HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի պատգամավոր. «Երբ օրը մթնում է, հաջորդ օրը չենք պլանավորում, որովհետեւ չգիտենք՝ առավոտյան մեզ ինչ է սպասվում»

Երեկ առավոտյան ադրբեջանական դիվերսիոն խումբը Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհին թիրախավորել էր ծառայության մեկնող Արցախի ոստիկանական մեքենան, ինչի հետեւանքով 3 հայ ոստիկան է զոհվել, մեկը՝ վիրավորվել։ Ադրբեջանցիների դիվերսիայից հետո մոտակա հայկական մարտական դիրքից պատասխան կրակ է բացվել թշնամու ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս զոհեր ու վիրավորներ տալով հետ է շպրտվել իր ելման դիրքեր:

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ առավոտյան Ստեփանակերտի բնակիչները լսել են փոխհրաձգության ձայները։ Ասում է՝ մեծ տրամաչափի զենքից կրակոցների ձայներ էին։

«Համարյա 3 տարի շարունակ ասում ենք, որ Արցախում թշնամին քիթ-քթի է, շփման գիծը գրեթե կպած է բնակավայրերին, դա իրողություն է։ Այսինքն՝ համարյա ցանկացած դեպք տեղի է ունենում բնակիչների աչքի առաջ»,- նկատում է արցախցի պատգամավորը։

Թեեւ փոխհրաձգության տեւողությունը չի ֆիքսել, բայց, ասում է, բավական երկար է տեւել։ «Թշնամին այնքան լկտի է, որ միեւնույն է իր համար, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ կա»,- նկատում է պատգամավորը՝ հավելելով, որ բնակիչների շրջանում խուճապային տրամադրություն չկա։

«Այնպիսի սարսափների միջով ենք անցել, որ հիմա գիտակցումը շատ բարձր է, որ դու պիտի չլքես քո տունը, որովհետեւ եթե հարկ լինի, դու պիտի պաշտպանես հենց քո տունը»,- ասում է «Հետքի» զրուցակիցը, ապա շարունակում, որ կողքից նայողին կարող էր թվալ, թե Ստեփանակերտն իր առօրյայով է ապրում, բայց քաղաքում ծանր լռություն է։ «Քաղաքում մեծ տխրություն կա, որովհետեւ նախ զոհվածներն այն մարդիկ են, որոնց գրեթե բոլորն են ճանաչում, չկա մարդ, որ չբնութագրեր նրանց բացառիկ հայ տղամարդու կերպար ունենալը, բարի լինելը, հոգատար լինելը: Շատ ծանր է, եւ այն, որ փաստում են, թե ադրբեջանական կողմը նույնպես զոհեր ունի, միեւնույն է, որեւէ կերպ որեւէ մեկիս չի սփոփում։ Մենք շատ ծանր կորուստ ունենք այսօր։ Դրա գիտակցումն ամենասարսափելին է»,- ավելացնում է Մ. Հակոբյանը։

Հարցին, թե ինչով է պայմանմավորում երեկվա դեպքը, զրուցակիցս պատասխանում է, որ չի կարծում, թե այն նորություն էր կամ պիտի զարմացներ։ Ըստ նրա՝ դա կարող է նույնիսկ նորություն չլինել կամ մանիպուլյացիայի առիթ տալ Հայաստանի իշխանությունների կամ այն մարդկանց համար, որոնք փորձում են մոլորեցնել կամ համոզել, թե թուրքը կամ ադրբեջանցին բարեկամ կամ ընկեր կարող է դառնալ։

«Մենք շատ լավ գիտենք, որ երբեք չի կարող այդպես լինել, որովհետեւ ադրբեջանցին, թուրքը մի մոլուցք ունի՝ սպանել ցանկացած հայի»,- նկատում է Մետաքսե Հակոբյանն ու քննադատում այս պայմաններում «կքած ձեւով խաղաղության» ձգտող իշխանություններին: Պատգամավորը հիշեցնում է, որ մարտի 1-ին Ստեփանակերտի ու Բաքվի միջեւ կայացած հանդիպմանը հաջորդել են սադրանքներ շփման գծի գրեթե ողջ երկայնքով։ Սադրանքներին հաջորդել է ադրբեջանցիների սուտ տեղեկատվությունը, թե իբր հանդիպմանը քննարկվել է Արցախի ինտեգրացիայի հարցը, ինչը հերքել է արցախյան կողմը:

Հանդիպմանը հաջորդած սադրանքներն, ըստ Հակոբյանի, կանխատեսելի էին, քանի որ միշտ ինչ-որ հանդիպումից առաջ, հետո կամ ընթացքում Ադրբեջանը նման գործողությունների է դիմում։ «Սա այն բոլոր ծանր քաղաքական իրադարձությունների հետեւանքն է, որի միջով անցնում ենք հրադադարից հետո, երբ պատշաճ քաղաքականություն չի վարվում թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան իշխանությունների կողմից, ինչի զոհ են դառնում այսպիսի անմեղ նահատակները»,- նշում է «Հետքի» զրուցակիցը։

Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին միջազգային հանրության արձագանքին ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշմանը՝ արցախցի պատգամավորն ասում է. «Դրանք այդպես էլ կմնան կոչեր թղթի վրա անշունչ մի բան, որովհետեւ դրա ե՛ւ շահառուն՝ Արցախի իշխանությունները, ե՛ւ շահագրգիռ կողմը՝ հայաստանյան իշխանությունները, չկարողացան օգտագործել, որեւէ քայլ չարեցին, հակառակը՝ խուսափեցին այն հարթակներից, որտեղ կարելի էր բարձրաձայնել այս հարցը»: Փոխարենը, ըստ Հակոբյանի, Հայաստանի իշխանությունները, որոնք Արցախի անվտանգության երաշխավորն են, սկսեցին այնպիսի արտահայտություններ անել, որ իրենց չի վերաբերում, մի վիճակի հասցրեցին, որ Ալիեւի ասածն իրականություն դառնա, որն ասում է, թե միջազգային հանրության հորդորն առոչինչ է իր համար, ինքն, էթիկայի կանոններից ելնելով, լսում է, առաջ անցնում։

Հարցին, թե ինչ սցենարներ է կանխատեսում առաջիկայում, արցախցի պատգամավորը պատասխանում է, որ դրան ավելի ճիշտ կպատասխանեն քաղաքագետներն ու ռազմական գործիչները։ «Երբ օրը մթնում է, հաջորդ օրը չենք պլանավորում, որովհետեւ չգիտենք՝ առավոտյան մեզ ինչ է սպասվում։ Միակ բանը, որ յուրաքնաչյուրն անում է այստեղ, այնքան զգոն լինելն է, որ իր սեփական երեխային կարողանա պաշտպանել։ Այսօր Արցախում արդեն այդ իրավիճակն է: Արցախում հայերը մեն-մենակ են մնացել իրենց անվտանգային, սոցիալական եւ ընդհանրապես բազում խնդիրներով, յուրաքանչյուրը մտածում է՝ իր լուծելու խնդիրն է։ Կանխատեսում անելու կարիք էլ չկա. քանի դեռ հայաստանյան եւ արցախյան իշխանություններում ղեկավարներն այդ մարդիկ են, մենք այս իրավիճակում ենք լինելու, այլ ելք չենք ունենալու»,- եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter