Եվրոպական խորհրդարանի ղեկավարն այցելել է Ուկրաինա
Եվրոպական խորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեթսոլան ժամանել է Ուկրաինայի Լվով քաղաք։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
«Ուրախ եմ կրկին հայտնվել Ուկրաինայում։ Այդ խիզախ մարդկանց հետ միասին, որոնք ներշնչել են ողջ աշխարհին։ Այն հերոսների հետ, որոնք չեն ընկրկում ճնշմանը։ Նրանց հետ, որոնք զոհել են ամեն ինչ մեր արժեքների համար։ Եվրոպացիների հետ, որոնց տունը մեր Եվրոպական միությունն է»,- անգլերենով և ուկրաիներենով գրել է մալթացի քաղաքական գործիչը։
Good to be back in Ukraine.
— Roberta Metsola (@EP_President) March 3, 2023
With those brave people who inspired the world.
With those heroes who refuse to give in.
With those who sacrificed everything for our values.
With Europeans whose home is in our European Union.
🇪🇺🇺🇦 pic.twitter.com/i5S15DqQtp
Լվովում Մեթսոլան սկզբում հանդիպել է Ուկրաինայի գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Վերջինս թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ շնորհակալություն է հայտնել Մեթսոլային 2022 թվականի փետրվարի 24-ին, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման առաջին օրը, ուկրաինական կողմին օգնության որոշման համար։ Նրանք քննարկել են Եվրամիություն Ուկրաինայի անդամակցության արագացմանն ուղղված քայլերը։ Ստեֆանչուկը նշել է, որ Եվրոպական խորհրդարանի և Գերագույն ռադայի միջև աշխատանքը կուժեղացվի այս հարցի ուղղությամբ։ Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձևը, որին Եվրամիությունը կոչ է անում աջակցել։
Ավելի ուշ, Մեթսոլան Լվովում հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Ես անցած տարվա ընթացքում շատ բաներ եմ սովորել Ուկրաինայից։ Բայց թերևս ամենակարևոր դասը Տարաս Շևչենկոյի ձևակերպածն է. «Շարունակեք պայքարել, դուք անպայման կհաղթեք»»,- գրել է Մեթսոլան։
With President @ZelenskyyUa in Lviv.
— Roberta Metsola (@EP_President) March 4, 2023
I have learnt many things from Ukraine the past year. But perhaps the most important lesson is one articulated by Taras Shevchenko: "Keep fighting, you are sure to win".
True in the quest for peace & freedom as it is in life.
Never give up. pic.twitter.com/FEtxqvq7xW
Իր հերթին նախագահ Զելենսկին Մեթսոլային հայտարարել է, որ Ուկրաինան ցանկանում է անդամակցության վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսել Եվրամիության հետ։ Բացի այդ, Զելենսկին կոչ է արել Եվրոպական խորհրդարանին խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ։
Զելենսկին և Մեթսոլան վերջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ այս տարվա փետրվարի սկզբին Ուկրաինայի նախագահի՝ Արևմտյան Եվրոպա կատարած այցի ընթացքում։
Փետրվարի 3-ին նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական իշխանությունները մտադիր են, որքան հնարավոր է արագ, սկսել Եվրամիությանն անդամակցության բանակցությունները։ Նա նշել էր, որ ուկրաինական իշխանությունը արդեն սկսել է այս հարցով ապագա բանակցությունների շուրջ աշխատանքը, սպասում են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համապատասխան որոշումները։ Զելենսկին ընդգծել է, որ Կիևում իրականացրել են Ասոցացման պայմանագրով ստանձնած պարտավորությունների 72 %-ը։
Ուկրաինան Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակի ստացման հայտ էր ներկայացրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մի քանի օր անց՝ փետրվարի 28-ին։ Շուրջ 4 ամիս անց Ուկրաինան և Մոլդովան պաշտոնապես ստացան այդ կարգավիճակը։
Լուսանկարը՝ Մեթսոլայի թվիթերյան միկրոբլոգից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել