HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ավարտվեց ԲարՔեմփը. վիրտուալ վերջին նորությունները երկու օրում

«Դու և աշխարհը»: Այսպես է կոչվում այն նախաձեռնությունը, որն այսօր ԲարՔեմփի ժամանակ ներկայցրեցին Դավիթ Աբգարյանը, Ավա Քոչարյանը և Մարիամ Դիլբանդյանը: Երիտասարդներն իրենց առջև նպատակ են դրել փոխել իրենց շրջապատող աշխարհը, և փոխել այն դեպի լավը: Նրանք ստեղծել են իրենց կայքը` youandworld.am, որտեղ տեղադրում են հոդվածներ հաջողության, բիզնես-կառավարման, կին-տղամարդ հարաբերությունների մասին, հաջողակ պատմություններ հայտնի մարդկանց կյանքից:

Մարիամը հոգեբան է և կարծում է, որ ամեն ինչի հիմքում մարդկային հարբերություններն են: Կարելի է ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե աշխատես թիմով: Նրա կարծիքով` հայ հասարակության մեջ դեռ կա խորհրդային մտածողությունը, ինչի արդյունքում մարդիկ նախաձեռնող չեն, սակայն կան տիրույթներ, որոնք ազատ են, ոչինչ դեռ արված չէ, և հնարավոր է փորձել այդ բացը լրացնել:

Նրանք նպատակ ունեն հաջողության գաղափարը տարածել հայ հասարակության մեջ, մարդկանց մոտիվացնել, օգնել հասնել ինքնաճանաչման, լինել մրցակցային և ուժեղ, և դա այժմ փորձում են իրականացնել իրենց հոդվածների միջոցով: Հոդվածների մեծ մասն էլ կազմում են հոգեբանական նյութերը: Հոգեբանության միջոցով կարելի է ստեղծել նաև հաջողակ բիզնես:

Նրանք նաև փորձում են այդ հոդվածները գրել մատչելի և գրագետ հայերենով: Կայքի այցելությունների 75%-ը գալիս է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից, իսկ նրանց հիմնական մասը կազմում են 18-24 տարեկան երիտասարդները:

Երիտասարդները համոզված են, որ փոքր քայլերով առաջ են գնում, բայց ժամանակի ընթացքում կկարողանան հասնել մեծ արդյունքի և իրականացնել նաև իրենց մյուս ծրագրերը:

Անցած տարի ԲարՔեմփում հաղթող ճանաչվեց ԱրմՔոմեդի նախագծի պրեզենտացիան: Այս տարի նրանք պրեզենտացիա չունեին, սակայն նախագիծը ներկայացնող Նարեկ Մարգարյանը կարծում է, որ ԲարՔեմփը հնարավորություն է տալիս ընկերական, ազատ միջավայրում քննարկել ոլորտի տարբեր թեմաներ, ինչպես նաև նոր գիտելիքներ ստանալ: Նրա խոսքերով` սոցցանցում իրականում այնքան մարդ չէ ընդգրկված, որքան թվում է, սակայն այժմ այդ մարդկանց թիվն աստիճանաբար ավելանում է: Իսկ դա հնարավորություն է տալիս մարդկանց լինել ավելի տեղեկացված, գործել կազմակերպված ու նպատակային, մասնակից դառնալ տարբեր ակցիաներ, որոնց միջոցով հնարավոր է հասնել ցանկալի փոփոխության:

Այսօր ԲարՔեմփի երկրորդ և վերջին օրն էր: Նախորդ օրը գրանցվել է շուրջ 800 մասնակից, իսկ այսօր նրանց թիվը եղել է ավելին: Կազամկերպիչներից բլոգեր Անի Սմբատյանի համար ԲարՔեմփը հետաքրքիր է, քանի որ հնարավորություն է տալիս տեղեկանալ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի վիրտուալ աշխարհի նորություններին՝ ՏՏ նախարարության ստեղծում, լայքամանիա, google-ի նորությունները, խաղաֆիկացիա, սոցիալական մեդիա, օնլայն գնումներ և այլն: Բացի այդ` այն մարդկանց, ում նա ամեն օր տեսնում է օնլայն, այստեղ կարող է տեսնել, շփվել կենդանի, լսել նրանց պրեզենտացիաները: Իսկ ԲարՔեմփի ազատ ֆորմատը հնարավորություն է տալիս քվերակել ոտքերով. պարտադրված չես լսել որևէ մեկին, և եթե պրեզենտացիան հետաքրքիր չէ, վեր ես կենում և գնում այլ լսարան:

«Սա ստեղծում է նաև յուրահատուկ մրցակցություն. որքան հետաքրքիր պրեզենտացիա, այնքան շատ մարդ, որքան շատ մարդ, այնքան դու հայտնի ես», - ասում է Անին:

Նա ուրախ է, որ այս տարի ԲարՔեմփը շատ ավելի կայացած էր, և որ կազմակերպիչներից ոչ ոք աշխատավարձ չի ստացել. ամեն ինչ արվել է կամավորական սկզբունքներով: Անիի խոսքերով` ԲարՔեմփը տևում է երկու օր, բայց դրա վրա աշխատում են ամիսներ: Նա նշեց, որ այս տարի եղել է շուրջ 30 կամավոր, որոնք անցել են հատուկ դասընթացներ և հետևում էին, որ չլինեն գովազդային բնույթի պրեզենտացիաներ, հետևում էին պրեզենտացիաների  ժամանակին, քանի որ այստեղ գործում է հստակ ժամանակացույց:

«Ինտերնյուս»-ը ներկայացնող Գեղամ Վարդանյանը ևս նշեց, որ այս տարի կամավորների թիվը շատ ավելին էր, ընդ որում` գերակշռում էին աղջիկները: Այս տարի պրեզենտացիաներին զուգահեռ փորձել են կազմակերպել նաև դասընթացներ, և լսարանների թիվը ոչ թե 3 էր, այլ 4:

Գ. Վարդանյանի խոսքերով` այս տարի կազմակերպիչները փորձել են ավելի շատ ուշադրություն դարձնել նաև պրեզենտացիաների որակի, բովանդակության վրա, որպեսզի դրանք լինեն ավելի հետաքրքիր, ոչ գովազդային, ուսուցողական և գիտելիք փոխանցող:

Մեկնաբանություններ (1)

Yerkragorc
Ժողովուդը սովից զկռտում է, սրանք եսիմումն են կապկում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter