիմբերգի, Բոդլերի, Բերգսոնի աշխատություններով:
Արդեն հասուն գրող Ակուտագավան հետագայում գրում է․«Մարդկային կյանքը ոչինչ է Բոդլերի մեկ տողի դիմաց»։
1913թ․-ին Ակուտագավան ընդունվում է Տոկիոյի համալսարանի անգլիական գրականության բաժին։ Այստեղ են սկսվում գրողի առաջին գրական փորձերը։ Ակուտագավայի գրականության մեջ միախառնված են ճապոնական պոեզիան և եվրոպական քնարերգությունը։
«Գրականության մեջ կարևորը զգացմունքն է, դրանից հետո միայն սովորույթները ու բարքերը։ Զգացմունքը գրականության ուղեղն է»,- Ռյունոսկե Ակուտագավա։
1915-1918 թվականներին գրված «Ռասյոմոնի դարպասները», «Քիթ», «Դժոխքի տանջանքները» պատմվածքները Ակուտագավային բերում են մեծ ճանաչում։ 1919-ից սկսում է աշխատել թերթում։ 1921-ին որպես լրագրող գործուղվում է Չինաստան, որտեղ գրում է «Յասուկիտիի մասին պատմվածաշարը», «Ձկան շուկա», «Ստեղծագործություն», «Ա-բա-բա-բա-բա» պատմվածքները։
1922թ․-ին գրված «Թավուտում» պատմվածքի հիման վրա 1950թ.-ին Ակիրա Կուրասավան նկարահանում է «Ռասյոմոն» ֆիլմը, որն արժանանում է «Օսկար»-ի, իսկ Ակուտագավայի պատմվածքին բերում է համաշխարհային ճանաչում։
Ակուտագավան չէր հետաքրքրվում հասարակական-քաղաքական կյանքով։ Չունի անդրադարձ նույնիսկ 1923թ․-ի Ճապոնիայի ավերիչ երկրաշարժին։ Իր աշխատություններից մեկում Ակուտագավան գրում է․ «Ես չունեմ խիղճ, ես ունեմ միայն նյարդեր»։
Կյանքի վերջին տարիներին Ակուտագավան գրում է ստեղծագործություններ, որտեղ հերոսը հենց ինքն է, իր կենսագրությունը, ապրումները, դրանք նման են ինքնախոստովանանքի։ Այդ ժանրում են գրված «Պիգմեյի խոսքերը», «Ատամնավոր անիվներ», «Նամակներ հին ընկերոջը» և «Ապուշի կյանքը» ստեղծագործությունները։ Իր վերջին պատմվածքում («Ապուշի կյանքը», 1927թ.) հերոսը խելագարված գրողն է, որը կարծում է, թե իրեն առևանգել է դևը։
1927 թ.-ի հուլիսի 24-ին Ռյունոսկե Ակուտագավան ինքնասպան է լինում՝ թողնելով հեգնական հոքու․
«Գարնանային ճյուղը դողում է,
Քիչ առաջ դրանից մի կապիկ ընկավ»:
Այսօր՝ մարտի 3-ին, գրողների միջազգային օրն է։
Մեկնաբանել