HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բախումներ ոստիկանության հետ, սև օր վրացական ժողովրդավարության համար. ինչու է իրավիճակն անհանգիստ Վրաստանում

Վրաստանում այս գիշեր իրավիճակը խիստ լարված է եղել։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Թբիլիսիի փողոցներ իրենց դժգոհությունն արտահայտելու խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախագծերի մեկի վերաբերյալ։ Խոսքը, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների» օրենսդրական նախագծի մասին է, որը դարձել է վերջին շաբաթներին վրացական ներքաղաքական դաշտի անկայունության հիմնական պատճառը։ Առաջին ընթերցմամբ նախագծին կողմ է քվեարկել խորհրդարանի 76 պատգամավոր, դեմ՝ 13-ը։ 

Թբիլիսիում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել հազարավոր ցուցարարներին ցրելու համար, որոնք հավաքվել էին Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի մոտ։ Վրաստանին ՆԳՆ-ն հայտարարել է, որ բողոքի ակցիան «դարձել էր բռնի»։

Վրացական հեռուստատեսության տարածած կադրերում երևում է, թե ինչպես են ցուցարարները փակում Ռուսթավելի պողոտան, իսկ ոստիկանությունը նրանց դեմ կիրառում է ջրցան մեքենաներ։ Ցուցարաները պարզել էին Վրաստանի և Եվրամիության դրոշները։

Բախումները շարունակվել են մինչև ուշ գիշեր։ Ավելի ուշ, ոստիկանությունը կարողացել է ցուցարարներին հետ մղել խորհրդարանի շենքի մոտից։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ինչպես ոստիկանների, այնպես էլ ցուցարարների շրջանում կան տուժածներ, նրանց թիվը դեռևս չի նշվում։ Mtavari Arkhi հեռուստատեսության փոխանցմամբ՝ բերման ենթարկված ցուցարաների թիվը մի քանի տասնյակ է։

Վրաստանի ՆԳՆ պնդմամբ՝ ցուցարաները փորձել են մտնել խորհրդարանի շենք, արգելափակել խորհրդարանի շենքի մուտքերից մեկը ու «բռնություն կիրառել նախարարության աշխատակիցների նկատմամբ»։ Վրացական ընդդիմությունը պնդում է, որ բողոքի ցույցը խաղաղ է եղել։ Կադրերում երևում են, որ ոստիկանությունը կիրառել է նաև լուսաձայնային նռնակներ։ Ցուցարարներն էլ, իրենց հերթին, ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, քարեր, Մոլոտովի կոկտեյլներ:

Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, գիշերը խորհրդարանի միջանցքներում «աղմուկ և լեզվակռիվ է եղել»։ Ընդդիմադիր պատգամավորները պահանջել են հանդիպում խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։

«Օտարերկրյա գործակալները» ներքաղաքական լարվածության պատճառ

Վրացական խորհրդարանի մոտ բողոքի ակցիան սկսվել էր այն բանից հետո, երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր սկանդալային օրենսդրական մի նախագիծ, որը բավականին նման է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքին։ 

«Ժողովրդի ուժ» պատգամավորական շարժման նախաձեռնությամբ առաջ քաշված այս օրենսդրական նախագիծը նախատեսում է «օտարերկրյա ազդեցության գործակալների» ռեեստրի ստեղծում։ Այդպիսի գործակալներ «կարող են դառնալ այն հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, որոնց տարեկան եկամուտների ավելի քան 20 %-ն արտասահմանյան ֆինանսավորումներից է գոյանում»։ Ընդորում, այս նախագիծը չի տարածվի այն կազմակերպությունների վրա, որոնք հիմնադրվել են կառավարական մարմինների կողմից, ինչպես նաև սպորտային ֆեդերացիաների։ 

«Օտարերկրյա գործակալ» ճանաչված կազմակերպությունները ամեն տարի ստիպված կլինեն ներկայացնել ֆինանսական հայտարարագիր։ Բոլոր նրանց, որոնք կփորձեն խուսափել որպես «գործակալ» գրանցվելուց կամ չեն ներկայացնի հայտարարագիր, սպառնում է 25 հազար լարիի չափով (մոտ 9,5 հազար դոլար) տուգանք։

Վրաստանի արդարադատության նախարարությունը «օտարերկրյա ազդեցության գործակալների» հայտնաբերման և օրենքի պահանջների կատարման համար իրավունք կունենա անցկացնելու մշտադիտարկում, իսկ պաշտոնյան, որը լիազորված կլինի անցկացնել այդ մոնիթորինգը, ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը, այդ թվում անձնական տվյալները։

«Այս օրենքի ընդունումն էականորեն կբարձրացնի հանրության իրազեկվածության որակը, ինչը կօգնի մարդկանց ճիշտ որոշման ընդունման մեջ»,- խորհրդարանում օրենսդրական նախագիծը ներկայացնելուց առաջ հայտարարել է խորհրդարանի պատգամավոր Գուրամ Մաչարաշվիլին։ Նա պնդել է, որ օրենսդրական նախագիծը հիմնականում վերցված է ամերիկյան FARA օրենքից և մշակվել է՝ «հաշվի առնելով ժողովրդավարական երկրների լավագույն պրակտիկաները»։ Ընդդիմադիրները, սակայն, պնդում են, որ այս օրենքը ռուսական համանման օրենքի վերարտադրությունն է Վրաստանում։

Վրաստանի նախագահը պատրաստվում է վետո կիրառել օրենքի նկատմամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, պաշտոնական այցով գտնվելով Միացյալ Նահանգներում, ուղերձով դիմել է Ռուսթավելի պողոտայում գտնվող ցուցարարներին՝ իր աջակցությունը հայտնելով նրանց։ Ընդորում, տեանյութում Զուրաբիշվիլիի թիկունքում եղել է Նյու Յորքի Ազատության արձանը։

«Ես առաջին օրից ասել եմ, որ վետո կկիրառեմ այս օրենքի վրա, և ես դա կանեմ։ Ինձ չի մտահոգում դրա մշտական քննարկումը, ինձ չի անհանգստացնում դրա համընկնումը ամերիկյան ինչ-որ հնացած օրենքի հետ, որը, մենք շատ լավ գիտենք, որ լրիվ այլ նպատակների է ծառայում»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։ 

Այդուհանդերձ, Վրաստանի նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են, և ցանկացած պարագայում իշխող կուսակցությունը խորհրդարանում բավարար ձայներ ունի, որպեսզի շրջանցի նախագահական վետոն։

Սև օր վրացական ժողովրդավարության համար

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ մարտի 7-ը «սև օր է վրացական ժողովրդավարության համար»։ «Վրաստանի խորհրդարանի կողմից Կրեմլից ներշնչված օրենքների քննարկումը չեն համապատասխանում եվրոպական ինտեգրմանն ու ժողովրդավարական զարգացմանն այդ երկրի ձգտմանը։ Օրենքի ընդունումը վնաս կհասցնի իր ռազմավարական գործընկերների հետ Վրաստանի հարաբերություններին և կբարդացնի կազմակերպությունների աշխատանքը, որոնք օգնում են իրենց համաքաղաքացիներին (երկրի ներսում)։ Օրենքի նախագիծը և դրա ակտիվ քննարկումը կասկածի տակ են դնում իշխող կուսակցության՝ եվրատլանտյան ինտեգրման պատրաստակամությանը»,- հայտարարել է ամերիկյան դեսպանությունը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ հայտարարել է, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հակասում է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության ձգտմանը։ «Դա իրադարձությունների շատ վատ զարգացում է Վրաստանի և նրա ժողովրդի համար։ Օրենքն իր ներկայիս տեսքով վտանգում է բացասական հետևանքներով զսպող ազդեցություն ունենալ քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների վրա՝  դրանց աշխատանքից օգուտ ստացող շատ վրացիների համար։ Այս օրենքը անհամատեղելի է ԵՄ արժեքների և չափանիշների հետ։ Այն հակասում է Եվրոպական միությանն անդամակցելու Վրաստանի հայտարարված նպատակին, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը։ Դրա վերջնական ընդունումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մեր հարաբերությունների վրա»,- ասված է եվրոպացի դիվանագետի հայտարարության մեջ։

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենսդրական նախագծի երկորդ ընթերցմամբ քվեարկությունը նշանակված է մարտի 9-ին։ Օրենսդրական նախագիծը կարող է որոշակի փոփոխություններ կրել խորհրդարանում վաղը նախատեսվող լսումների ժամանակ, սակայն իրավապաշտպանների ու ընդդիմադիրների կարծիքով, ոչ միայն դրա ընդունումը, այլև խորհրդարանում նմանատիպ նախաձեռնության քննարկումը ստվեր է գցում Վրաստանի՝ նույնիսկ Սահմանադրությամբ ամրագրված եվրաինտեգրման ուղուն։

Ընդդիմությունը հայտարարել է մարտի 8-ին Թբիլիսիում նոր ցույցի մասին։ Ընդդիմադիր «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն հայտարարել է, որ ցուցարարները դարձյալ կհավաքվեն Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքին հարակից հրապարակում։

Լուսանկարը՝ Meduza-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter