HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմից հետո Արցախի 251 հազար հա անտառային տարածքը գրեթե կիսով չափ կրճատվել է

Արսեն Ազիբեկյանը, մաքրած ու լվացած կարտոֆիլներով թասը ձեռքին, մտնում է հյուրասենյակ, թեժացնում է վառարանը, կարտոֆիլը շրջանաձև կտրտում է, աղը ցանում վառարանի վրա ու զգուշորեն շարում կարտոֆիլի կտորները։

«Հայաստանից ենք, Նոյեմբերյանից։ 2022 թվականի օգոստոսից ընտանիքով տեղափոխվեցինք Ստեփանակերտ։ Սկզբում ես եկա, վարձով տուն գտա, աշխատանքիս հարցերը կարգավորեցի, հետո կինս ու երեխաներս տեղափոխվեցին»,- պատմում է Արսեն Ազիբեկյանը՝ դանակի ծայրով արագ շրջելով կարտոֆիլի կտորները։

Արսեն Ազիբեկյանը զինծառայող է։ Սեփական դիմումի համաձայն տեղափոխվել է Արցախ։  «Սկզբում շատ դժվար էր։ Ծանոթ կամ բարեկամ չունեինք, լրիվ մենակ էինք։ Միակ մխիթարանքը միասին, իրար հետ լինելն էր»,- ասում է Արսենի կինը՝ Աիդան։

Աիդայի ու Արսենի ավագ որդին՝ Հովհաննեսը, 5 տարեկան է։ Նոյեմբերյանից միայն իր երկտեղանոց մեծ կարմիր ավտոն է կարոտում։ Քրոջ՝ 4 տարեկան Մարիամի հետ ամբողջ օրը հանելուկ (puzzle)-գորգով տնակներ են սարքում տիկնիկների համար։ Հետո Մարիամը պատուհանագոգին շարված, դուրս նայող տիկնիկները բերում, տեղավորում է տնակների մեջ։ Տան ամենակրտսերը՝ Սարգիսը, 9 ամսական է։ Աիդան պատմում է, որ երբ երեկոները լույս չեն ունենում, երաժշտություն է միացնում ու երեխաների հետ սկսում են պարել։ 

Դեկտեմբերին, երբ Ադրբեջանը խափանեց Արցախի գազամատակարարումը, ընտանիքը որոշեց փայտով վառարան դնել։ 

«Մինչ այդ գազով վառարան էինք օգտագործում։ Փայտով վառարանը հիմնականում երեխաների համար դրեցինք»,- նշում է Աիդա Թունյանը։

Ասում է՝ տունը մեծ է, տաքությունը չէր մնում տանը, ստիպված էին տեղափոխվել հյուրասենյակ, որտեղ վառարանն է։ Այստեղ թե ճաշում են, թե խաղում եւ թե քնում։ «Չենք թողնում հանգի, գիշեր-ցերեկ վառում ենք»,- ասում է նա։ Երկու վառարան էին գնել։ Առաջինը, որը ձեռք էին բերել 20 հազար դրամով, փոքր էր, ստիպված էին ավելի մեծը գնել։ 

2023 թվականի փետրվարի 1-ից Արցախի Հանրապետության պետնախարարի հանձնարարականով Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տրամադրվում է վառարան ու վառելափայտ։ Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սամվել Ղուլյանի խոսքով՝ գազամատակարարման վերականգնման դեպքում ընդունվում են միայն չգազիֆիկացված բնակարանների ու բնակելի տների բնակիչների հայտերը։ 

«Ուշ ենք իմացել, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը վառարան ու փայտ է տրամադրում։ Մի քանի օր առաջ ենք փայտի համար դիմում գրել։ Ասացին, որ հերթում 5000-երորդն ենք»,- ասում է Արսեն Ազիբեկյանը։ 

Դիմումի պատասխանին չեն կարող սպասել․ երեխաները փոքր են, իսկ տանը ցուրտ է։ 

«Փայտը գնել ենք, մետրը՝ 20 հազար դրամով։ Երբ գազ չկար, փայտ բերելն էլ էր խնդիր, մեքենա չէր աշխատում։ Զանգում էինք, ասում էին՝ փայտ ունենք, բայց չենք կարողանում բերել։ Այս պահին մի 10 օրվա փայտ ունենք։ Վերջանալու վրա պետք է նորից գնենք։ Կտրած բերում են, էլ կտրելու կարիք չի լինում։ Դրա համար էլ այդքան թանկ է»,- պատմում է Արսեն Ազիբեկյանը։ Փայտը տան պատշգամբում են դասավորել։ 

«Մեկ-մեկ, երբ ամուսինս աշխատանքի է լինում ու ինքս չեմ հասցնում, երեխաներն են բերում փայտը, հավեսով բացում, գցում են վառարանը։ Վառարանը մի կողմից էլ զբաղմունք է մեզ համար, երեխաների համար։ Ոգևորված բերում են փայտը, հետո խնամքով դարսում են դռան կողքի արկղում»,- պատմում է Աիդան։ 

Վախենում են գազով վառարանը նորից դնել։ Աիդան ասում է՝ գազամատակարարումը կարող է ցանկացած պահի խափանվել, եթե ամուսինը աշխատանքի լինի, ինքը միայնակ, երեք երեխաների հետ ոչինչ չի կարողանալու անել, առանց ամուսնու օգնության գնումների էլ չի կարողանում գնալ։ 

«Շաբաթ ու կիրակի օրերին ենք հիմնականում գնումների գնում, երբ ամուսինս տանն է»,- ասում է Աիդան։ 

«Երբ վառարանը դրեցինք, կարտոֆիլ դեռ չունեինք, չէինք հասցրել գնել։ Միշտ ասում էինք՝ երբ ա կարտոշկա լինելու, որ պլեճ անենք։ Անհամբեր սպասում էինք էդ օրվան։ Կարտոֆիլը հենց բերել եմ, առաջինը պլեճ ենք արել»,- պատմում է Արսեն Ազիբեկյանը։ Աիդան կերակուրը հիմնականում վառարանի վրա է պատրաստում։ «Եթե երկար եփվող կերակուր եմ ուզում պատրաստել, շուտ եմ դնում, որ ճաշին կամ ընթրիքին արդեն պատրաստ լինի»,-ասում է նա։ 

Աիդան Գորիսից է։  «Փոքր ժամանակ մենք միշտ վառարան էինք դնում, ինձ համար դա անսովոր բան չի։ Ուղղակի երեք բալիկների հետ միասին մի քիչ դժվար է։ Մերոնք միշտ ասում են՝ արի Հայաստան, բայց ես չեմ ուզում գնամ։ Միտք չունեմ տեղափոխվելու։ Ուզում եմ միասին լինենք, կապ չունի՝ ինչ դժվարություն կլինի, ինչ օրեր կլինեն, կարևորը ընտանիքիս հետ եմ»,- ասում է Աիդա Թունյանը։ Ամուսնու պատրաստած պլեճը վաղուց ափսեի մեջ՝ սեղանին է։ Աիդան կանչում է երեխաներին՝ կարտոֆիլի դեռ տաք կտորներն ուտելու։ 

Ստեփանակերտի բնակիչներին վառարան և փայտ տրամադրելու որոշումը գործելու է մինչև ջեռուցման սեզոնի ավարտը։ Այդ գործընթացն իրականացնում է Արցախի «Ջրային տնտեսություն» ՓԲԸ-ն։ Ընկերությունը վառելափայտը բաժանում է Ստեփանակերտի քաղաքապետարանի հայտերի հիման վրա։ «Քանի որ 2021-2022թթ․ Պատարայի ջրամբարի կառուցման աշխատանքները «Ջրային տնտեսություն» ՓԲԸ-ն էր իրականացնում, կառուցապատման ընթացքում ստիպված ենք եղել նաև անտառային տարածք մաքրել։ Արդյունքում վառելափայտի մոտ 700 խորանարդ մետրի պաշար էր կուտակվել: Սկզբնական շրջանում հենց այս վառելափայտն էլ բաժանվել է բնակիչներին»,- ասում է ՓԲԸ-ի տնօրենը՝ Գեորգի Հայրիյանը։ 

Նրա խոսքով՝ այդ պաշարների սպառվելուց հետո փայտի մթերումը սկսել է անել «Արցախանտառ» ՊՈԱԿ-ը, իսկ «Ջրային տնտեսություն» ՓԲԸ-ն շարունակել է դրանք բաժանել Ստեփանակերտի բնակիչներին։ 

Արցախի անտառային կոմիտեի նախկին նախագահ Արտակ Ներսիսյանի խոսքով՝ դեռ 2021 թվականին արգելվել էր Արցախից վառելափայտի արտահանումը:  «Արցախում մինչև պատերազմը կար 251 հազար հա անտառ, պատերազմից հետո մնացել է մոտ 110 հազար հա։ Սակայն սա հստակ թիվ չէ»,- ասում է կոմիտեի նախկին նախագահը։ Նրա խոսքով՝ եթե անտառահատումները շարունակվեն նույն տեմպով, երկու տարի անց գրեթե բոլոր գյուղերում ոռոգման խնդիր է լինելու, քանի որ անտառահատումներն ուղղակիորեն ազդում են գյուղերում հոսող աղբյուրների վրա։ Անտառը պահում է հողի խոնավությունը` խոչընդոտելով ջրի արագ գոլորշիացմանը, ինչի շնորհիվ գյուղերում ամբողջ ամառ աղբյուրները հոսում են։ 

2021 թվականի ապրիլին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Արցախ կատարած աշխատանքային այցից հետո հայտարարել էր, որ Արցախում 30-35 հա նոր անտառտարածքներ կհիմնվեն, որի շրջանակում 100 հազար անտառային ծառատեսակների տնկիներ կնվիրաբերվեն Արցախին։ Նոր անտառների հիմնումը նախատեսվում էր իրականացնել Մարտակերտի շրջանում։ 

ԱՀ անտառային կոմիտեի նախկին նախագահի խոսքով՝ պայմանավորվածությունն իրականացվել է մասնակիորեն։ «2021 թվականից ի վեր 4500 հատ ընկուզենու տնկի, մոտ 1000 հատ կաղնու տնկի է տրամադրվել Մարտունու շրջանում՝ Մարտունի քաղաքից ոչ հեռու տարածքում ծառատունկ իրականացնելու նպատակով։ Դա իրականացրել ենք Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հետ միասին։ Նա էլ հիմա խնամում է տնկիները։ Մոտ 1000 հատ խնձորենու, ուռենու և ընկուզենու տնկիներ էլ տրամադրվել է Քոլատակի և Քյաթուկի անտառպետությանը»,- նշում է Արտակ Ներսիսյանը։ 

Կոմիտեի նախաձեռնությամբ 2022 թվականի աշնանը Արցախի պետական անտառային ֆոնդից 1200 տնկի հանվել է եւ վերատնկվել Դահրազ գյուղի մոտակայքում։

Կոմիտեի նախկին նախագահը միաժամանակ նշում է, որ պատերազմի հետևանքով Արցախում կան վնասված անտառներ։ «Խոսքը, մասնավորապես, Հաթերքի անտառպետության մասին է, որտեղ ունենք ֆոսֆորից վնասված տարածք։ Պետք է հանձնաժողով ստեղծեինք, հասկանայինք՝ ինչքան տարածքի մասին է խոսքը։ Կարելի էր վնասված անտառը հատել, առողջը թողնել, բայց աշխատանքը կիսատ է մնացել։ 2022 թվականի հունվարին էինք արել այդ քննարկումները, իսկ 2022-ի մարտին ազատվել եմ «Արցախանտառի» տնօրենի պաշտոնից»,- ասում է նա։ 

Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանի խոսքով՝ վնասված տարածքը դեռևս չի հետազոտվել ու չի չափագրվել։ «Կոնկրետ չգիտենք՝ ինչքան տարածքի մասին է խոսքը, սակայն ահռելի մեծ չափերի հետ ենք գործ ունենալու։ Վնասված տարածքը գյուղից մոտ 10 կմ է հեռու։ Գյուղացիներին արգելել ենք մոտենալ այդ տարածքներին։ Խնդիրը ոչ միայն այրված անտառն է․ նույնիսկ մի մասն արդեն ինքնավերականգնված կլինի։ Պատերազմի ժամանակ այդ ուղղությամբ թշնամու արկերի հարվածներ են եղել, հնարավոր է՝ չպայթած արկեր լինեն։ 2021 թվականին «The HALO Trust» կազմակերպության աշխատողները գյուղ էին եկել լրիվ ուրիշ հարցով։ Պատմել էի խնդրի մասին, ասացին՝ մի ուրիշ անգամ կգան այդ հարցով, բայց չեկան։ Տարածքը մինչև հիմա չի ստուգվել»,- պատմում է գյուղապետը։ Նրա խոսքով՝ վնասված տարածքում հիմնականում բոխի, հաճարենի ու հացենի է աճել։ 

«Արցախանտառ» ՊՈԱԿ-ի ներկայիս տնօրեն Մհեր Ասրյանի խոսքով՝ իր նշանակման ժամանակ որևէ ընթացքավորված ծրագիր չի եղել, ինչպես նաև՝ ընկերությունը ծառատունկ կազմակերպելու ծրագիր չի ունեցել և այս պահին էլ չունի։ «Ավելի շատ պետք է անտառներին թույլ տալ՝ ինքնավերականգնվեն և անտառահատումները ճիշտ կազմակերպել։ Անտառում ծառատունկ կազմակերպելը միաժամանակ մեծ ծախս է։ Ծառը պետք է տնկվի, պետք է խնամել, պետք է ջրել, պաշտպանել անասուններից։ Մեր կլիմայական պայմաններում դա բավականին բարդ է»,- ասում է տնօրենը։ 

«Հետքը» «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին միաժամանակ հարցրել էր, թե ինչքա՞ն անտառ է հատվել պատերազմից հետո՝ ըստ տարիների և ըստ շրջանների, դրանից ինչքա՞նն է կտրվել որպես վառելափայտ, ինչքանը՝ գործափայտ, որքա՞ն վնաս է հասցվել Արցախի կենդանական և բուսական աշխարհին, որքա՞ն անտառ է վնասվել պատերազմի ընթացքում հրդեհների հետևանքով և այլն։ Փետրվարի 23-ին ուղարկված գրավոր հարցմանը ՊՈԱԿ-ը մինչ օրս չի պատասխանել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter