HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը Բախմուտում 5 անգամ ավելի շատ կորուստ է ունեցել, քան Ուկրաինան. ՆԱՏՕ-ի հետախուզություն

ՆԱՏՕ-ի հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերը Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի համար մարտերի ժամանակ կորցրել են հինգ անգամ ավելի շատ զինծառայող, քան Ուկրաինան։ Այդ մասին CNN-ին անանունության պայմաններում պատմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական պաշտոնյաներից մեկը։

Հեռուստաընկերության աղբյուրը չի նշել կողմերից յուրաքանչյուրի կորուստների մասին։ Ընդ որում, պարբերականի աղբյուրի պնդմամբ, չնայած այդպիսի հարաբերակցությանը, Ուկրաինան կրում է էական կորուստներ՝ պաշտպանելով Բախմուտը։

Այս տարվա հունվարին Der Spiegel-ը հայտնել էր, որ, գերմանական հետախուզության տվյալներով, ուկրաինական բանակն ամեն օր այդ քաղաքի համար մղվող մարտերի ժամանակ կորցնում է եռանիշ թվով զինվորներ։

Ինչպես փոխանցում է CNN-ը, ուկրաինացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Բախմուտի համար մարտերի ժամանակ ուկրաինական կողմը ռուսական զինուժին հասցնում է էական վնաս։ Հեռուստաընկերությունը ներկայացնում է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկու խոսքերն այն մասին, որ ճակատի այս հատվածում Ուկրաինայի զինուժը «նվազեցրել է հակառակորդի հարձակողական պոտենցիալը»։ Վերջինս մարտի 5-ին ժամանել էր Բախմուտ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի 376-րդ օրն ամփոփող իր տեսաուղերձում, մեկնաբանելով Բախմուտի պաշտպանությունը շարունակելու որոշումը, հայտարարել է, որ քաղաքը «տալիս է պատերազմի ողջ ընթացքի ամենամեծ արդյունքներից մեկը»։

Բախմուտի համար ծանր մարտերը շարունակվում են 2022 թվականի հուլիսից։ Ռուսական կողմից դրան մասնակցում են Վագների վարձկանները, որոնց շարքում կռվում են նաև հավաքագրված բանտարկյալներ։ 2023 թվականի մարտի սկզբին այս կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ Բախմուտը «փաստացի շրջափակված է» և ուկրաինական բանակին առաջարկել էր լքել քաղաքը։

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի համար կարևոր է Բախմուտի պաշտպանությունը, բայց ոչ ամեն գնով։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը կշարունակեն մարտնչել ճակատի այդ գծում, քանի դեռ դա խելամիտ է։ Նախագահի գրասենյակում հավանական էին համարել, որ ուկրաինական բանակը կարող է Բախմուտից «ռազմավարական նահանջ» ունենալ։ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի ռազմական փորձագետները մարտի սկզբին հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերը Բախմուտի որոշ շրջաններից պատրաստվում են հետ քաշել զորքերը՝ պայթեցնելով կամուրջները։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter